Գլխավոր Հարցազրույց Միջազգային Քաղաքականություն 

ԱՄԷ մասնավոր սեկտորը ներդրումներ կկատարի Հայաստանում. ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան

analitik.am

Analitik.am-ի հետ հարցազրույցում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին տեսակետ հայտնեց, որ ՀՀ հետ երկկողմ հարաբերությունները զարգացման փուլում են գտնվում, և ունեն զարգացման ներուժ: Խոսեց երկու ժողովուրդների բարեկամության , կրոնական հանդուրժողականության և մեր երկրի մասնավոր սեկտորում մեծածավալ ներդրումների մասին:

-Պարո՛ն դեսպան, ԱՄԷ դիվանագիտական ներկայացուցչությունն ամենաերիտասարդներից մեկն է ՀՀ-ում: Ներկայումս ի՞նչ մակարդակի վրա են գտնվում հայ-էմիրաթական հարաբերությունները:

 - Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները գալիս են դեռևս վաղ ժամանակաշրջանից: Բայց Հայաստանում դեսպանությունը բացվել է 2015 թվականին: Մենք տրամադրված ենք և վստահ,  որ Հայաստանի հետ կարող ենք բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել բոլոր բնագավառներում` տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլն: Ուրախ ենք, որ  ներկայացնում ենք Էմիրությունները հայ հասարակության մեջ:

-ՀՀ բարձր է գնահատում  Ծոցի տարածաշրջանի՝ մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը: Դրանք հատատվել են բազմաթիվ փոխայցելություններով, վավերացվել մոտ երեք տասնյակ միջպետական եւ միջգերատեսչական փաստաթղթերում: Տեսնո՞ւմ եք երկկողմանի հարաբերությունների խորացման ներուժ, և եթե այո, ապա` ի՞նչ համատեքստում:

-Կարծում եմ, Հայաստանի տնտեսությունն է, որ կարող է հեռանկարներ բացել Ծոցի երկրների հետ հարաբերությունների խորացման համար:

-Մասնավորապե՞ս...

-Օրինակ` ներդրումների և առևտրաշրջանառության աճը, ինչպես նաև մի շարք ծրագրերի իրականացումը գյուղատնտեսության ոլորտում:

-Երկու երկրների միջև  առևտրատնտեսական հարաբերությունները, ըստ մանագետների, գտնվում են ցածր մակարդակի վրա: ՀՀ տնտեսության ո՞ր ոլորտներն է ԱՄԷ-ն տեսնում զարգացման համար թիրախային:

-Իրապես, երկու երկրների մեջ առևտրաշրջանառությունն այդքան էլ բարձր ցուցանիշներ չունի: Բայց կան բավականին լայն հնարավորություններ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու համար: Բայց մենք հույս ունենք, որ տրված հնարավորությունները կօգտագործվեն, հատկապես, մասնավոր սեկտորի կողմից: Ի ուրախություն մեզ, ԱՄԷ դեսպանատան բացվելուց հետո մի  շարք էմիրաթական ծրագրեր են սկսել աշխատել Հայաստանում: Դեսպանատունը խրախուսում է, որ էմիրաթական ներդրումներ կատարվեն Հայաստանում, մասնավորապես, առևտրի ու գյուղատնտեսության ոլորտներում:

-ԱՄԷ-ը համագործակցային ծրագրերի շրջանակներում, պարբերաբար, ներդրումներ է կատարում Հայաստանում: Նպատակային  համարո՞ւմ եք միջոցների տնօրինումը:

-Այո, ԱՄԷ-ի պետական սեկտորի կողմից իրականացվել են ծրագրեր, մասնավորապես, Արփա-Սևան թունելի վերականգնումը իրականացվել է Աբու Դաբիի տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից: Ներկայումս, մենք աշխատում ենք  ԱՄԷ մասնավոր սեկտորի ներդրումներն այստեղ բերելու ուղղությամբ:

 -Ինչո՞ւ մասնավոր սեկտորը, պետական մակարդակում չի՞ ստացվում:

Իհարկե, ստացվում է պետական համագործակցությունը, սակայն մասնավոր սեկտորում առավել ազատ է գործելու ոլորտը, ինչպես նաև նախաձեռնելու ոլորտը:

-Կներեք, բայց ես չստացա իմ հարցի պատասխանը, ճի՞շտ են տնօրինվում ԱՄԷ-ից հոսող ֆինանսական միջոցները:

Այո, իհարկե, միջոցները ծախսվում են մեր ուզածով, մեր ցանկացածով, այսինքն`  տնօրինումը` նպատակային է: Կասեմ ավելին, ֆինանսների կիրարկումն  էլ  մասնավոր սեկտորում նպատակային է: Նկատենք, որ Էմիրություններում էլ տնտեսությունը զարգացավ, քանի որ մասնավոր սեկտորը սկսեց զարգանալ և դրան զուգահեռ բազմաթիվ ոլորտներ զարգացան: Բացի դա, հենց ԱՄԷ մասնավոր սեկտորն է, որ ներուժ ունի Հայաստանում ներդրումներ կատարելու համար:

-Վերջին տարիներին հայ-էմիրաթական հարաբերությունները զարգացման լուրջ միտումներ են դրսեւորում ինչպես առեւտրատնտեսական, այնպես էլ  կրթական եւ գիտամշակութային ոլորտներում: Ի՞նչ ծրագրերով  եք Ձեր երկիրը ներկայացնում հայ հանրությանը:

-Հայերը մեր եղբայրներն են ու արդեն տասնյակ տարիներ ապրում են մեր երկրում: Եվ հայերն էլ Էմիրություններում իրականացնում են բավականին հաջող ծրագրեր կոնկրետ ոլորտներում: Նրանք մեծ ավանդ ունեն էմիրաթների տնտեսության զարգացման գործում: Եվ արաբ ժողովուրդը մեծ գնահատանքով է վերաբերում այդ հանգամանքին և, ընդհանրապես, հայերին:

 Ինչ վերաբերում է հայ հանրությանը ներկայանալուն, ասեմ, որ դեսպանատունն անցյալ տարվանից իր մասնակցությունն է ունենում Հայաստանում կազմակերպվող expo-ներին, մշակութային սպորտային միջոցառումներին: Օրինակ` 2015 թ.-ին մասնակցել ենք մի շարք միջոցառումների, որոնց թվում են <<Երկրները մեկ հարկի տակ>> միջազգային ցուցահանդեսը, <<Բերքահավաքի փառատոնը>>, Երևանի քաղաքապետարանում կազմակերպվող ամենամյա <<Ամանորի տոնավաճառին>>, իսկ այժմ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում մասնակցելու  ապրիլին կայանալիք Intourexpo-ին՝ որպես գործընկեր երկիր:

-Երկուստեք շահագրգռվածություն է դրսեւորվել զբոսաշրջության բնագավառում համագործակցության հետագա ակտիվացման առումով: ԱՄԷ ի՞նչ քաղաքականություն է  վարում այս ասպարեզում:

 -ՀՀ-ում Էմիրաթների դեսպանատուն բացվելուց հետո բազմաթիվ էմիրաթցիներ հետաքրքրված են իրենց արձակուրդն անցկացնել Հայաստանում: Եվ մեծ ուրախությամբ հիմա կնշեմ, որ էմիրաթցի զբոսաշրջիկների թիվը զգալի աճ է գրանցել  այս ընթացքում: Նրանք մեծ բավականություն  են ստացել Հայաստանում անցկացրած ժամանակից, տպավորված են և համոզված, որ  ձեր երկիրն անվտանգ է ու հյուրընկալ:

Մենք`մեր հերթին,  ողջունում ենք հայերի այցն ԱՄԷ և միշտ օրինակ ենք ծառայում կրոնական հանդուրժողկանության համար: Ասվածի վառ ապացույցը կարող է հանդիսանալ   Շարժայի շեյխի կողմից մեկ միլիոն յոթհարյուր  հազար դոլարի նվիրատվությունը  Հաղարծինի վանքի վերանորոգման համար: Այս քայլը կարելի է որակել որպես կրոնական հանդուրժողականության և երկու երկրների միջև սիրո ու հանգանքի խորհրդանշան:  Սա ապացույցն է այն բանի, որ քրիստոնեության և իսլամի միջև հանդուրժողականություն և սեր է: Մի խոսքով, ես որպես դեսպան չեմ տեսնում հանգամանք, որ կարող է խանգարել երկու երկրների փոխհարաբերություններին:

-Շնորհակալություն հարցազրույցի համար:

-Ես նույնպես շնորհակալ եմ Ձեր այցի և այս զրույցի համար: Աստված տա, որ նման հանդիպումները հաճախ կրկնվեն:

Հարցազրույցը վարեց Սուսաննա Մարտիրոսյանը

Նույն շարքից