Հասարակություն Հարցազրույց 

  Սուրբ Վալենտինը թող տոնեն այն երկրներում, որտեղ ընդունում են այս սրբին. Տեր Դավիթ քահանա Սահակյան

analitik.am

Այսօր հայոց եկեղեցին տոնում է սիրո արագահաս բարեխոս  Սուրբ Սարգիս զորավարի տոնը:  Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Մեր երկրում  ոմանք նախընտրությունը տալիս են Վալենտինի օրվան, այսինքն՝ ավելի ջերմորեն  նշում են հենց այդ տոնը, քան Սուրբ Սարգսի հիշատակության օրը: Արժե՞  նշել այդ տոնն այն դեպքում, երբ հայոց տոնացույցում կա այս գեղեցիկ տոնը՝ իր զարմանալի ու գեղեցիկ ավանդույթներով: Այս հարցի մասին մեր թղթակիցը զրուցել է տեր Դավիթ քահանա Սահակյանի հետ:

-Տե՛ր հայր, Հայ առաքելական եկեղեցին բազմիցս հորդորում է՝ ջերմորեն նշել Ս. Սարգիս զորավարի տոնը և չպրոպագանդել Վալենտինի տոնը: Ի՞նչ եք կարծում, վերջին տարիներին հայ երիտասարդներն անսացի՞ն այդ հորդորներին:

-Եթե մենք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ ենք, ապա պետք է նշենք միայն Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է նաև երիտասարդների օրհնության օր: Այսօր որ քայլում էինք Երևանի փողոցներով դեպի սիրահարների այգի,  զգում էինք, որ երիտասարդներն արդեն սիրում են այս տոնը: Դուք պետք է տեսնեիք, թե որքան ոգևորված ու ուրախ էին նրանք:  Սուրբ Վալենտինը թող տոնեն այն երկրներում, որտեղ ընդունում են այս սրբին:Մենք ունենք մերը, ինչու՞ պիտի տոնենք Վալենտինի օրը: Պետք է այդ տոնին նախապատմություն չտանք ու չպրոպագանդենք այն:  Հարկավոր է արմատախիլ անել այդ երևույթը: Մենք ունենք գեղեցիկ տոն: Եկե՛ք տոնենք մեր տոնը:

-Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը հայ ընտանիքներում աղի բլիթ են պատրաստում: Այս ավանդույթն մեր եկեղեցին ընդունու՞մ է:

-Այս տոնի կետ  կապված են բավականին գեղեցիկ ավանդույթներ, որոնցից մեկը աղի բլիթ պատրաստելու ավանդույթն է: Կան եկեղեցական տոնակատարություններ: Բայղ աղի բլիթի ավանդույթը ժողովրդական է, ոչ թե եկեղեցական: Ըստ ավանդույթի՝ այդ բլիթները պետք է պատրաստի այրի կին: Երիտասարդները պետք է ճաշակեն այն, քնեն ծարավ՝ հուսալով, որ իրենց երազում կտեսնեն իրենց ընտրյալներին: Հայոց եկեղեցին դեմ չէ այդ ավանդույթին, բայց մենք ոչ թե աղի բլիթն ենք օրհնում, այլ մարդուն: Եկեղեցին անձին է օրհնում: Մենք մարդուն օրհնում ենք, որ վերջինս հավատով լցվի՝ գուցե նա  երազում տեսնի իր ընտրյալին... Եվ,  իհարկե, օրհնության բուն նպատակն այն է, որ մեր երիտասարդները երջանիկ լինեն սիրո հարցում:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից