գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Ինչո՞ւ է Երկիր Ծիրանիի կանանց թվում, թե մենք չենք ցանկանում օգնել. Ավագանու ՀՀԿ անդամը՝ ծեծկռտուքի մասին

Ես իհարկե պատրաստ եմ հանդիպել նրանց հետ և զրուցել, բայց եթե նրանք ունակ լինեն ադեկվատ զրույց տանել: Analitik.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ալինա Քուշկյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե պատրաստ են արդյո՞ք ՀՀԿ-ի կանայք հանդիպել ԵԾ կանանց հետ և հարթել խնդիրը: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Տիկին Քուշկյան, երեկ ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածից հետո Երկիր Ծիրանի խմբակցության անդամները հայտարարեցին, որ իրենց նկատմամբ նաև սեռական ոտնձգություն է կատարվել: Ի՞նչ կարող եք ասել այս մասով:

Ճիշտն ասած, ես տեսանյութերը նայել եմ և նմանատիպ բան չկա: Դա նույնիսկ ծիծաղելի է: Դրա մասին խոսք լինել չի կարող, ինչպե՞ս կարելի է առհասարակ նման բան ասել: Ավելացնելու բան էլ չունեմ այդ մասով: Սեռական ոտնձգության մասով մեղադրանքը լրիվ անհեթեթ եմ համարում:

Իսկ այս միջադեպից հետո Դուք անձամբ զրուցե՞լ եք Երկիր ծիրանի խմբակցության անդամների հետ: Ինչու եմ հարցնում, որովհետև կարծիք կա, որ գոնե կանացի սոլիդարությունից ելնելով, ՀՀԿի կանայք պետք է պաշտպանեին վերջիններիս:

Ոչ, չեմ խոսել: Բանն այն է, որ նրանք նիստի կեսից գնացին, երբ դեռ օրակարգը չէր վերջացել: Հետո նրանց չեմ տեսել: Չեմ խոսել հետները: Նրանց պահվածքն առնվազը տարօրինակ էր: Այստեղ կանացի սոլիդարության հարց չէ, այլ քաղաքակիրթ շփման և պահվածքի: Մենք թշնամիներ չենք, պետք է փոխադարձ ձեռք մեկնենք իրար, այլ ոչ թե սադրանքներ և կոնֆլիկտներ հրահրենք և զբաղվենք ոչ թե հիմնական խնդիրների լուծմամբ, այլ փոխադարձ թշնամանք սերմանելով: Սա ճիշտ չէ:

Այսինքն՝ Դուք դեմ չեք լինի՞ հանդիպել:

Ոչ…Ես կարծում եմ, որ նրանք պետք է հասկանան՝ նման պահվածք պետք չէր այստեղ դրսևորել: Նման արարքը պետք է համապատասխան գնահատական ստանա: Հարցն այն չէ, որ ես Հանրապետական եմ, նրանք՝ այլ կուսակցությունից, մենք բոլորս էլ հայ ենք և մտահոգ ենք թե մեր երկրի, թե քաղաքի խնդիրներով, որոնք լուծելուն խանգարում է նման պահվածքը: Էթիկայի նորմեր գոյություն ունեն, պահելաձևի նորմեր: Պետք է նման պահվածքը դատապարտվի: Սա ոչ ադեկվատ պահվածք է: Եթե դուք տեսնեք Երևանի ավագանու նիստերը, որոնք նկարահանվում են և առցանց հեռարձակվում, կտեսնեք, որ որևիցե մեկը որևէ անգամ ավելորդություն թույլ չի տալիս նրանց նկատմամբ: Ես չեմ ասում, որ կինը պետք է ձայնը կտրի, նստի, և էական էլ չէ խոսքը կնոջ, թե տղամարդու մասին է, առհասարակ յուրաքանչյուր մարդ պետք է զուսպ և իրավաչափ պահվածք դրսևորի: Այս մթնոլորտը պետք է փոխվի, մենք այսպես որևիցե լավ տեղ չենք հասնի, բարություն պետք է լինի, փոխհամաձայնություն: Մեկս մյուսին պետք է հասկանա: Չարախոսելով, չարախնդալով չենք կարող ինչ-որ բանի հասնել:

Ինչո՞ւ ,օրինակ, նրանք չմոտեցան մեզ ասեին, որ նման խնդիր կա, միգուցե մենք էլ կարողանայինք օգնել: Ինչո՞ւ է նրանց, թվում, որ մենք չենք ցանկանում օգնել:

Տիկին Քուշկյան, արդեն երեկ Երկիր Ծիրանիի անդամները հաղորդում են ներկայացրել իրավապահներին: Բացի դրանից, նրանք հայտարարել են, որ մինչև վերջ գնալու են բոլոր մեղավորներին պատժելու համար: Ի՞նչ կասեք այս մասով:

Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի, դա իրավապահների գործն է: Կուզենայի, որ կատարվածին տրվեր իրավական գնահատական, որպեսզի նմանատիպ երևույթներն այլևս չկրկնվեն: Պետք է վերլուծել, թե ինչն ինչից հետո եղավ: Նախ նրանք դիմակներով ու ձեռնոցներով այդ նյութը ձեռքներին մոտեցան քաղաքապետին: Սա արդեն նորմալ չէր: Մենք ինչպե՞ս կարող էինք իմանալ, թե ի՞նչ նյութ է դա, գուցե թունավոր լուծույթ էր, իսկ այդպես կարելի էր ենթադրել, քանի որ նրանք ձեռնոցներ և դիմակ էին կրում, ուստի ի՞նչ անեինք, չպաշտպանվեի՞նք:

Երկիր Ծիրանի անդամներն ասում են, որ դա որպես նվեր են տարել:

Իսկ ո՞վ կարող էր դա երաշխավորել: Մենք ինչպես պետք է իմանայինք այդ մարդու մտադրությունները: Ես չեմ ընդունում բռնությունը՝ ոչ տղամարդու, ոչ էլ առավել ևս կնոջ նկատմամբ: Նրան տաս անգամ խնդրեցին դուրս գալ, ինչո՞ւ դուրս չեկավ: Հասկանում ենք, որ քաղաքում խնդիրներ կան, որ պետք է լուծվեն: Խնդիրներ միշտ էլ լինելու են, բայց դա չի նշանակում, որ խնդիրները պետք է լուծել նոր խնդիր հրահրելով:

Նշենք, որ մենք կապ հաստատեցինք նաև Երկիր Ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի հետ: Տիկին Խաչատրյանը նշեց, որ հեռախոսով հարցազրույց չի ցանկանում տալ, իսկ հանդիպել չի կարող, քանի որ գրաֆիկը ծանր է: Ամեն դեպքում նա նշեց, որ առաջիկա օրերին մեկնաբանություններ կլինեն:

Փորձեցինք նաև կապ հաստատել ԵԾ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:

 

 

  • 301
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    301
    Shares

Նմանատիպ նյութեր