Իրավական 

Ուրիշի անձնագրով ձեռք է բերել բջջային հեռախոս և հրաժարվել կատարել վճարումներ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ուրիշի անձնագրով տարաժամկետ վճարման կարգով բջջային հեռախոս ձեռք բերելու և խարդախությամբ դրան տիրանալու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մայիսի 19-ին Երևանի բնակիչ Մ.Հակոբյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանության բաժին, որ տարիներ առաջ կորցրած իր անձնագրով անհայտ անձը կատարել է գործարք։ Մասնավորապես՝ անձը անձնագրում փոխել է լուսանկարը՝ փակցնելով իրենը, և բջջային օպերատորներից մեկի խանութից ձեռք է բերել նոր բջջային հեռախոս` տարաժամկետ վճարման կարգով, սակայն վճարումները չի կատարել։ Մ.Հակոբյանը նշված գործարքի մասին տեղեկացել է, երբ ընկերությունը վճարումները չկատարելու համար դիմել է դատարան, և ինքը դատարանից ծանուցագիր է ստացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը):

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ընկերությունից ստացել է անհայտ քաղաքացու կողմից ներկայացված Մ.Հակոբյանի անձնագրի պատճենը, որտեղ փակցված է եղել այլ լուսանկար:

Նույն շարքից