Հասարակություն 

Դատարանն ավարտել է Անի Հովհաննիսյանի գործում առկա նյութերի հետազոտությունը

analitik.am

Այսօր՝ մարտի 23-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական հերթական նիստը:

Նիստից հետո մեր թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ այսօր դատարանը ավարտել է գործում առկա տեսանյութերի հետազոտությունը. «Այսօր հետազոտված տեսանյութերն, ըստ էության, չէին վերաբերում Անի Հովհաննիսյանին: Դրանք ուղղակի տարբեր անձանց խոսակցություններ էին, որոնցում շոշափվում է Անիի անունը, սակայն դրանք ապացուցողական նշանակություն չունեն՝ նույնիսկ անուղղակի ձևով: Բացի դրանից, պետք է ասեմ, որ ուսումնասիրված երկու տեսաձայնագրություններն իրենք իրենցով ապացույց չեն, քանի որ դրանք ձեռք են բերվել օրենքի էական խախտումով: Դրանցից մեկն անհայտ աղբյուրց է ձեռք բերված, որը քրեական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի 1-ի մասին 7-րդ կետի համաձայն չի կարող ապացույց լինել: Էլ չեմ ասում, որ այն դատարանի որոշմամբ չի իրականացվել: Նույնը վերաբերում է նաև երկրորդ տեսանյութին, որը վերաբերում է Անի Հովհաննիսյան-Տիգրան Ուրիխանյան և Անի Հովհաննիսյանի-Սարգիս Հարությունյան զրույցներին: Ամեն դեպքում ասեմ, որ դրանցում որևէ արտահայտություն չկա վատ հոդվածները հանելու փոխարեն գումար պահանջելու մասին: Խոսվել է ընդամենը համագործակցության մասին»:

Պարոն Սիմոնյանը նաև հայտնեց, որ գործում առկա բոլոր նյութերն արդեն հետազոտվել են, և հաջորդ նիստից դատարանը կանդրադառնա վկաների ցուցմունքներին:

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 30-ին ժամը 15:00-ին:

Նույն շարքից