Այսօր՝ հունվարի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով նախագահի պաշտոնում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թեկնածության մասին հարցին, ասաց, որ վերջինս թեկնածուների թվում չկա:
Բաղդասարյանը նշեց, որ խոսել է Աբրահամյանի հետ և գիտի, որ նա էլ չի ցանկանում նախագահ դառնալ: Բացի դրանից էլ, կուսակցությունում դեռ անուններ չեն քննարկվել:
Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ նախագահի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն սկսելու է քննարկել հունվարի 18-ից:
Ինչ վերաբերում է մամուլում տարածված այն տեղեկություններին, որ նախագահի պաշտոնին հավակնողների թվում է նաև Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ապա ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե հնարավոր է, որ քննարկվի նաև վերջինիս թեկնածությունը: