Հասարակություն Մշակույթ 

Միջնադարյան մարդկանց փնթիությունն ու բարքերը

Միջնադարը հիշատակելիս , մարդկային երևակայությունը սկսում է կերտել շքեղ հագուստներ և ճոխ պարահանդեսներ : Որոշ կանայք անգամ երազում են ծնված լինել այդ  « հիանալի » դարաշրջանում , սակայն իրականությունն այլ է ։ Միջնադարում տիրում էր սարսափելի հակահիգիենիկ վիճակ , սեփական մարմնի մասին հոգ տանելը գրեթե իսպառ վերացել էր ։ Եվ ինչքան էլ զարմանալի թվա , այն ժամանակ հիգիենայի բացակայության համար պատասխանատու էր եկեղեցին : Քրիստոնեության մուտքով՝ քարոզիչների կողմից փակվեցին բոլոր բաղնիքները՝ պատճառաբանությամբ , թե բոլորի առաջ մերկանալը մեղք է  , բացի այդ՝ թանկ էր նաև փայտը :

Եթե 15-16-րդ դարերում մարդիկ լոգանք էին ընդունում գոնե մի քանի ամիսը մեկ անգամ , ապա 18-րդ դարում ընդհանրապես դադարեցին լողանալ : Մինչև 18-րդ դարը եվրոպացիները լվանում էին միայն ձեռքերը և ողողում բերանը : Պարբերաբար ամբողջ դեմքը լվանալ խորհուրդ չէր տրվում հենց բժիշկների կողմից , քանի որ վերջինններս կարծում էին , որ դա բորբոքումների կամ տեսողության կորստի կարող է հանգեցնել : Պատմությանը հայտնի են շոկային փաստեր Լյուդովիկոս 14-րդի մասին : Նա ամբողջ կյանքում լողացել է ընդամենը մի քանի անգամ , այն էլ՝ բժիշկների պարտադրմամբ :

Լոգանք ընդունելու բացակայության հետ զուգահեռ , միջնադարում հայտնի է զուգարանների բացակայությունը , և դրանց փոխարինում էին գիշերանոթները: Անգամ Վերսալում ոչ մի զուգարան նախատեսված չէր : Երկար միջանցքներում կախված էին ծանր վարագույրներ , որոնց հետևում մարդիկ հոգում էին իրենց բնական կարիքները : Հիմա էլ , պալատի որոշ հատվածներում կարելի է զգալ այդ տհաճ հոտը : Այդ իսկ պատճառով ,  սկսեցին լայն տարածում ստանալ օծանելիքները , որոնք խլացնում էին մարդկային մարմինների գարշահոտությունը : Այդ ժամանակների համար բնորոշ լայնեզր գլխարկները նույնպես մեծ տարածում գտան , քանի որ դրանք համարվում էին պաշտպանիչ միջոց , շենքերից դուրս թափվող կեղտաջրերի համար ։

Միջնադարյան տիկինները հոգ չէին տանում իրենց հիգիենայի մասին , այդ գեղեցկուհիներն անգամ պատկերացում չունեին հասարակ քաղաքակիրթ առավելությունների մասին : Հայտնի է , որ մինչև 1920 թվականը  որոշ նշանավոր կանայք հանրությանը ներկայանում էին միայն փակ զգեստներով :

Դժվար է նաև պատկերացնել,  որ քրտինքի հոտի դեմ պայքարելն այնքան էլ հեշտ չի եղել , իսկ ինտիմ օրգանների պարբերաբար լվացումը անպտղության պատճառ է համարվել ։ Միայն 1888 թվականին վերջապես մտածեցին քրտինքի դեմ պայքարելու միջոցի մասին և առաջին հակաքրտինքային միջոցը հնարեցին ։ Բացի այդ, նրանցից շատերն անձամբ չէին համաձայնվի լոգանք ընդունել: Օճառից ևս չափազանց քիչ են օգտվել , քանի որ կարծել են , որ ջրի հետ ծակոտիներ են ներթափանցում տարբեր վարակներ , որոնց հետևանքով օրգանիզմը թուլանում է և իրենք թոքախտով են հիվանդանում ։ Համարվել է , որ հաճախ լոգանք ընդունելու հետևանքով մարդիկ հիվանդանում են : Օրինակ Ֆրիդրիխ Բիլցը 19-րդ դարի վերջին իր «Նոր բնական առողջություն» գրքում հորդորում է գերմանացիներին . «Կան մարդիկ , որոնք ճիշտն ասած , չեն համարձակվում գետերում լողալ կամ լոգանք ընդունել , քանի որ հենց մանուկ հասակից երբևէ ջուրը չեն մտել : Այդ վախն անհիմն է , 5-6 անգամ լոգանք ընդունելուց հետո դրան կարելի է սովորել» :

Լողանալուց ավելի վատ կարող էր միայն ընթերցանությունը համարվել : Բժիշկները հավաստում էին , որ գիրք ընթերցելը և առհասարակ մտավոր գործունեությունը կանանց համար հատկապես վտանգավոր է դաշտանի օրերին , երբ բարոյական գերլարվածությունը վտանգավոր է դառնում նրանց առողջության համար :

Ի դեպ, ևս մեկ բացահայտում միջնադարյան եվրոպացիների և գրքերի կապի մասին։

«Գիտնականները ուսումնասիրել են այդ ժամանակաշրջանի կրոնական գրքերի աղտոտված էջերը ,  և պարզ է դարձել մի շարք փաստարկներ , գրում է BBC-ին   ։  Նրանց խոսքերով՝ միջնադարյան ընթերցողներն ունեին նույն սովորույթները և մտավախությունները , ինչ ժամանակակից մարդիկ , նրանք վախենում էին հիվանդություններից , էգոիստ էին և հաճախ քնում էին ընթերցանության ժամանակ : Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև , որ եվրոպական կրոնական գրքերի ամենաաղտոտված էջերը նրանք են , որոնք պարունակում էին սուրբ Սեբաստիանին նվիրված աղոթքներ : Ըստ պատմության , նրան նետահարել էին , այնուհետև քարկոծելով՝ սպանել : Գիտնականներից մեկի կարծիքով՝ մարդիկ ընտրում էին հենց այդ էջերի աղոթքները՝ որպեսզի բժշկվեն  :

19-րդ դարի կեսերին, երբ վերջնականապես հաստատվեց բակտերիաների և կեղտի դերը հիվանդությունների զարգացման հարցում, պարբերաբար լոգանք ընդունելը սկսեց զանգվածային բնույթ կրել: ,Այս ամենի հետ մեկտեղ , կարելի է վստահաբար ասել , որ միջնադարում շատ դժվար էր ապրել այդպիսի սոսկալի հակահիգիենիկ պայմաններում և վաղաժամ չմահանալ ինչ-որ հիվանդությունից ։

Եվ վերջում, մեջբերում ենք Հերման Հեսսե-ի «Տափաստանի գայլը» գրքից   մտքեր  և հարցնում ․ « Դեռ ուզու՞մ եք ապրել միջնադարում» ։

« Իրականում դրանք բնավ էլ դաժանություն չեն ներկայացնում: Միջնադարի մարդուն մեր այսօրվա կենսակերպը կարող էր թվալ ավելի քան դաժան , սարսափելի ու վայրենի: Յուրաքանչյուր ժամանակաշրջան , յուրաքանչյուր մշակույթ , յուրաքանչյուր սովորություն ու սովորույթ ունի իր ոճը , իրեն համապատասխան քնքշությունն ու դաժանությունը , գեղեցկությունն ու կոպտությունը , ինչ-ինչ տառապանքներ նրանց համար թվում են բնական , չարության ինչ-որ տեսակ թվում է տանելի : Մարդկային կյանքն իսկական տառապանք , դժոխք է դառնում այնտեղ , որտեղ հանդիպում են երկու ժամանակաշրջաններ , երկու մշակույթ , երկու կրոն : Եթե անտիկ դարաշրջանի մարդը ստիպված լիներ ապրել միջնադարում , ապա նա ողորմելիորեն շնչահեղձ կլիներ , նմանապես որևէ վայրենի շնչահեղձ կլիներ մեր քաղաքակրթության պայմաններում : Բայց կան ժամանակներ , երբ ամբողջական սերունդներ հայտնվում են երկու դարաշրջանների , երկու կենսակերպերի միջակայքում, այնպես  որ ոչնչանում է ցանկացած բնականություն , ցանկացած ավանդույթ , ցանկացած պաշտպանվածություն ու անմեղություն » :

Հեղինակ՝ Յանա Մարտիրոսյան 

  • 17
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    17
    Shares

Related Articles