Իրավական 

Հայաստանում ներդրվում է դատական վեճերի հաշտարարի ինստիտուտ

analitik.am

ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է   «Հաշտարարության մասին» օրենքի նախագիծ: Ըստ այս օրենքի նախագծի, հաշտարարության նպատակն է կողմերի միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելը:

Հաշտարարություն կարող է իրականացվել քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերով:

Ստեղծվելու է մշտապես գործող հաշտարարական հաստատություն, որն իրավաբանական անձ է:

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան և արտահերթ ժողովների գումարման միջոցով:

Ըստ օրենքի նախագծի, հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն՝ կողմերի միջև ծագած վեճը հաշտությամբ լուծելու նպատակով:

Հաշտարարն իրավունք ունի իր գործունեությունն իրականացնել ինչպես անհատապես, այնպես էլ մշտապես գործող հաշտարարական հաստատությունում:

Սահմանված են նաև հաշտարարի իրավունքներն ու պարտականությունները,ըստ այդմ.

Հաշտարարն իրավունք ունի`

Հաշտարարության ընթացքում հանդիպումներ կազմակերպել ինչպես հաշտարարության բոլոր կողմերի հետ միաժամանակ, այնպես էլ հաշտարարության յուրաքանչյուր կողմի հետ առանձին.

Ազատորեն կիրառել օրենքով չարգելված հաշտարարության մեթոդներ.

Իր ծառայությունների դիմաց ստանալ վճար՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

Գովազդել ծառայությունները:

Հաշտարարը պարտավոր է`

Մինչև հաշտարարությունն սկսելը հաշտարարության կողմերին պարզաբանել իր դերը, հաշտարարության գործընթացի բնույթը, հաշտության համաձայնության և նման համաձայնություն ձեռք չբերելու հետևանքները.

Հրաժարվել հաշտարարություն իրականացնելուց, եթե գտնում է, որ իր մասնակցությունը հաշտարարության գործընթացին կհանգեցնի հաշտարարության որևէ սկզբունքի կամ հաշտարարի վարքագծի կանոնների խախտման.

Պահպանել հաշտարարության սկզբունքները և հաշտարարի վարքագծի կանոնները.

Անցնել հաշտարարների ամենամյա պարտադիր վերապատրաստումը:

Ինչ վերաբերում է հաշտարարության ընթացքում բացահայտված կամ արտահայտած տեղեկությունների գաղտնիությանը, ապա դրանք  կարող են հրապարակվել այն տրամադրած անձի գրավոր համաձանությամբ կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Հաշտարարը, կողմերը կամ հաշտարարությանը մասնակցած կամ մասնակցող յուրաքանչյուր անձ չեն կարող հարցաքննվել որպես վկա այն տեղեկությունների վերաբերյալ, որոնք իրենց հայտնի են դարձել հաշտարարության ընթացքում՝ բացառությամբ ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքով նախատսված դեպքերի:

Օրենքի նախագծով սահմանված են նաև հաշտարարության իրականացման հետ կապված ծախսերը, որոնք ներառում են հաշտարարի վարձատրության գումարը, կողմերի համաձայնությամբ հաշտարարի կրած ծախսերը:

Հաշտարարի կողմից հաշտարարության հետ կապված ծախսերը կողմերը կրում են հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Եթե հաշտարարը հրաժարվում է հաշտարարությունն իրականացնելուց, ապա նա պարտավոր է կողմերին վերադարձնել իրեն վճարված վարձատրության գումարը:

Ովքե՞ր կարող են  հաշտարարի արտոնագիր ստանալ

Ըստ օրենքի, արտոնագրված հաշտարարի որակավորում կարող է ստանալ՝

25 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող անձը.

Դատավորի պաշտոնում պաշտոնավարման առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող նախկին դատավորը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրա լիազորությունները դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու, կամ նրա լիազորությունները դադարել են նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով.

Իրավունքի ոլորտում մասնագիտական աշխատանքի առնվազն երեք տարվա փորձառություն ունեցող իրավաբան գիտնականը:

Արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին՝

որը հանրային ծառայող է.

դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ.

որը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել.

ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

Արտոնագրված հաշտարարի որակավորում ստանալու համար հաշտարարի թեկնածուն, բացառությամբ նախկին դատավորի և իրավաբան գիտնականի, անցնում է արդարադատության նախարարի կողմից հաստատված ծրագրին համապատասխան որակավորման դասընթաց կամ ներկայացնում է օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագիր, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումն իրականացնում է հաշտարարության որակավորման հանձնաժողովը, և հանձնում է որակավորման քննություն, որն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով: Հաշտարարի թեկնածու նախկին դատավորը կամ իրավաբան գիտնականը մասնակցում են միայն հարցազրույցի փուլին:

«Հաշտարարության մասին» օրենքը պետք է ուժի մեջ մտնի Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն էլ  հաշտարարության իրականացման կանոնները պետք է  սահմանի մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը:

 

«Անալիտիկ»

 

 

Նույն շարքից