Գլխավոր Հասարակություն Ֆեյսբուք 

«Չես վախենո՞ւմ կյանքիդ ու անվտանգությանդ համար»

analitik.am

Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այս օրերին ինձ ամենաշատ տրվող հարցը՝ «Չես վախենո՞ւմ կյանքիդ ու անվտանգությանդ համար»։
Բոլորին միանգամից պատասխանեմ.
Ոչ, չեմ վախենում։

1. Իմ նկատմամբ իրականացվող շինծու քրեական հետապնդումն այնքան էր ծավալվել, որ դուրս էր եկել նույնիսկ տարրական տրամաբանության սահմաններից։ Ինձ փորձում էին կապել մարդկանց և գործողությունների հետ, որոնց հետ ես ֆիզիկապես չէի կարող կապ ունենալ, քանզի նշված գործողության կատարման ժամանակահատվածում ուղղակի չեմ ճանաչել այդ մարդկանց:

2. Ահռելի չափերի հասնող 18 հատորանոց քրեական գործում ինձ հետ առնչություն ուներ ընդամենը 80 էջը։ Այո, սիրելիներս, իմ քրեական գործը բաղկացած է 18 հատորից։

3. Ինձ փորձեցին վերագրել արարքներ, որոնք ոչ միայն չէին կատարվել իմ կողմից, այլ չկատարված լինելու ապացույցներն էին առկա:

4. Նախաքննության ընթացքում ինձ առաջադրեցին 4 տարբեր մեղադրանքներ, որոնցից երկուսը նախաքննական փուլում կարճվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքում, երրորդով ես արդարացվեցի դատարանում՝ կրկին հանցակազմի բացակայության հիմքով։

5. 9 ամիս տևած նախաքննության ամբողջ ընթացքում ինձ զրկել էին հեռախոսակապի, նամակագրության, տեսակցության, հարազատների և առհասարակ որևէ մեկի հետ շփման իրավունքից։ Այդ առումով ես որպես ՀՀ-ում կին կալանավոր բացարձակ ռեկորդակիր եմ։

6.Հաշվի առնելով 9 ամիս տևած նախաքննական փուլում իմ նկատմամբ կատարված բազմաթիվ հոգեբանական ճնշումները, կալանքի ժամկետի երկարացման հիմքում դրված այն կետը, որի համաձայն, եթե ես ազատության մեջ լինեմ, ապա հոդվածներ կհրապարակեմ և մի շարք այլ կոպիտ խախտումներ, ես փաստում եմ, որ իմ նկատմամբ իրականացվել է հետապնդում և ճնշում՝ պայմանավորված զուտ իմ մասնագիտական գործունեության հետ։

Կետերը կարելի է դեռ երկար թվարկել, բայց առայժմ ամփոփելով այսքանը։

Ես հանդիսանում եմ ՀՀ-ում գործող Analitik.am լրատվա-վերլուծական կայքի, ինչպես նաև համանուն տպագիր թերթի և մամուլի ակումբի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը։
Ու ես չեմ վախենում։

Նույն շարքից