Գլխավոր Հասարակություն 

Դասադուլն ու հացադուլը դադարեցվում է. Կողմերը պատրաստվում են կլոր սեղանի

analitik.am

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը դասադուլ անող ուսանողների խմբի հետ: Հանդիպումից հետո Շարմազանովն ասաց, որ տղաներն առաջարկել են կլոր սեղան ստեղծել, որտեղ կարելի կլինի քննարկել տարկետման խնդիրը, ուսանողության խնդիրները, կրթության խնդիրները, դրանք լինելու են գլոբալ քննարկումներ, իսկ իշխանություններն ընդունել են այդ առաջարկը:

Շարմազանովը նշեց, որ կլոր սեղանին մասնակցելու են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այն լինելու է հրապարակային:

Ինչ վերաբերում է հացադուլին, ապա ԱԺ փոխխոսնակը ասաց, որ տղաներին կոչ է արել դադարեցնել այն և մտնել կառուցողական փուլ:

Դավիթ Պետրոսյանն իր հերթին հայտնեց, որ փորձում են հնարավորինս լինել կառուցողական: Նա նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է դրական ազդեցություն ունենալ գործընթացի վրա: Պետրոսյանի խոսքերով, կլոր սեղանը, որի առաջարկն իրենք արել են և մյուս կողմն ընդունել է, այս պահին լավագույն տարբերակն է. «Այն մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակցել քննարկումներին, կարող են մասնակցել »:

Ինչ վերաբերում է հացադուլին, ապա Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ  այն ինքնանպատակ չէ, այն միջոց էր իրենց ձայնը լսելի դարձնելու համար. «Այս պահին դադարեցնում ենք, քանի որ մեր ձայնը լսեցին»:

Դասադուլի մասով Պետրոսյանն ասաց, որ այն դադարեցվում է մինչև նոյեմբերի 22-ը՝ կլոր սեղանի քննարկումները. «Մեր նպատակն է հարթակ ստեղծել մարդկանց ձայնը բարձրաձայնելու համար և  որ այդ ձայնը տեղ հասնի, ազդեցություն ունենա: Կլոր սեղանի քննարկումներից և արդյունքներից հետո մենք կհասկանանք, թե ինչ քայլեր կարել է ձեռնարկել»:

 

Նույն շարքից