Գլխավոր Հասարակություն 

Տեղի ունեցավ Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստը. Տիգրան Ուրիխանյանը կրկին չէր ներկայացել

analitik.am

Այսօր՝ փետրվարի 16-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստը:

Նիստից հետո մեր թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ այսօր դատարանը սկսել է հետազոտել գործում առկա փաստաթղթերը և տեսանյութերը. «Մենք հասցրեցինք հրապարակել մինչև 4-րդ հատորը տեղ գտած որոշակի նյութերը»:

- Նախորդ անգամ տուժող կողմը չէր ներկայացել, իսկ ա՞յս անգամ:

-Տիգրան Ուրիխանյանը չէր ներկայացել: Նա դիմում էր ներկայացրել դատարան, որ ցանկություն չունի տուժող կողմից հանդես գալու: Բայց դատարանը որոշում է կայացրել, որ պետք է ապահովի Անի Հովհաննիսյանի պաշտպանական իրավունքը և հնարավորություն տա նրան հարցաքննել: Իսկ ՎՏԲ-ի մասով, ասեմ, որ նրանց ներկայացուցիչը ներկայացել էր:

-Դատը հետաձգվե՞ց:

-Այո, իսկ հաջորդ դատական նիստը կլինի մարտի 6-ին:

Պարոն Սիմոնյանը նաև հավելեց, թե հետազոտված ապացույցներով ակնհայտ էր, որ Անի Հովհանիսյանի նկատմամբ տեղի է ունեցել ոստիկանական դրդչություն: Ամեն դեպքում, գործում առկա են նյութեր, որ Տիգրան Ուրիխանյանի և Անի Հովհաննիսյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն համագործակցության մասով: Այսինքն՝ Analitik.am կայքը պետք է լուսաբաներ Ուրիխանյանի գործունեությունը և այս մասով մշակվել է պայմանագիր, որն առկա է: Այդ պայմանագրում նշված են կայքի պարտականությունները և ամսական վճարվելիք գումարի չափը. «Սա է իրական պատկերը: Սակայն հակառակ կողմից դա ներկայացվում է որպես շորթում: Առկա տեսանյութում, որտեղ երևում է Վարդիթեր Գիշյանի և Տիգրան Ուրիխանյանի կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանի հանդիպումը, Գիշյանն անընդհատ խոսում է նյութեր ուղարկելու մասին, որոնք պետք է տպագրվեին: Սա ևս խոսում է այն մասին, որ եղել է համագործակցության մասին պայմանավորվածություն: Իսկ Սարգիս Հարությունյանը, ըստ երևույթին ոստիկանության հետ նախապես մշակված սցենարի համաձայն, Վարդիթեր Գիշյանին անընդհատ ասում է «Դե զանգի՛ր, զանգի՛ր ու ասա, որ հանդիպումը կայացել է»: Այսինքն՝ դրդել է, որպեսզի Վարդիթեր Գիշյանը զանգահարի Անի Հովհաննիսյանին, որպեսզի դա հետագայում ապացույց դառնա: Նույնիսկ մի պահ Գիշյանը չի հասկանում, թե ում պետք է զանգահարի: Այսինքն՝ Գիշյանը չի էլ պատկերացրել, որ Անի Հովհաննիսյանը ոստիկանական դրդչության զոհ է դառնում»:

Լուսանկարը՝ a1plus.am

Անի Հովհաննիսյանի գործով դատական առաջին նիստը տեղի էր ունեցել փետրվարի 1-ին:

Նույն շարքից