Հասարակություն Տնտեսություն Քաղաքականություն 

Միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը Դավոսում ընթացող ֆորումին

analitik.am

Դավասում ընթացող միջազգային տնտեսական ֆորումին անդրադարձել են արտասահմանյան պարբերականները: Le Monde-ն գրում է, որ Դավոսում այնքան են մտահոգվում  «մոռացված» մարդկանց մասին, որ նույնիսկ պատրաստ են «փախստականի կյանքից մեկ օր» ապրել: Նախկինում Դավոսի սիրելիններ IT ընկերություններն էլ այսօր արդեն մեղադրյալի կարգավիճակում են՝ մեղադրվում են Թրամփի ընտրվելու, կեղծ լուրերի տարածման, համակարգչային կախվածության և այլ մեղքեր կատարելու մեջ:

The Washington Post  -ն անդրադարձել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի ելույթին, ով օգտագործել է Դավոսի հարթակը հերթական անգամ կանանց իրավունքների համար պայքարը ողջունելու համար: Նա իր խոսքում ասել է, որ աշխարհում կատարվող անկարգությունները  պայմանավորված են նրանով, որ արագ փոփոխվող աշխարհում աշխատողները չեն կարողանում կանխատեսել իրենց և իրենց ընտանիքների ապագան: Նա նշել է, որ անհնար է արհամարհել պատասխանատվությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր Դավոսում չեն և երբեք էլ չեն լինի:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերն էլ փորձել է ուշադրություն հրավիրել դեպի  իրականում «մոռացված» մարդկանց և «մոռացված»  կոնֆլիկտները՝ մասնավորապես դեպի Կոնգոն:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարծիքով էլ պետք է համակերպվել այն փաստի հետ, որ գլոբալիզացիան կորցնում է իր գրավչությունը և հարցի կարգավորումը ոչ թե մեկուսացման, այլ հասկանալու և ընդունելու մեջ է պետք փնտրել:

Le Monde-ն էլ գրում է, որ քննադատության կրակ է թափվել տեղեկատվական հարթակում ազդեցիկ դեր ունեցող  Google, Apple, Facebook և Amazon IT  ընկերությունների վրա:

Նրանց մեղադրել են ամեն ինչում՝ սկսած համակարգչային կախվածությունից, վերջացրած անձնական տվյալների օգտագործամբ և վտանգավոր ծրագրերի ներմուծմամբ:

Հեղինակը գրում է, որ GAFA –ի ղեկավարներն իրենց իսկապես  վիրավորված են զգում, երբ նրանց համարում են  Թրամփի ԱՄՆ նախագահ  ընտրվելու հիմնական մեղավորները:

Edelman  ամերիկյան ընկերությունն էլ հայտնել է, որ ամենամյա «վստահության բարոմետր»   սոցիալական հարցումների արդյունքներով այս տարի ընկել է սոցիալական կայքերի նկատմամբ վստահության աստիճանը, շատ արևմտյան երկրներում էլ աճել է վստահությունը դեպի ավանդական ԶԼՄ-ներ:

Focus-ն էլ անդրադարձել է այն հարցին, որ այս ֆորումի պատճառով Դավոսի բնակիչները և տուրիստները մի ամսով փախնում են քաղաքից: Օգտվում են միայն այն բնակիչները, ովքեր շքեղ տարածքներ ունեն և կարողանում են վարձակալության տալ դրանք հարուստ հյուրերին, իսկ մնացած բնակիչների համար ֆորումի անցկացումը մի շարք անհարմարություններ և կորուստներ է առաջացնում: Տուրիստներն առհասարակ աշխատում են ամբողջ հունվար ամսին չգալ Դավոս: Ըստ ԶԼՄ-ի, Դավոսի բնակիչների համար այս ֆորումը նման է միջազգային մաֆիայի հավաքույթի, ինչից  նրանք ոչ միայն չեն օգտվում, այլ նաև վնասներ են կրում:

Անալիտիկ

Նույն շարքից