Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ռուս-թուրքական հակամարտությունը բխում է Հայաստանի շահերից. Արմեն Պետրոսյան

analitik.am

Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում սրվել են: Անշուշտ, այս երկու երկրների հարաբերությունների առանցքում Հայաստանը կարող է շահել կամ մեծ վնասներ կրել, քանի որ Հայաստանը տնտեսապես կապված է Ռուսաստանին, բացի այդ՝ այս երկրի ռազմավարական գործընկերն է: Վերջին շրջանում սիրիական հակամարտության հետ կապված՝ ռուս-թուրքական հարաբերություններն էլ ավելի են սրվել, իսկ առճակատումն անխուսափելի է դարձել:

Անդրադառնալով այս խնդրին՝ այսօր «Անալիտիկ›› ակումբում կայացած ասուլիսի ընթացքում արաբագետ   Արմեն Պետրոսյանը նշեց.

«Եթե գնահատելու լինենք Ռուսաստանի գործունեությունը Սիրիայում,  կարող ենք ասել, որ Ռուսաստանը Սիրիան վերածել է մարտադաշտի՝ Թուրքիայի հետ հակամարտելու և վերջինիս  դիրքերը թուլացնելու համար: Չգիտեմ՝ սա լավ է , թե վատ, բայց այդպես է: Ռուսաստանն ուզում է Սիրիայում թուլացնել Թուրքիայի դիրքերը: Լաթակիան ազատագրվել է արդեն: Հալեպի հարցն էլ է աստիճանաբար կարգավորվում՝ հօգուտ սիրիական կառավարական ուժերի: Չմոռանանք, որ այս շրջանները ժամանակին Թուրքիայի անմիջական ազգեցության գոտիներն էին››:

Արաբագետի պնդմամբ՝   Ռուսաստանի իրականացրած գործողությունները հանգեցրեցին նրան, որ Թուրքիայի դիրքերը Սիրիայում թուլացան: Բանախոսը նշեց, որ Սիրիայի քրդերի գործոնն էլ է կարևոր, ու այս հարցի լուծման համար առանցքային:

‹‹Ժնևյան գործողությունների տապալման պատճառներից մեկն էլ այն էր, որ պատվիրակությունների մեջ ներառված չէր քրդական պատվիրակությունը՝ «Քրդական ժողովրդակավարական միություն» կուսակցությունը, որը թուրքերը համարում են ահաբեկչական կառույց: Նրանք ջանում են բոլոր գործընթացներում  ձախողել այս կուսակցության մասնակցությունը: Բայց այսօր քրդերը վերահսկում են Սիրիայի մոտ 13-15 տոկոսը: Նրանց չի կարելի այսպիսի բանակցային քննարկումներում անտեսել››:

Արմեն Պողոսյանը նշեց, որ Մոսկվայում բացվել է Սիրիայի քրդերի ներկայացուցչություն: Սիրիայի քրդերը պետական մարմին չեն, չունեն ինքնուրույնություն, բայց Մոսկվայում ԿՀ-ի ֆորմատով ստեղծված այդ ներկայացուցչությունը աստիճանաբար կկարողանա նաև դիվանագիտական գործունեություն ծավալել:

‹‹Սրանով ՌԴ-ն, ի հակակշիռ Թուրքիայի, ցանկանում է մեծացնել քրդերի դերակատարությունը: Այս հակամարտությունը շատ երկար կարող է տևել: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան ու Սաուդյան Արաբիան կփոխեն իրենց մարտավարությունը: Նրանք փորձելու են Սիրիա մտցնել հակաօդային պաշտպանության համակարգեր, մեծ սպառազինություն են տրամադրելու իրենց հովանավորչության տակ գտնվող ուժերին››, - նշեց արաբագետը:

Բանախոսի պնդմամբ՝ ռուս-թուրքական հակամարտությունը և, առհասարակ, տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները բխում են Հայաստանի շահերից՝ սկսած Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծումից մինչև ռուս-թուրքական հակամարտություն:

‹‹Բնականաբար, մեր շահերից է բխում ռուս-թուրքական այս հակամարտության խորացումը: Այսպիսով՝ Հայաստանը հնարավորություն է ստանում Ռուսաստանից ստանալ ավելի մեծ ծավալներով ու ավելի որակյալ սպառազինություն››:

Ըստ արաբագետի՝ Հայաստանը շահեկան դիրքում է գտնվում նաև տնտեսական հարցերի կարգավորման դաշտում.

‹‹Չմոռանանք նշել, որ ռուսական շուկայում թուրքական ապրանքների ներմուծումն աստիճանաբար նվազեց, իսկ այս պարագայում Հայաստանը հնարավորություն կունենա մեծացնել իր արտահանման ծավալները և ապրանք արտահանել դեպի Ռուսաստան: Հարկ է նշել, որ Հալեպում ու Քեսաբում իրավիճակն աստիճանաբար անվտանգ է դառնում: Իրանն ու Ռուսաստանն ակտիվ դերակատարություն ունեն սիրիական խնդրի ոլորտում, ուստի Հայաստանը կարող է դիվանագիտական ճանապարհով բարձրացնել հայ համայնքի անվտանգության մակարդակը: Իրան-Թուրքիա հակամարտություն էլ է Հայաստանի համար ձեռնտու: Ադրբեջանն էլ է վերջերս թուլացել››:

Բանախոսը նաև նշեց, որ  Թուրքիայում հարյուրավոր հյուրանոցներ հանվել են վաճառքի: Այդ երկրում շեշտակի նվազել է զբոսաշրջիկների թիվը: Այս պարագայում նույնպես  Հայաստանը կարող է շահել:

‹‹Մեր երկիրը կարող է զարգացնել զբասաշրջիկներին գրավող Ջերմուկը, Ծաղկաձորը, Հանքավանը և կարող է նկատելի արդյունքի հասնել: Ճիշտ է, Թուրքիան զբոսաշրջիկներին գրավում է  նաև ծովով, բայց Ջերմուկն  էլ կարելի է ձմեռային հանգստի հիանալի վայր դարձնել և, առհասարակ, զարգացնել զբոսաշրջությունը››, եզրափակեց արաբագետը:

Նույն շարքից