Գլխավոր Հարցազրույց Տնտեսություն 

Գնումների աջակցման կենտրոնը դարձել է ՀՀ կառավարության աշխատակազմի ՊՈԱԿ. կենտրոնի գործունեության մեջ փոփոխություններ կան

analitik.am

Գնումների աջակցման կենտրոնի գործունեության, դրանում կատարված փոփոխությունների, նոր նախաձեռնությունների ու այլ հարցերի շուրջ զրուցեցինք Գնումների աջակցման և իրավական խորհրդատվության վարչության պետ Հասմիկ Ենգոյանի հետ.

-Տիկին Ենգոյան, Գնումների աջակցման կենտրոնի կանոնադրության մեջ որևէ փոփոխություն կատարվե՞լ է այս տարի:

-Ասեմ, որ Կենտրոնի կանոնադրության մեջ փոփոխություն չի արվել, սակայն փոփոխություններ կան ու կլինեն՝ Կենտրոնի գործունեության իրականացման եղանակների և մեթոդների հետ կապված: Մասնավորապես՝ 2015թ.-ի հունվար ամսից Գնումների աջակցման կենտրոնը դարձավ ՀՀ կառավարության աշխատակազմի ՊՈԱԿ: Արդյունքում կառավարության նախաձեռնությամբ Կենտրոնն իր բոլոր ուղղություններով մշակեց նոր ռազմավարության ծրագիր՝ նախատեսելով գործունեության կատարելագործման միջոցառումներ:

Կոնկրետ իրավաբանական վարչությունը ներկայացրեց մի քանի ուղղություններով կատարելագործման նախագծեր: Առաջինը Կենտրոնի «Թեժ գիծ» ծառայության, այսինքն՝ արագ արձագանքման հնարավորության ու ծագած խնդրի օպերատիվ լուծման հետ է կապված: Դա արվում է էլեկտրոնային համակարգով, այսինքն՝ զանգ է կատարվում Կենտրոն, ահազանգողի հարցն արձանագրում է, ապա դրան ընթացք է տրվում, և եթե առկա է օրենսդրական խախտում, այդ խախտումը շատ օպերատիվ կերպով հնարավոր է լինում լուծել՝ առանց գրավոր բողոք ներկայացնելու Գնումների բողոքարկման խորհրդին: Մեր արագ արձագանքման էլեկտրոնային համակարգը բավական հնացած էր, այսինքն՝ ունեինք ընդամենը մեկ համակարգիչ՝ առանց որևէ լուրջ ծրագրի, որն ուղղակի բոլոր զանգերը ձայնագրում էր: Ընդ որում՝ օրվա ընթացքում մենք ահազանգերից բացի, այլ զանգեր էլ ենք ստանում, որոնք ահազանգ չեն իրականում, այլ Կենտրոնի հետ կապված ընթացիկ հարցերի պարզաբանումներ են: Այսինքն՝ մենք օրվա  ընթացքում ահռելի քանակի «սպամ» զանգեր ենք ունենում, իսկ այս նոր ներդրվող համակարգը կկարողանա տարբերակել սովորական զանգն ահազանգից և արխիվացնել դրանք՝ ըստ տեսակների: Դրա շնորհիվ ձայնը կվերածվի նաև ինֆորմացիայի ու կդառնա նաև տեղեկատվական բազա:

Մյուս փոփոխությունը կապված է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի գործունեության կատարելագործման հետ: Ներդրել ենք խորհրդի բոլոր նիստերի առցանց հեռարձակման համակարգ ուղիղ եթերով, և այդ տեսանյութերը հետագայում նաև արխիվացվում են. «e-gov.am» կայքում տեղադրված են նիստերը՝ ըստ ժամերի և ըստ օրերի: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ աշխարհում չկա նման նախադեպ, որ գնումների դաշտում վեճեր քննող որևէ մարմնի նիստերը հեռարձակվեն ուղիղ եթերով: Իհարկե, պետական գաղտնիք պարունակող գնումների վերաբերյալ բողոքների քննության առցանց հեռարձակման մասով կան բացառու­թյուն­ներ, ավելին՝ այդ նիստերին մասնակցում են միայն նրանք, ովքեր գաղտնի փաստաթղթերի հետ առնչվելու իրավունք ունեն:

