Իրավական Հասարակություն Հարցազրույց 

«Վիրավորված» դատավորներ և տուգանված փաստաբաններ. ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը՝ փաստաբանների հետագա պայքարի մասին

analitik.am

Փաստաբանների նկատմամբ տուգանք սահմանելու, փաստաբանների հետագա պայքարի և հայաստանյան դատական համակարգի մասին Analitik.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

-Պարոն Զոհրաբյան, ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում փաստաբանների նկատմամբ տուգանք սահմանելու դրույթը, որն անցած շաբաթ ընդունվեց ԱԺ-ի կողմից:

-Ի տարբերություն այսօր գործող իրավակարգավորման, դատավորն իրավունք է ստանում փաստաբանի նկատմամբ անմիջականորեն կիրառել 100000 ՀՀ դրամ տուգանք, եթե համարի, որ փաստաբանն անհարգալից վարքագիծ է դրսևորում կամ պատշաճ չի կատարում իր դատավարական պարտականությունները: Մենք հաճախ ենք ունենում այնպիսի իրավիճակներ, երբ փաստաբանը առարկում է դատավորի գործողությունների դեմ, կամ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին: Այս դեպքում, դատավորը կարող է «վիրավորվել» և փաստաբանին տուգանել:

Ընդ որում, տուգանքների քանակը սահմանափակված չէ: Սա կարող է սառեցնող էֆեկտ ունենալ և որոշ փաստաբանների կաշկանդել առավել ջանասիրաբար պաշտպանել իրենց վստահորդներին:

-Կարո՞ղ եք փաստել, որ սրանով վտանգվում է փաստաբանների անկախությունը:

-Այս տեսքով դատական տուգանքը, այո կարող է վտանգել փաստաբանների անկախությունը:

-Տեսեք, Փաստաբանների պալատը հայտարարեց գործադուլների մասին և հանդես եկավ տարատեսակ հայտարարություններով, սակայն արդեն այսօր փաստաբանների պալատի հասցեին մեղադրանքներ են հնչում առ այն, որ ձեռնարկված քայլերն ուշացած էին, ի՞նչ կասեք այս մասին:

- Մեր հրապարակային պայքարը սկսել ենք 2017թ. հոկտեմբերի 31-ից: Այդ օրը հրապարակային կարգով քննադատել ենք դատական օրենսգրքի նախագիծը, որը դեռ կառավարությունը չէր հաստատել: Այնուհետև, 2017թ. նոյեմբերի 8-ին պալատում քննարկում է կազմակերպվել, 2017թ. նոյեմբերի 21-ին ՀՀ արդարադատության նախարարությանն է ուղարկվել դատական սանկցիայի վերաբերյալ մեր առաջարկությունը, 2017թ. դեկտեմբերի 22-ին հրավիրվել է մամուլիս ասուլիս, 2018թ. հունվարի 16-ին դիմել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին և ՀՀ արդարադատության նախարարին, 2018թ. հունվարի 16-ին պալատում քննարկում է կազմակերպվել և ներկա փաստաբանները հայտարարություն են տարածել, որից հետո հունվարի 17-ին հայտարարությանը միացել է 608 փաստաբան, իսկ հինգ օրվա ընթացքում՝ 1354 փաստաբան, 2018թ. հունվարի 22-ին Լոռու մարզի փաստաբանները, 2018թ. հունվարի 24-ին Շիրակի մարզի փաստաբանները, 2018թ. հունվարի 26-ին Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանները, 2018թ. հունվարի 30-ին Սյունիքի մարզի փաստաբանները մեկ օրյա բողոքի ակցիաներ են իրականացրել, իսկ 2018թ. հունվարի 25-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամները հանդիպել են ազգային ժողովի ներկայացուցչի հետ:

Այս գործողություններից հետո ՀՀ դատական օրենսգրքի նախագծից դուրս եկան այդ վիճելի կարգավորումները: Հետո իհարկե այդ կարգավորումները որոշակի փոփոխություններով տեղ գտան այլ փաթեթում, դրան կանդրադառնամ, բայց կարծում եմ, որ մեզանից կախված ամեն քայլ արել ենք:

-Փաստորեն ստացվում է՝ չնայած ձեր կողմից նախաձեռնած բողոքի ակցիաներին, օրենքն ընդունվեց: Ձեր պայքարը սրանով ավարտվելո՞ւ է: Վերջիվերջո, ստացվում է, որ փաստաբանների պալատից, այսպես ասած, խլում են կարևոր գործառույթներից մեկը, քանի որ եթե մինչ այժմ պալատին էին դիմում փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար, ապա այժմ դա կանի հենց դատավորը դատարանում՝ իր սուբյեկտիվ մոտեցմամբ:

- Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի փաթեթում ներառվեցին վիճելի կարգավորումները, ինչի մասին բազմիցս խոսել ենք, ինչն էլ հիմք դարձավ արդեն երկօրյա բողոքի ակցիաների, մեր նախաձեռնող խմբի անդամների ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումների համար:

Կառավարությունն այստեղ որոշ փոփոխություններ է կատարել, հատկապես փոխել էր այն ձևակերպումը ըստ որի տուգանք նշանակելու մասին որոշումն ենթակա է կատարման, անկախ դրա բողոքարկումից: Նոր փոփոխությամբ բողոքարկումը կասեցնում է տուգանք նշանակելու մասին դատարանի որոշման կատարումը: Բայց միայն դա բավարար երաշխիք չէ փաստաբանի համար: Մեր պայքարը դեռ չի ավարտվել:

Ինչպես գիտեք նախաձեռնող խումբը դիմել է Հանրապետության Նախագահին և խնդրել է չստորագրել նշված օրենքները: Հետագայում, եթե հաջողություն չունենանք, դիմելու ենք Մարդու իրավունքների պաշտպանին և բարձրացնելու ենք այդ օրենքների սահմանադրականության հարցը: Մեզ չի հետաքրքրում այն հարցը, թե այդ լիազորությունը ինչու է փաստաբանների պալատից վերցվում, մեզ հետաքրքրում է այն հարցը, թե արդյո՞ք նոր կարգավորումը փաստաբանի անկախությունը չի վտանգի:

-Իսկ ի՞նչ եք կարծում, Կառավարությունն ինչո՞ւ ետքայլ չարեց: Ինչո՞ւ էր պետք այս փոփոխությունն ընդունել հենց հիմա և այսքան հրատապ:

- Այդ հարցին հստակ չեմ կարող պատասխանել, իսկ պատասխանս էլ կարող է ենթադրությունների մակարդակով լինել: Արդեն կառավարությունը երկխոսություն սկսելու պատրաստակամություն է հայտնել՝ դատական տուգանքի կիրառման դեպքում փաստաբանի անկախության լրացուցիչ երաշխիքներ սահմանելու կապակցությամբ: Հետևաբար, մենք նաև այս ճանապարհով փորձելու ենք լրացուցիչ երաշխիքներ սահմանելուն ուղղված բանակցություններ վարել:

-Կան արդյո՞ք մեր նման երկրներ, որտեղ այս պրակտիկան կիրառվում է և արդարացված է: Ինչու եմ սա ասում, քանի որ մենք չենք կարող համեմատվել, օրինակ, ԱՄՆ-ի կամ Գերմանիայի հետ:

- Փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորությունը հիմնականում ամրագրված է անգլոսաքսոնական երկրներում: Բայց չմոռանանք, որ այդ երկրների դատաիրավական համակարգը, ինչպես նաև դատարանների նկատմամբ վստահության մակարդակը էականորեն տարբերվում են և բնականաբար չի կարելի այդ երկրներից վերցնել միայն «մահակը» առանց մյուս կարևոր ինստիտուտների:

-ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ կարծիք հնչեց, որ փաստաբանները պետք է միանգամից դիմեն միջազգային ատյաններին, իմաստ չկա սպառել հայաստանյան ատյանները: Ի՞նչ եք պատրաստվում անել Դուք:

- Մենք քննարկում ենք նաև այդ ճանապարհը: Խնդիրն այն է, որ դատական տուգանքի մասով այդ օրենքներն ուժի մեջ են մտնելու միայն 2019 թվականի հունվարի 1-ից հետո, իսկ ՄԻԵԴ դիմելու համար, անձի նկատմամբ պետք է, որ կիրառված լինի այդ օրենքը և նա ներպետական ատյաններում պետք է սպառի իրավունքի պաշտպանության բոլոր միջոցները: Չնայած, որ լինում են դեպքեր, երբ անձն առանց ներպետական միջոցները սպառելու կարողանում է հաղթահարել ՄԻԵԴ դիմելու շեմը, բայց այստեղ ուշագրավ է այն հարցը, թե արդյոք կարող ենք չկիրառված օրենքի (Actio popularis) առնչությամբ դիմել ՄԻԵԴ: Դեռ ուսումնասիրում ենք:

-Իսկ ի՞նչ կասեք դատական նոր օրենսգրքի մասին: Մասնավորապես այն մասով, որ դատավորների նկատմամբ առաջարկվում է վարույթ հարուցվել ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա:

- Այս պահին ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանել: Բազմակողմանի չեմ ուսումնասիրել խնդիրը:

-Իսկ առհասարակ ի՞նչ կասեք ներկայիս դատական համակարգի մասին, ինչպե՞ս կբնութագրեք այն, մեր դատական համակարգը կարելի՞ է անկախ համարել և արդյո՞ք նոր դատական օրենսգիրքը նպաստում է դատական իշխանության անկախացմանը:

- Դատական համակարգն աստիճանաբար առողջանում է: Այս էվոլուցիոն երևույթին շատ են օգնում ուժեղ կամք ունեցող անհատ դատավորները: Այն, որ կոռուպցիան համակարգից վերացված չէ, վկայում են հանրահայտ քրեական գործերը:

Իմ կարծիքով, դատաիրավական համակարգային կոռուպցիան վերացված է և մնացել են միայն մասնավոր կոռուպցիոն դրսևորումները: Համակարգային կոռուպցիա ասելով՝ նկատի ունեմ քննիչ-դատախազ-դատավոր-վերադաս դատավոր «մեկ պատուհանի» շղթան, որը խորհրդային տարիներից մեր երկիրը ժառանգություն էր ստացել: Նոր դատական օրենսգիրքն ընդհանրապես ապակենտրոնացրել է դատական համակարգը և դարձրել է երկգլխանի կառույց: Ի վերջո, մեր երկրի նման փոքր պետություններում շատ բան է կախված կոնկրետ անձերից և անկախ համակարգային լուծումներից, անձը կարող է բարելավել համակարգը կամ չբարելավել:

 

Մնացականյան Արթուր

Նույն շարքից