Քաղաքականություն 

Չի բացառվում, որ գործ ունենք ֆինանսական միջոցների զգալի յուրացման հետ. Մանե Թանդիլյան

analitik.am

Դեռևս հունվար ամսից բնապահպանները ահազանգում են, որ Թեղուտի պոչամբարի ամբարտակն ունի ճաքեր և պոչանքի թունավոր ջրերը լցվում են Շնող և Դեբետ գետերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին Աժ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա ասաց, որ այս խնդիրն ակնհայտորեն քողարկվում է, և հնարավորություն չի ընձեռնվում մոտենալ տարածքին և տեղում ծանոթանալ իրավիճակին:

Ըստ Թանդիլյանի, փոխարենը «Վալլեքս» խմբի ընկերությունները փետրվարի 2-ին՝ չորս օր առաջ հայտարարեցին, որ հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացման ծրագրի կենսագործմամբ պայմանավորված, ընկերությունը դադարեցնում է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Նշվում է նաև, որ ներկայիս արտադրական ծավալներով ընկերությունը չի կարողանում սպասարկել իր ունեցած վարկային պարտավորությունները և հավելյալ արդյունք ձևավորել, այդպիսով լուծում է շուրջ 1.200 աշխատակիցների պայմանագրերը:

Ստացվում է, որ բնությանը, շրջակա համայնքներին և մարդկանց այդչափ վնաս հասցնելով՝ ընկերությունը չի կարողանում լուծել իր առջև դրված նպատակները:

Որքան էլ այս հայտարարությունը վրդովմունք է առաջացնում, այնուամենայնիվ այն ակնհայտորեն նպատակ ունի քողարկելու վերը նշածս խնդիրները պոչամբարի ամբարտակի ճաքերի մասին: Սրա վառ վկայությունն է նաև «Վալլեքս» -ի հայտարարության այն մասը, որտեղ նշվում է, որ ընկերությունն անցնում է իր տարածքի և գույքի պահպանության առավել խստացված ռեժիմի և այդ նպատակով ներգրավում է պահնորդական ծառայություն:

Միևնույն ժամանակ, անհասկանալի է, թե ինչ նպատակներով են ծախսվել մոտ 300 մլն դոլարի վարկային միջոցները: Ակնհայտ է, որ կատարված աշխատանքների արժեքը այդ գումարի շատ փոքր մասն է կազմում, և չի բացառվում, որ գործ ունենք նաև ֆինանսական միջոցների զգալի յուրացման հետ, ինչը նաև ֆինանսապես ավելի հետաքրքիր է դարձնում ներդրումների հետագա դադարեցումը:

Նույն շարքից