Մեկ այլ դրական նախաձեռնություն էլ կա, որ իրականացնելու ենք. հունվարի 1-ից էականորեն իջեցնելու ենք մեր կողմից մատուցվող ծառայությունների սակագները, որպեսզի մարդկանց համար դրանք շատ մատչելի դառնան, ու գնումների մասնակիցները՝ տնտեսվարող սուբյեկտները, կարողանան օգտվել: Ավելին, Կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ցանկում նախատեսվել են այնպիսի ծառայություններ, որոնք ավելի նեղ մասնագիտական վերապատրաստման հնարավորություն կընձեռեն մասնակիցներին:

-Իսկ նախորդ տարիների համեմատ՝ ինչպե՞ս եք գնահատում կազմակերպությունների տեղեկացվածության մակարդակը:

-Տեղեկացվածության մակարդակը միանշանակ ավելի բարձր է, քան նախորդ տարիներին: Դրա մասին վկայում է թե՛ մեր թեժ գծի ահազանգերի ավելացումը, ընդ որում՝ մեզ դիմող նոր մասնակիցներ են ի հայտ գալիս, և թե՛ բողոքարկման թիվն է ավելանում: Ենթադրում եմ՝ դա կարող է խոսել այն մասին, որ տեղեկացվածության մակարդակն ավելի է աճել, առավել ևս, որ հիմա էլ առցանց հեռարձակվում են նիստերը, այսինքն՝ ավելի է հանրայնացվել: Բայց մենք գտնում ենք նաև, որ դեռ բավարար մակարդակի չէ տեղեկացվածությունը: Մենք հիմա կոնկրետ այդ ուղղությամբ բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսել, որ պետք է  իրականացվի հենց տեղեկացվածությունը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես՝ Կենտրո­նի կայք ունենալու և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու ներկայիս ամենա­արդյու­նավետ ձևին անցնելը, ինչպես նաև ՀՀ գնումների բողոքարկման խորհրդին դիմելու կարգի վերաբերյալ գրքույկների պատրաստումը և այլն:

-Հայտնի է, որ Գնումների աջակցման կենտրոնը հանդես է գալիս որպես գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարություն. կազմակերպում է խորհրդի աշխատանքները, գնահատում է ստացված բողոք-դիմումների ամբողջականությունը և խորհրդին եզրակացություն է ներկայացնում յուրաքանչյուր բողոքի վերաբերյալ: Հետաքրքիր է՝ Գնումների բողոքարկման խորհուրդը որքանո՞վ է անկախ Գնումների աջակցման կենտրոնից: 

-Ներկայումս գնումների մասին ՀՀ օրենս­դրությունը նախատեսում է մի շարք երաշխիքներ` Խորհրդի անկախությունն ապահովելու համար:  Մասնավորապես՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդն անշահախնդիր և անկախ քննություն իրականացնող միավոր է, որը շահագրգռված չէ կոնկրետ գնումների գործընթացի արդյունքներով, և իրենց պարտականությունների ու իրավունքների կատարման ժամանակ խորհրդի անդամները պաշտպանված են արտաքին ազդեցություններից:

Նույն հոդվածը սահմանում է, որ Խորհրդի անդամները բողոքներն ուսումնասիրում են պատշաճ և անաչառորեն: Խորհուրդը և խորհրդի անդամները նույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականաց­նելիս անկախ են գնման գործընթացի մասնակիցներից, այդ թվում` պատվիրատու­ներից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնյաներից:

Նույն օրենքի 47-րդ հոդվածը նախատեսում է խորհրդի ինքնաբացարկի ինստիտուտը, մասնավորապես  ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող խորհրդի անդամներն ինքնաբացարկ են հայտնում տվյալ ընթացակարգից, հակառակ դեպքում նրանց բացարկ է հայտնում հանձնաժողովի նախագահը:

Կարծում ենք, որ ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անկախությանը մեծապես նպաստում է նաև  գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված խորհրդի ձևավորման կարգը: Մասնավորապես, բողոքարկման խորհրդի կազմում թեկնածուն ընդգրկվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացությունը գնահատվելուց հետո, եթե վերջինս ունի բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական գործունեության փորձ: Ըստ որում, գնահա­տումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարա­րությունը` թեստավորման միջոցով: Իսկ ստացված յուրաքանչյուր բողոքը քննելու համար խորհրդի անդամներից ձևավորվում է երեք անձից բաղկացած հանձնաժողով: Յուրաքանչյուր դեպքում հանձնաժողովի կազմի ընտրությունը կատարվում է ռոտացիոն կարգով` պատահական ընտրությամբ:

Ինչ վերաբերում է մեր ու Խորհրդի փոխհարաբերություններին, ապա շատ հաճախ նույնականացնում են Գնումների աջակցման կենտրոնն ու Գնումների բողոքարկման խորհուրդը, բայց դրանք լրիվ տարբեր կառույցներ են: Գնումների աջակցման կենտրոնը ՊՈԱԿ է, ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդը՝ արտադա­տական կարգով բողոք քննող անկախ մարմին: Մենք ընդամենը նրա քարտուղա­րությունն ենք իրականացնում: Ի՞նչ է մտնում մեր քարտուղարության ֆունկցիայի մեջ: Բողոքը գալիս է, մենք այդ բողոքն արտաքին տեսքով գնահատում ենք՝ արդյո՞ք բողոքը համապա­տասխանում է օրենքի չափանիշներին, թե՞ ոչ: Այսինքն՝ արդյո՞ք առկա է դիմումա­տուի անունը, պատասխանողի անունը, բողոքի առարկան, ծածկագիրը, հասցեները, պահանջ ձևակերպվա՞ծ է, տուրքի վճարման անդորագիրը առկա՞ է: Երբ բողոքը համապատասխանում է տվյալ չափանիշներին, մենք դրան ընթացք ենք տալիս, հայտարարություն ենք կազմում և ուղարկում հանձնաժողովին:

-Ինչպես ինքներդ էլ նշեցիք, Գնումների աջակցման կենտրոնը վերապատրաստում է իրականացնում, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն: Մի փոքր կմանրամասնե՞ք, թե ինչպես է տեղի ունենում այդ գործընթացը:

 -Վերապատրաստումն իրականացվում է երկու եղանակով՝ պատվիրատուներին անվճար, իսկ մասնակիցներին և այլ անձանց` վճարովի: Պատվիրատուները՝ որակավորված մասնագետները, երեք տարին մեկ անգամ՝ երկու օրով, գալիս են վերապատրաստման դասընթացի: Դա իրականացվում է պետական մարմինների կողմից պատրաստված հայտերի հիման վրա, նախօրոք ձևավորվում են խմբեր, ունենք ծրագիր, լսարանային մեծ հագեցվածություն, այդ թվում՝ էլեկտրոնային ուսուցման եղանակներով:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք Կենտրոնի կողմից տարվող աշխատանքների արդյունավետությունը:

 -Ամենակարևոր և շոշափելի հաջողությունները մեր աշխատանքում ուղիղ համեմատական են հասարակության, մասնավորապես՝ գնման մասնակիցների հավատի բարձրացմանը Կենտրոենի նկատմամբ: Վերջին ժամանակներում ակնհայտ են «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված ահազանգերի քանակի ավելացումը, ինչպես նաև ահազանգողների կողմից Կենտրոնին ուղղված գրավոր շնորհակալագրերի թվաքանակի ավելացումը: Կարծում ենք, որ Կենտրոնի աշխատանքի որակի բարձրացման ինքնատիպ գահատական է մասնակիցների հավատի և վստահության ամրապնդումը «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի նկատմամբ:

Աստղիկ Իսկանդարյան

Նույն շարքից