Գլխավոր Տնտեսություն 

Ազգային ժողովը երկու րոպեում երեք նոր վարկ վերցրեց՝ 180 միլիոն ընդհանուր չափով

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը ձայների 78 կողմ, 24 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրեց  ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1007 01 D վարկային համաձայնագիրը, որով կառավարությանը կտրամադրվի 40 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին 2 հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական եւ շրջակա միջավայրի կայունության խթանման ու մրցունակության ամրապնդման: Վարկի պայմաններն արտոնյալ են, մարման ժամկետը 20 տարի է:

Պատգամավորները ձայների նույն՝ 78 կողմ, 24 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրեցին նաև  Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին կտրամադրվի 90 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ: Վարկից 60 միլիոնը նախատեսված է 2016 թվականի, իսկ 30 մլն-ը՝ 2017 թվականի բյուջեի ծախսային ծրագրում:

Ձայների 78 կողմ, 23 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանը վավերացրեց նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: Այս վարկային համաձաայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային վարկ զարգացման քաղաքականության ֆինանսավորման ծրագրի չորրորդ փուլի իրականացման համար: Վարկն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, վարկի պայմաններն արտոնյալ են: Վարկի մարումը կիրականացվի 25 տարում:

Վարկային ծրագրերը հաստատելուց հետո ԱԺ նաև առաջին ընթերցմամբ անցկացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, իսկ մի քանի վայրկյան տևած քննարկումից հետո նախագիծն ընդունվեց նաև երկրորդ ընթերցմամբ:

Նույն շարքից