Քաղաքականություն 

Հարևանների միջև վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով խորհրդարան էր այցելել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Դեսպանն Արա Բաբլոյանին ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքը, վերջին տարիներին Բրազիլիայի եւ Հայաստանի միջեւ կապերի խորացմանն ուղղված քայլերը:

Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ընդգծել է օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության կարեւորությունը, հատկապես բարեկամական խմբերի գործունեության դերը երկու երկրների հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում:

Պարոն Մոնտեյրոն, հայ ժողովրդին մաղթելով խաղաղություն, նշել է, որ ԼՂ հակամարտության հարցում Բրազիլիան իր աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահներին՝ վերահաստատելով խաղաղ լուծման կողմնակից լինելը: Դեսպանի խոսքով՝ հարեւանների միջեւ վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման գործում: Արա Բաբլոյանը, նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, արձանագրել է՝ հարաբերություններն աշխուժացել են հատկապես վերջին տարիներին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ նշելով, որ բրազիլացի գործընկերները միջազգային տարբեր կառույցներում մշտապես միացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված նախաձեռնություններին:

Արա Բաբլոյանն իր խոսքում անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացին՝ այդ համատեքստում կարեւորելով մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ժողովրդի բարեկեցության ապահովմանն առնչվող հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ մեկնելով Հայաստանից՝ նա կշարունակի մնալ մեր երկրի հավատարիմ բարեկամը:

Նույն շարքից