Հասարակություն 

Ավազակային հարձակման է ենթարկվել ՍՊԸ-ի տնօրենը

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձինք՝ դիմակավորված͵ մուտք են գործել Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ՍՊ ընկերությանը պատկանող գրավատուն, ատրճանակի գործադրմամբ սպառնացել են ընկերության  տնօրենի նկատմամբ  կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել͵ ապա հափշտակել ընկերության դրամարկղում առկա  գումարը, ինչպես նաև տնօրենի պարանոցի ոսկյա շղթան՝ իր խաչով, և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և նախաքննական մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից