Հասարակություն 

Հայտնի է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» բակային փառատոնի շախմատի մրցաշարում հաղթողը

analitik.am

«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական փառատոնի շախմատի մրցաշարում հաղթել է Արաբկիր վարչական շրջանի թիմը: Երկրորդը էրեբունցիներն են, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանը ներկայացնող թիմը:

 Իմաստուն խաղի հաղթող թիմի անդամներին մեդալներ ու պատվոգրեր են հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը և Երևան քաղաքի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, Էրեբունու թիմին պարգևատրել է Երևանում գտնվող Օդեսայի հայ համայնքի պատվիրակության ղեկավար Արմեն Պետոյանը, և եռյակը եզրափակող դավթաշենցիներին պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Մրցաշարին հաշվարկից դուրս մասնակցել են նաև Օդեսայի հայ համայնքի ներկայացուցիչ-շախմատիստները: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն:

Նույն շարքից