Առողջապահություն 

Դեղերի գները բարձրանալու են, հերթեր են առաջանալու

analitik.am

Կառավարության դիրքորոոշումն անհասկանալի է, հոնքն ուղղելու փոխարեն աչքն են հանելու: Այսօր՝ փետրվարի 27-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը՝ խոսելով մարտի 1-ից դեղատոմսերով դեղերը վաճառելու մասին:

Մարգարյանի խոսքերով, այսպիսով` առաջանալու է մեծ ստվերային համակարգ, դեղերի անօրինական առք ու վաճառք: Բացի դրանից, պատգամավորը կարծում է, որ այս որոշմամբ, սահմանափակվում է նեղ մասնագետների աշխատանքային գործունեությունը. «Ստացվում է, որ բժիշկները սրտային պրեպարատ դուրս գրելու համար հիվանդին պետք է ուղարկեն թերապևտի մոտ: Այսինքն՝ հիվանդի համար պետք է նոր քարտ բացվի, որպեսզի նշանակվի սրտային պրեպարատ: Կրկնակի մուծումներ են լինելու»:

Մարգարյանի համար անհասկանալի է, թե ինչպես պետք է դասավորվեն քայլերը, երբ հրատապության խնդիր կա: Նման բան կարող է լինել, օրինակ ,գյուղերում, որտեղ գիշերն ինչ-որ մեկը կարող է ներարկման կարիք ունենալ, իսկ ներարկվող դեղերը մարտի 1-ից դեղատոմսով են լինելու:

Պատգամավորը վստահ է, որ փոփոխությունները հերթեր են առաջացնելու, քանի որ դեղատոմսեր գրելու հետ կապված խնդիրներ է առաջանալու առաջին հերթին բժիշկների մոտ, ովքեր չեն կարողանալու պահանջվող կարգով դեղատոմսեր դուրս գրել, իսկ եթե կարողանան էլ, դրա համար ժամանակ է անհրաժեշտ լինելու. «Այս որոշումը բնակչության մոտ խուճապ է առաջացրել, մարդիկ մեծ քանակությամբ դեղորայք են գնում, ինչը հետագայում բերելու է սպեկուլացիայի և դեղերի գների բարձրացման»,-ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ Ծառուկյան դաշինքն առաջարկում է խորհրդարանական լսումներ հրավիրել՝ հարցը քննարկելու համար:

Նույն շարքից