Բարի օր Հասարակություն 

Ես կատարել եմ իմ լրագրողական պարտքը. Անի Հովհաննիսյանի նամակը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

analitik.am

Հայաստանի Հանրապետության նախագահ                                   պարոն Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն Սարգսյան,

​Դուք լրագրողների հետ ամանորյա հանդիպման Ձեր ելույթում ասացիք, որ Հայաստանի Հանրապետությունում լրագրողները պետք է ազատ և անվախ լինեն, որ Հայաստանում հարգվում է ազատ խոսքի իրավունքը: Ուզում եմ հիշեցնել ևս մեկ անգամ, որ ես՝ Անալիտիկ լրատվական կայքի և նույնանուն մամուլի ակումբի հիմնադիրս և գլխավոր խմբագիրս, արդեն 8 ամիս է ենթարկվում եմ անօրինական քրեական հետապնդման զուտ այն բանի համար, որ զբաղվել եմ իմ մասնագիտական՝ լրատվական գործունեությամբ՝ լուսաբանելով «ՎՏԲ» բանկի գործունեությունը։ Ես պահվում եմ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿ հիմնարկում, զուտ այն պատճառով, որ «հանդգնել եմ» հետևել Ձեր ցուցումներին և զբաղվել եմ ազատ ու անկախ լրատվությամբ՝ չվախենալով անդրադառնալ Հայաստանի Հանրապետության համար կարևոր թեմաներին: ​

Հարգելի պարոն Նախագահ, ես մինչև նախաքննության ավարտի վերջին պահը սպասում էի, որ վերջապես օբյեկտիվ մոտեցման գոնե մի նշույլ կլինի, սակայն ՀՀ ՀՔԾ-ն ոչ միայն կոպտորեն խախտեց մարդու և լրագրողի իմ իրավունքները՝ ինձ 8 ամիս անօրինական և հորինված մեղադրանքով պահելով բանտում, այլ նաև որոշեց մինչև վերջին պահը հավատարիմ մնալ իր՝ իրական հանցագործին հովանավորելու գործելաոճին՝ ասելով, թե «վերևից» այդպես է ասված, իրենք  ոչինչ անել չեն կարող՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ով է այդ «վերևը» և իմ դեմ նման սուբյեկտիվ, անարդար և փնթի ձևով սարքած գործն ուղարկեց դատարան: ​

Հարգելի պարոն Սարգսյան, ես գիտակցում եմ, որ ադրբեջանական կապիտալով «ՎՏԲ բանկը» լուրջ ազդեցություն ունի առհասարակ, սակայն ես չեմ կարող ընդունել, թե ինչպես կարող է ադրբեջանական պետական մասնաբաժնով որևէ կառույց, որը տիրապետում է ՀՀ բնակչության մասին հսկայական տեղեկատվության, առհասարակ ոչ միայն գործել Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև հովանավորել Հայաստանում քաղաքական և դիվանագիտական գործունեությամբ զբաղվող որոշ սուբյեկտների և օբյեկտների անօրինական գործունեությանը, ավելին՝ ազդել ՀՀ իրավական և դատական համակարգի վրա այն աստիճան, որ լիովին անմեղ մարդու՝ այս դեպքում լրագրողի, առանց որևէ ապացույցի և հիմնավորման բանտ ուղարկեն:

 ​Հարգելի պարոն Սարգսյան, ինձ համար անհասկանալի է, որ 21-րդ դարում լրագրողին ինկվիզիցիայի մեթոդով փորձում են լռեցնել ժողովրդավարական և խոսքի ազատության իրավունքն ընդունած պետությունում: Ստացվում է, որ իրականությունն օբյեկտիվորեն լուսաբանող յուրաքանչյուր լրագրող պետք է վախենա, որ հանկարծ չպատվիրեն իրեն բանտ տանել՝ այդ կերպ փորձելով լռեցնել նրա: Վերջիվերջո, ես մեղավոր չեմ, որ «ՎՏԲ բանկ» -ում Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը բաժնեմաս ունի, ինչպես նաև մեղավոր չեմ, որ Ադրբեջանն է Հայաստանի թշնամին և հենց Ադրբեջանն է ամեն օր սադրիչ գործողություններ իրականացնում ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ՝ խլելով մեր զինվորների կյանքերը: Ես ինձ մեղավոր կզգայի, եթե տեղեկանալով «ՎՏԲ բանկում» ադրբեջանական կապիտալի, ինչպես նաև դրանից բխող ՀՀ-ի համար վտանգների մասին, որպես լրագրող չանդրադառնայի այս կարևորագույն խնդրին՝ ինչքան էլ, որ դա տհաճ լիներ ՌԴ դեսպան Վոլինկինին և չնայած վերջինիս սպառնալիքներին, որոնք նա իրագործեց Ուրիխանյանին գործիք դարձնելու միջոցով:

Ես կատարել եմ իմ լրագրողական և, որպես ՀՀ քաղաքացի՝ քաղաքացիական պարտքը, իմ հայրենիքի ՝ Հայաստանի Հանրապետության և մասնագիտական գործունեության նկատմամբ, սակայն չեմ հասկանում, թե ինչպես է ստացվում, որ բանտում հայտնվում եմ ես՝ ադրբեջանական կապիտալով կազմակերպության անօրինական ծառայություններ մատուցող Տ. Ուրիխանյանի սուտ մատնության հետեւանքով: ​

Հարգելի պարոն Սարգսյան, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Տ. Ուրիխանյանը սուտ հաղորդում է տալիս լրատվական կայքի սեփականատիրոջ, լրագրողի դեմ, պատվիրում է ծեծել մեկ այլ լրատվական միջոցի սեփականատիրոջ, անհիմն վիրավորում և զրպարտում է շատ շատերին, որպես վարձատրություն ադրբեջանական կապիտալով կառույցի կողմից ներվում է նրա 90 միլիոն ՀՀ դրամի վարկը և շարունակում անպատիժ մնալ: Վերջիվերջո, ո՞վ է այդ ամենակարող «վերևը», որ հովանավորում և քողարկում է այդ անձին: ​Ինձ համար անհասկանալի պատճառով ՀՔԾ-ն չհետաքրքրվեց, թե ինչու էր «ՎՏԲ բանկ»-ը ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանին 90 միլիոն ՀՀ դրամ վարկը ներել /նվիրել/ և սա այն դեպքում, երբ ես իմ կալանավորման առաջին իսկ օրվանից հայտնել եմ, որ Տ. Ուրիխանյանն իմ դեմ սուտ հաղորդում է տվել հենց «ՎՏԲ բանկ»-ի և ՀՀ-ում ՌԴ դեսպանի պատվերով: ՀՔԾ-ի քննիչները չզլացան և փորձեցին ինձ ամեն կերպ վարկաբեկել, հարցաքննեցին ինձ հետ թեկուզ հեռավոր առնչություն ունեցած բոլոր մարդկանց, բնական է, ոչինչ չստացվեց: Արդյունքում իմ հետ կապված բամբասանքի մակարդակ ունեցող ցուցմունք հաջողվեց կորզել շորթման համար նախկինում դատված՝ Հովհաննես Եսայանից, խարդախության համար դատապարտված՝ Ալյանս կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն Սարգիս Հարությունյանից:

Քննիչներն այնքան էին տարված իմ գլխին գործ սարքելու մղումով, որ ինձ կալանքի տակ պահելու միջնորդություններում նշում էին այնպիսի տվյալներ, որոնք չէին համապատասխանում անձանց կողմից տրված ցուցմունքների բովանդակությանը: ​

Հարգելի պարոն Սարգսյան, Ձեր ղեկավարած երկրի հատուկ քննչական ծառայությունը 21-րդ դարում լրագրողին փորձում է լռեցնել՝ առաջադրելով նրան մեղադրանք, որն անհիմն է և առանց ապացույցների:

​Հերթական անգամ խնդրում եմ ուշադրություն հրավիրել իմ վերաբերյալ գործին, հակառակ դեպքում, ստացվում է, որ չնայած Ձեր կոչերին, ՀՀ-ում որևէ լրագրող չի կարող իրեն ազատ և ապահով զգալ, քանզի առանց դժվարության որևէ խոշոր կազմակերպություն կամ դիվանագետի պատվերով և Տ. Ուրիխանյանի նման անձի ձեռքով նրան կարող են անօրինական բանտարկել և ամիսներ շարունակ առանց հիմքի բանտում պահել՝ անտեսելով բոլոր փաստերը և չունենալով որևէ ապացույց: ​

Վստահ եմ, որ ՀՔԾ-ում նույնպես անվճար ենթադրություններ չեն անում, իսկ 90 միլիոն ՀՀ դրամ Տ. Ուրիխանյանին նվիրած «ՎՏԲ բանկ»-ն էլ ժլատություն չէր անի ՀՔԾ-ի նման «լուրջ» հիմնարկի հարցում: ​Հուսով եմ՝ գոնե ՀՀ Դատարանները կիրականացնեն օբյեկտիվ դատաքննություն և ստիպված չեմ լինի դիմել Եվրոպական դատարան՝ արդարություն փնտրելու համար:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿ հիմնարկում կալանքի տակ պահվող  Անի Հովհաննիսյան

Նույն շարքից