Հոգեբանի անկյուն 

Ին՞չ է Ես-կոնցեպցիան

analitik.am

Մարդը գործում է ոչ միայն հանուն որոշակի նպատակների, այլև գիտակցում է իրեն որպես գործող անձ, առանձնացնում է իրեն իր գործունեության  գործընթացից և արդյունքներից: Միևնույն ժամանակ մարդը հիշում է իր անցյալը և գիտի, որ դա իր անցյալն է , և ոչ թե մեկ ուրիշինը, նույն կերպ նա գիտակցում է իր ներկան և կանխատեսում ապագան: Նա գիտակցում է  այն, որ ինքը տարբերվում է բոլոր մյուս մարդկանցից և անկրկնելի է:  Սա իրականանում է ինքնագիտակցության միջոցով: Որոշ գիտնականներ կարծում են,   որ   ինքնագիտակցությունը գիտակցության այն մակարդակն է, որում Ես-ը գիտակցում է ինքն իրեն և անջատում շրջակա միջավայրից: Ըստ Ա. Գ. Սպիրկինի, սխալ է այն տեսակետը, թե ինքնագիտակցությունը    գիտակցության բարձրագույն ձևն է կամ նրա բաադրիչներից մեկը: Այն հասարակայնորեն զարգացած մարդու գիտակցության անբաժան կողմն է:


Ինքնագիտակցությունը և   գիտակցությունը ունեն մեկ կրող` մարդը, և մեկ օրգան` մարդկային ուղեղը: Եթե գիտակցությունը շրջապատող աշխարհում կողմնորոշվելու անհրաժեշտ պայմանն է, ապա     ինքնագիտակցությունը   սեփական անձի մեջ կողմնորոշվելու  նախապայմանն է:


Ինքնագիտակցությամբ և ինքնաճանաչողությամբ օժտված է միայն մարդը, որն  իր       ինքնագիտակցության մեջ գիտակցում է իրեն որպես գիտակցության, շփման, գործունեության սուբյեկտ, և  նրա մեջ ձևավորվում է որոշակի վերաբերմունք իր նկատմամբ: Ինքնագիտակցությունը ուղղված է մարդու կողմից իր գործողությունների, զգացմունքների, մտքերի, վարքի, դրդապատճառների, հետաքրքրությունների ու հասարակական դրիքի ճանաչմանը, գնահատմանը և իմաստավորմանը:  Ինքնագիտակցությունը նաև մեր ֆիզիկական մարմնի ճանաչողությունն ու գնահատումն է: Ինքնագիտակցություն բառն ունի մի քանի նշանակություն,որոնք կապված են միմյանց հետ. 1. Գիտակցության ինքնակառավարման և ինքնաչանաչողական ֆունկցիա, 2. Սեփական արժանապատվության  գիտակցում, 3. Մեր գոյության և մեր Ես-ի գիտակցում :

 

Ինքնագիտակցության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած բոլոր գիտնականներն էլ այն դիտում են սոցիալական միջավայրում և բացառում դրա գոյությունը նրանից դուրս: Ըստ Ս. Ստուկալովայի, ինքնագիտակցությունը հանդիսանում է հասարակության պատմական զարգացման արդյունք և փոփոխվում է հասարակական պրակտիկ գործունեության ազդեցությամբ: Ինքնագիտակցությունը, որը հիմնված չէ իրական գործունեության վրա, մտնում է փակուղի և դառնում դատարկ հասկացություն :


Շատ կարևոր է իմանալ այն, որ ինքնագիտակցությամբ օժտված է ոչ միայն անհատը, այլև անհատների խմբերը` կոլեկտիվներ, ազգեր, ժողովուրդներ և ընդհանրապես հասարակությունն ու ողջ մարդկությունը: Սա նրանց մոտ բնորոշվում է մտածելակերպի, հետաքրքրությունների և նպատակների ընդհանրությամբ :


Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից