Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Քրդական PKK-ն սպառնում է պատժել Հայաստանում Օջալանին Սեֆիլյանի հետ համեմատողներին

analitik.am

«Անալիտիկ» վերլուծական կենտրոնի աղբյուրները հայտնում են, որ «Սասնա Ծռեր» զինված խմբավորման տեղեկատվական աջակցման ճամբարի ջանքերով Հայաստանում հասունանում է միջպետական անախորժություն: Բանն այն է, որ «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանը սույն թվականի հունվարի 8-ին լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում քաղաքագիտական վերլուծության էր ենթարկել Հայաստանում տեղի ունեցող հասարակական գործընթացները ռազմավարական և մարտավարական բնորոշիչներով: Սամսոնյանը կարծիք էր հայտնել, որ Ժիրայր Սեֆիլյանի կողմից առաջնորդվող շարժումը ռազմավարական տեսանկյունից ի սկզբանե տապալված էր, իսկ մարտավարական առումով իրավիճակը շրջելու համար անհրաժեշտ որևէ ռեսուրսի այլևս չի տիրապետում: Նա մասնավորապես նշել էր, որ «Ժիրայր Սեֆիլյանն իրեն Օջալանի տեղն է դրել, ահաբեկիչներին սատարում է միայն 10-20 հոգանոց խումբ»:

Հարցազրույցում օգտագործված այս և բազմաթիվ այլ եզրույթները ստիպեցին «Սասնա Ծռեր»-ի աջակիցներին օգտագործել սոցիալական ցանցերի տեխնոլոգիաները և հակագրոհ կազմակերպել: Բազմաթիվ կեղծ և իրական օգտատերեր Սամսոնյանի հասցեին անպարկեշտ գրառումներ տարածեցին, տեսանյութեր մոնտաժվեցին, հնչեցվեցին սպառնալիքներ՝ ուղղված Սամսոնյանի և վերջինիս ընտանիքի անդամների հասցեին: Ստորև ներկայացնում ենք այդ գրառումների մի մասը:

Մեր աղբյուրները հայտնում են, որ այս քարոզչական ալիքի մեկնարկից մոտ 48 ժամ անց «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ի հետ կապ է հաստատել Հայաստանում «Քրդական Աշխատավորների Կուսակցության» (PKK) միջնորդ ներկայացած Աբուզետ Կալասյանը։ Վերջինիս և Սամսոնյան Նարեկի միջև բավականին նյարդային խոսակցություն է տեղի ունեցել: Օջալանին Սեֆիլյանի հետ համեմատելը զայրույթ է առաջացրել PKK-ում, բանը նույնիսկ սպառնալիքների է հասել։ Քրդական կուսակցության ներկայացուցիչը զգուշացրել է, որ Օջալանին ցանկացած շարքային արկածախնդիր հանցագործի հետ համեմատելը կարող է լուրջ հետևանքներ թողել հայ և քուրդ ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վրա, ինչպես նաև ավելորդ լարվածություն ստեղծել մեր առանց այդ էլ բավականին պայթունավտանգ տարածաշրջանում։ Մեր տեղեկություններով, Սամսոնյանը միջադեպի առթիվ իրավապահներին դեռ չի դիմել: Մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ի հետ, որը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց վերոնշյալ լուրը։

«Անալիտիկ» վերլուծական կենտրոնը փորձում է կապ հաստատել նաև «Քրդական Աշխատավորների Կուսակցության» գրասենյակի հետ՝ պաշտոնական հարցումով դիմելու նպատակով:

Հիշեցնենք, որ 1978 թվականին ստեղծված այս կուսակցությունը գործունեություն է ծավալում Թուրքիայի և Իրաքի տարածքում: Հիմնադրման պահին այն զինված պայքար է նախաձեռնել՝ պահանջելով քրդական անկախ պետության ստեղծում։ Այդ պայքարը մոտ 40 հազար մարդու կյանք է խլել մինչ օրս: Ներկա պահին քաղաքական պահանջներն ավելի հաճախ սահմանափակվում են հավասար իրավունքների և Քրդական ինքնավարության շրջանակներում: Աբդուլա Օջալանը կուսակցության հիմնադիրներից է, ով 1999 թվականին Նայրոբիում ԿՀՎ օժանդակությամբ ձերբակալվեց և Թուրքիայում դատապարտվեց ցմահ ազատազրկման: Բանտարկման առաջին տաս տարին նա անցկացրել է մենախցում:

«Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ն ամերիկյան մոդելի լիբերալ դեմոկրատական փիլիսոփայություն քարոզող և Ջին Շարպի հայտնի մարտավարությունը շահագործող կազմակերպություն է, որն արդեն 5 տարի է, ինչ Հայաստանում գործունեություն է ծավալում։ Այդ տարիների ընթացքում հասցրել է նախաձեռնել կամ մասնակցել հանրային հնչեղություն ստացած մի քանի քաղաքացիական ակցիաների: Այս կազմակերպությունը հայերեն է թարգմանել Ջին Շարպի հայտնի գիրքը և տիրապետում է դրա էքսկլյուզիվ հեղինակային իրավունքներին:

Հեղինակ «Անալիտիկ կենտրոն»

Նույն շարքից