Գլխավոր Հասարակություն Տնտեսություն 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստն ու մայրության նպաստը հետայսու կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով. Սմբատ Սաիյան

analitik.am

Այսօր ‹‹Անալիտիկ›› մամուլի ակումբը հյուրընկալել էր ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղեկալ Սմբատ Սաիյանին:

Ասուլիսի ընթացքում բանախոսն անդրադարձավ երեխայի խնամքի համար նպաստի, երեխայի խնամքի համար տրամադրվող նպասի և մայրության նպաստի տրամադրման կարգում կատարված փոփոխություններին:

Սմբատ Սաիյանը նշեց, որ անցյալ տարվա վերջին ու այս տարվա սկզբին ՀՀ կառավարությունում ընդունվեցին կառավարության մի շարք որոշումներ, որոնցով փոփոխություններ կատարվեցին երեխայի նպաստի տրամադրման վճարման կարգում:

Մանրամասնելով այս ոլորտում տեղի ունեցած հիմնական օրենսդրական փոփոխությունները՝ բանախոսը նշեց. ‹‹Տարեվերջին ընդունված որոշումներից մեկի համաձայն՝ երեխայի ծննդյան ու միանվագ նպաստը և խնամքի նպաստը ստանալու կարգը փոխվեց: Այս նպաստը ստանալու համար նախկինում շահառուն ինքը պետք է ներկայանար ու դիմում ներկայացներ: Հետայսու դիմումը կարող է ներկայացվել ցանկացած անձի՝ այդ թվում 3-րդ անձի միջոցով››:

ԲՆախոսը հայտնեց, որ տարեվերջին ընդլայնվեց ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը: Մասնավորապես, հունվարի 20-ին կառավարությունում որոշում ընդունվեց, ըստ որի՝ քաղաքացին կարող է իր ընտանեկան դրամագլխից ոչ ավել, քան ամսական մինչև 25 հազար դրամ ստանալ ու ծախսել՝ սեփական կարիքները հոգալու համար:

Անդրադառնալով այս փաստին՝ բանախոսը նշեց. ‹‹Այդ դրամագլուխը վերոնշյալ կարգով տնօրինելու իրավասությունը ծագում է երեխայի մեկ տարին լրանալուց հետո, այսինքն՝ եթե երեխան ծնվել է մինչև 2014-ի դեկտեմբերի 31-ը, ապա համապատասխան անձը հնարավորություն ունի տնօրինելու ընտանեկան դրամագլուխը՝ նշածս կարգով:

Բնականաբար, 2015 թվականի ընթացքում ծնված երեխայի պարագայում նշածս կարգը կգործի երեխայի ծնվելուց 13 ամիս հետո: Ենթադրենք՝ 2015-ին ծնված երեխայի դրամագլուխը տնօրինելու հնարավորությունը կծագի 2016-ի մարտին»:

Նրա խոսքով՝ այս դրույթներն ունեն ժամանակավոր բնույթ. «Այսինքն՝ այս կարգը կգործի մինչև 2016 թվականի վերջը: Այդ ժամանակ արդեն հնարավոր չի լինի նշածս կարգով տնօրինել դրամագլուխը››:

Բանախոսը հիշեցրեց, որ սույն թվականի հունվարի 20-ին ընդունված որոշման համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստն ու մայրության նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով:

Անդրադառնալով անկանխիկ վճարման եղանակներին՝ վերջինս նշեց. ‹‹Այս դեպքում առկա է անկանխիկ վճարման երկու եղանակ՝ առաջին տարբերակն այն է, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած անձը բանկում ունի հաշվեհամար:

Այդ հաշվեհամարը նա պիտի ներկայացնի տարածքային բաժին, և նպաստը կփոխանցվի այդ բանկային հաշվին: Իսկ եթե անձը չունի բանկի հաշվեհամար, ապա նա կամ նրա փոխարեն դիմում ներկայացնողը դիմումի մեջ նշում է համապատասխան բանկը ու հաշվեհամարը, որի միջոցով շահառուն ցանկանում է ստանալ իր գումարը: Ըստ այդմ՝ գումարը փոխանցվում է համապատասխան բանկին»,-ասաց նա:

Սմբատ Սաիյանի խոսքով՝  դա նշանակում է, որ քաղաքացին կարող է մեկ անգամ ներկայանալ բանկ ու ստանալ իր գումարը:

«Ամսական պարբերականությամբ ձևավորվող վճարման պարբերականությունների փոխարեն անցում է կատարվում ավելի հաճախակի վճարման եղանակին››,- ասաց մասնագետը:

Սմբատ Սաիյանը հիշեցրեց, որ 2016-ի վերջին այս նպաստները ստացող շահառուն այդ դրամագլուխը կարող է օգտագործել սահմանափակ նպատակներով՝ ուսման վարձը վճարելու, սահմանային ու բարձր լեռնային գոտիներում անշարժ գույք ձեռք բերելու, առողջության ապահովության, պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկի մայր գումարի ու տոկոսների մարման նպատակով:

Սաիյանի խեսքով՝ 2015 թվականին ընտանեկան դրամագլուխ ստացող անձանց թիվը կազմել է շուրջ 7800, իսկ 2014-ին՝ 6500:

Զրույցի վերջում, բանախոսը ասաց, որ նպաստ ստանալու համար քաղաքացին պարտադիր պետք է դիմում ներկայացնի.«Սա լրացուցիչ հնարավորություն է 3-րդ ու հաջորդ երեխա ունեցողների համար. վերջիններս կկարողանան սոցիալ-տնտեսական կարիքները, հարցերը լուծելու համար ծախսել նպաստը»:

Սմբատ Սայիյանը հիշեցրեց, որ վճարող մարմինը փոխվում է, ուստի այս ամիս նպաստների տրամադրման ուշացումը՝ 15-20 օր, պայմանավորված է հենց սրանով:

Նույն շարքից