Գլխավոր Հարցազրույց Մամուլի տեսություն Քաղաքականություն 

Ռուսաստանն իրեն պահում է ոչ թե ռազմավարական դաշնակցի, այլ ռազմական թշնամու նման. Ստյոպա Սաֆարյան. «Անալիտիկ» շաբաթաթերթ

analitik.am

Հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ հարաբերությունների եվ դրանց վրա ՌԴ ունեցած ազդեցության, ինչպես նաեվ այլ կարեվոր հարցերի շուրջ  զրույց «Միջազգային եվ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ:

Ի՞նչ ենթատեքստ ունեն հաճախակի դարձած հայ-ռուսական փոխայցելությունները

Վերջին շրջանում բարձր մակարդակով հայ-ռուսական փոխայցելությունները նկատելիորեն շատացել են: Հոկտեմբերի 30-ին Հայաստանում էր գտնվում ՌԴ պառլամենտի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Այցի առիթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովին մասնակցելն էր, սակայն Մատվիենկոն հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Դրան, փաստորեն, հաջորդեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, որի շրջանակում հանդիպումներ եղան թե՛ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ուշագրավ է, որ հենց Երեւանում Լավրովը Նալբանդյանին հրավիրեց Մոսկվա, եւ կասկած լինել չի կարող, որ այդ այցը տեղի է ունենալու մոտ ապագայում: Ինչպես արդեն տեղեկացվել է,  դեկտեմբերի երկրորդ կեսին Հայաստան կայցելի նաեւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նման մակարդակի այցերի խտությունը ինքնանպատակ կամ զուտ պատահական համընկնման արդյունք լինել չի կարող: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ակնհայտորեն ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում, որոնք առայժմ հրապարակման ենթակա չեն: Հարցն այն է, թե  ինչ գործընթացի մասին է խոսքը, եւ ինչու էր իրականում Լավրովը եկել Հայաստան:

Ստացվում է, որ  ինչ-որ գործընթա՞ց է տեղի ունենում կամ ինչ-որ խնդիր կա՞:

Իհարկե,  Ռուսաստանի համար միշտ էլ խնդիր եղել եւ մնում է ոչ միայն Հայաստանի, այլեւ հետխորհրդային նորանկախ երկրների ինքնիշխանությունը: Ռուսաստանն իր քաղաքականությունն արդեն բարձրացրել է այնպիսի մակարդակի, որ առանց նրա թույլտվության կամ նրա համաձայնության անթույլատրելի է համարվում այդ երկրների հարաբերություններն աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ,  մասնավորապես այն կենտրոնների, որոնց հետ նրա դիմակայությունն այժմ գագաթնակետին է հասնում: Խոսքն Արեւմուտքի մասին է: Հետեւաբար, եթե ԵՏՄ-ին անդամակցելուց անգամ մեկ տարի անց մենք ունենում ենք նման բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հեղեղ, նշանակում է Ռուսաստանը շարունակում է Հայաստանի իշխանությունը հանուն իր քաղաքականության խեղդելու գործընթացը:

Նույն շարքից