Գլխավոր Հասարակություն 

Անի Հովհաննիսյանի անմեղությունն ապացուցելու համար կհասնենք մինչև ՄԻԵԴ. Դատապաշտպան

analitik.am

Այսօր՝ հուլիսի 25-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանին դատապարտեց 1 տարի, 6 ամսվա ազատազրկման՝ վերջինիս մեղավոր  ճանաչելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով: Ինչ վերաբերում է ՎՏԲ բանկի մասով մեղադրանքին, ապա այդ կետով Հովհաննիսյանն անմեղ ճանաչվեց:

Դատական նիստից հետո Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ Ուրիխանյանի մասով ևս պետք է արդարացման վճիռ կայացվեր, քանի որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով իր պաշտպանյալի մեղք չապացուցվեց. «Վճիռը հիմնված էր Տիգրան Ուրիխանյանի ցուցմունքի վրա, չնայած այն բանին, որ նույնսիկ վերջինս իր ցուցմունքում չպնդեց, թե Անի Հովհաննիսյանն իրենից սպառնալիքներով գումար է պահանջել: Եվ դատավորի, և մեղադրող կողմի, և իմ հարցերին նա տվել է պատասխաններ, որոնցից չի կարելի գալ եզրահանգման, թե շորթում է տեղի ունեցել: Բոլոր դեպքերում մեղավոր ճանաչելու մասով դատավճիռը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում»:

Մեր թղթակցի հետ զրույցում պարոն Սիմոնյանը նաև նշեց, որ Անի Հովհաննիսանի անմեղությունը ապացուցելու համար իրենք կհասնեն մինչև ՄԻԵԴ:

Հավելենք, որ Անի Հովհաննիսյանն անազատության մեջ գտնվում է արդեն 1 տարի և մոտ 3 ամիս, այսինքն  մեղադրական վճռի ուժի մեջ մտնելուց հետո վերջինս ազատ կարձակվի 3 ամիս անց:

Նույն շարքից