Գլխավոր Հարցազրույց Քաղաքականություն 

Մարտի մեկին Օսկանյանը շատ կարևոր պաշտոն էր զբաղեցնում. Սուքիաս Ավետիսյան

analitik.am

Ներքաղաքական կյանքը բուռն է հատկապես Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմամբ պայմանավորված, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Մոսկվայում, հանդիպումներ ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այնուհետև այցեր եղան Հունաստան, Կիպրոս և Բուլղարիա, տարբեր համաձայնագրեր կնքվեցին: Կարծում եմ՝ այդ ակտիվությունը պայմանավորված է ապրիլի 24-ով: Այդ ընթացքում հայ համայնքն ու մեր արտասահմանյան կառույցները ակտիվանալու են: Ներքաղաքական կյանքը բուռն է հատկապես Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված. Երկու օր առաջ համապատասխան հանդիպումներ եղան Ազգային ժողովում, վաղը ԱԺ-ում նորից հանդիպումներ կլինեն, իսկ 22-ին էլ ընդլայնված քննարկում կանցկացվի, որին հրավիրված կլինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Հաջորդ քառօրյայում կունենանք քննարկում ԸՕ նախագծի շուրջ և նախատեսում եմ, որ այն շատ բուռն կընթանա»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպմանը՝ Սուքիաս Ավետիսյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է կապել Սիրիայից զորքերի դուրսբերման հետ:

Համենայնդեպս և Սերժ Սարգսյանը, և մեր արտաքին գործերի նախարարը բազմիցս իրենց հրապարակային ելույթներում ողջունել են ՌԴ-ի քայլերը Սիրիայի հարցում: Զորքերի դուրսբերումը հենց Ռուսաստանի որոշումն էր, որը աշխարհի շատ երկրներին ու կառույցներին զարմացրեց, նրանք բնական է, որ այդ քայլը բացատրում են նրանով, որ ուզում են հնարավորություն տալ Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանը, որպեսզի սկսված երկխոսությունը կայանա»:

Սուքիաս Ավետիսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի մոսկովյան վերջին հանդիպումները ընդհանուր բնույթ էին կրում, Ռուսաստանի հետ եւ ԵԱՏՄ շրջանակներում մեր խնդիրներն ու մոտեցումները կրկին հստակեցվել են:

Ապագային միտված մեր բոլոր պատկերացումները մեկ անգամ ևս փոխհամաձայնեցվել են: Անդրադառնալով ԸՕ նախագծին պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ, որ դեռ քննարկման տեղ կա ցուցակների հետ կապված՝ ընտրության ներկայացվող կուսակցությունների ցուցակների հետ կապված: Ես գտնում եմ, որ այդ ցուցակն ավելի ճիշտ կլինի, որ լինի ոչ թե 50-50, այլ, ասենք, 30-70՝ հօգուտ մարզերի ցուցակների»:

Ըստ Ս.Ավետիսյանի Ազգային ժողովում ներկայացված պատգամավորների ցուցակը վերլուծելիս նկատել են, որ բացառությամբ երկու խմբակցությունների մնացածի մոտ տեղ են գտել Երևանի գրանցում ունեցող պատգամավորներ. «Դա նշանակում է, որ մենք մարզերին շատ տեղ չենք տալիս:

Ես գտնում եմ, որ այս տարբերակը թույլ է տալիս մարզերից ավելի շատ պատգամավորներ ընդգրկել, դա հնարավորություն է տալիս, որ մարզի բնակիչներն ընտրելուց հետո կարողանան իրենց նախընտրած կուսակցության միջոցով խնդիրները բարձրացնել»: Անդրադառնալով ընդդիմության կողմից ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակելու պահանջին՝ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ ինքը դեմ է դրան. «Գտնում եմ, որ դա նաև ընտրական իրավունքի գաղտնիության խախտում է, որի մասին խոսվել է դեռեւս 2003 թվականին:

Այդ խնդիրը եվրոպական կառույցների կողմից է դրվել, և մեր Սահմանադրական դատարանն ունի համապատասխան որոշում: Որպես անձ ես դեմ եմ, որ ընտրությունից հետո հանրությանը պարզ դառնա, թե իմ ընտանիքի անդամներից քանիսն են մասնակցել ընտրություններին, քանիսը՝ ոչ: Ընտրական օրենսգիրքը նախաձեռնել է կոնկրետ ՀՀԿ-ն եւ որոշ ուժեր ասում են, թե այսօր նոր նախագիծ են պատրաստում:

Թող բարի լինեին, իրենց նախագիծը նախօրոք պատրաստեին, ասեին, որ առաջարկում են իրենց նախագծերի շուրջ էլ քննարկումներ անցկացնել»: Ըստ Ավետիսյանի, ծածուկ որեւէ բան չի արվել, դա նախագիծ է եւ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի համապատասխան մոտեցումների վերաբերյալ արձագանքներ լինեն, որից հետո կրկին որոշակիորեն մշակվել է նախագիծը եւ այսօր պաշտոնապես դրվել է շրջանառության մեջ: Խոսելով քաղաքական տարբեր ուժերի առաջարկների մասին՝ Սուքիաս Ավետիսյանը նաև նշեց, որ դրա համար համապատասխան կարգ կա. «Երբ օրենսգիրքը դրվում է շրջանառության մեջ եւ սկսվում են առաջին լսումները, նրանք կարող են իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնել ԱԺ համապատասխան հանձնաժողովին:

Դրանից հետո կա համապատասխան կարգ այդ առաջարկությունները քննարկելու համար, ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է՝ կլինեն առաջարկություններ առանձին պատգամավորների, թե քաղաքական ուժերի կողմից, պատրաստ է դրանք քննարկել համապատասխան ձևաչափով: Ես ինքս որևիցե գրավոր առաջարկ չեմ տեսել: Հենց վաղն էլ կարող են իրենց մոտեցումները ներկայացնել և եթե այդ մոտեցումները լինեն կառուցողական, ապա լուրջ կընդունվեն մեր կողմից: Համապետական համար մեկ ընտրություններից առաջ մեր նպատակը մեկն է՝ մեր ռեսուրսները ճիշտ օգտագործենք և մեկ անգամ ևս ապացուցենք, որ մեր ժողովուրդը վստահում է ՀՀԿ-ին և հերթական անգամ մեծամասնություն ունենանք ԱԺ-ում»:

ՀՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու և մարտի մեկի մասին արված նրա հայտարարությանը, ասաց, որ բնական երևույթ է համարում դա. «Համապետական ընտրությունից առաջ քաղաքական ուժերն ակտիվանում են, նոր կուսակցություններ ու ուժեր են փորձում ստեղծել: Նորմալ եմ համարում, առավել ևս, եթե դա ստեղծում է իշխանության մեջ երկար պրոցես անցած մարդ, ամեն մեկն ինքն է որոշում ինչ հայտարարություն անի, սակայն չմոռանանք, որ մարտի մեկին Օսկանյանը շատ կարևոր պաշտոն էր զբաղեցնում»:

Նույն շարքից