Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Հայկական դիվանագիտության տապալման մաթեմատիկան

analitik.am

Արտաքին քաղաքական օրակարգը մշակելիս՝ հույժ կարևոր է այն հենել հստակ հաշվարկների վրա: Թեպետ, միջազգային հարաբերությունները համարվում են հումանիտար ոլորտի գիտություն, պրակտիկան ցույց է տալիս, որ հումանիտար ուղղվածության մտածելակերպն այս դաշտում կարող է կարճաժամկետ նվաճումներ պարգևել, բայց երկարաժամկետ կտրվածքով այն միշտ տապալվում է: Այս խնդիրն առավել արդիական է Հայաստանում, որտեղ ձևն ավանդաբար ավելի է կարևորվում, քան բովանդակությունը։ Քաղաքական գործիչների առոգանությունն ու դեմքի արտահայտությունը մեզանում շատ ավելի հաճախ են դառնում վերլուծությունների առարկա, քան արտաքին առևտրի սալդոներն ուսումնասիրելու հմտությունները: Սա է նաև պատճառներից մեկը, որ մեր դիվանագիտական ոլորտում հաճախ կարելի է լսել «դարավոր բարեկամություն» բառակապակցությունը, մինչդեռ տնտեսական վերլուծություն կատարելու ունակությամբ դիվանագետները գրեթե իսպառ բացակայում են: Փաստենք, որ աշխարհում դիվանագիտական հարաբերությունների հիմքում միշտ շահն է, իսկ շահի հիմնական չափորոշիչը՝ տնտեսությունը։

Արտաքին հարաբերությունների այս թյուրըմբռնումը հետևանք է այն բանի, որ, թեպետ, անընդհատ խոսվում է արտաքին վեկտորների բալանսավորման մասին, բայց այդ ուղղությամբ իրական քայլեր չեն ձեռնարկվում: Չեն էլ կարող ձեռնարկվել, քանի որ նրանք, ովքեր խոսում են, ունակ չեն վերլուծել դիսբալանսի առաջացման պատճառները: Ռուսաստանի ազդեցությունից բողոքող արևմտամետները չեն կարողանում տնտեսագիտորեն վերլուծել ու հասկանալ, թե որտեղից է այդ ազդեցությունը գոյանում և ինչպես է պետք դրա դեմ պայքարել: Արևմուտքի կողմնակալության մասին խոսող կենտրոնամետ ուժերը նույնպես չեն անդրադառնում հարցի զուտ տնտեսական կողմին:

Ըստ այդմ, որպես արևմտամետ հանդիսացող ԵԼՔ դաշինքի ֆրակցիայի ղեկավարը հրապարակավ համագործակցելու առաջարկ է անում ՀՀ այն վարչապետին, որի պաշտոնավարությունը լիովին կախված է «Գազպրոմ» ընկերության հասույթից: Այսինքն՝ արտաքին քաղաքական բալանսավորման օգտին հանդես եկող քաղաքական ուժն ուզում է համագործակցել մի դրածոյի հետ, ում ռուսական պետական մայր ընկերությունը Հայաստանում ունի ավելի մեծ բյուջե, քան ՀՀ զինված ուժերը: Բնականաբար, այդ բյուջեից օգտվում են լրագրողներ, պետական պաշտոնյաներ, ակտիվիստներ ու բոլոր այն փորձագետները, որոնք կոչված են պահպանելու ներկայիս արտաքին քաղաքական դիսբալանսը:

Կենտրոնամետ ուժերն էլ այցելում են ԱՄՆ, փորձելով այդ երկրի քաղգործիչներին բացատրել իրենց իսկ երկրի շահը՝ մի տեսակ անտեսելով այն փաստը, որ Ադրբեջանի տնտեսության հիմքում հենց անգլո-սաքսոնական աշխարհի ներդրումներն են և Ադրբեջանի հիմնական գործընկեր Իսրայելը դե ֆակտո ԱՄՆ նահանգներից մեկն է: Սա պարզ մաթեմատիկա է. Եթե չլինի ԱՄՆ սուբսիդավորումը, չի լինի Իսրայել պետությունը: Այս փաստն ավելի պատկերավոր դարձնելու համար բավարար է ուսումնասիրել ԱՄՆ դաշնային բյուջեից այդ երկրի նահանգներին տրվող սուբսիդիաների չափերը և համեմատել դրանք Իսրայելին տրվող օգնության հետ: Փաստացի ԱՄՆ դաշնային բյուջեից Իսրայելին տրամադրվող սուբսիդիան մեկ շնչի հաշվով ավել է, քան Տեխաս, Կալիֆորնիա կամ Նյու Մեքսիկո նահանգներին տրվող սուբսիդիաները:

Այս պարզ թվաբանության անտեսումը դրդում է արևտամետ ընդդիմությանն օգնություն փնտրել ռուսական կապիտալում, իսկ կենտրոնամետ ուժերին էլ՝ Արցախի հակամարտության լուծումը փնտրել այնտեղ, որտեղից ֆինանսավորվում է հակառակորդը: Քանի դեռ մեր դիվանագետների ու փորձագետների հռետորաբանության մեջ չեն ավելացել չոր թվեր, այս աբսուրդը շարունակվելու է:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից