Բարի օր Հարցազրույց Քաղաքականություն 

Գյուլի թեկնածութունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Էրդողանի համար. Լևոն Հովսեփյան

analitik.am

Ապրիլի 18-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ են  տեղի ունենալու, այդ մասին հայտարարել էր երկրի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը: Ինչով  է պայմանավորված այդ որոշումը և ովքեր կարող են լինել Էրդողանի մրցակիցները. Այս հարցերի մասին Analitik.am-ը զրուցել է թուրքագետ  Լևոն Հովսեփյանի հետ.

Պարոն Հովսեփյան, Թուրքիայի նախագահը հայտարարել է հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների մասին: Ձեր կարծիքով,  ինչո՞վ է սա պայմանավորված:

Արտահերթ ընտրությունների նշանակման հետ կապված անհրաժեշտ է առանձնացնել մի քանի գործոններ:

Նախ պետք է նշել, որ տեղի են ունենալու միաժամանակ համապետական երկու ընտրություններ՝ խորհրդարանական և նախագահական, ինչը 2017թ. սահմանադրական փոփոխությունների ուղղակի հետևանքն է: Այն առումով, որ այդ ընտրություններով ամբողջապես կկատարվի անցումը կառավարման նախագահական համակարգին և նախագահի այն լայն լիազորությունները, որ տրվել էին սահմանադրական փոփոխությունների արդյունքում, կսկսեն ամբողջովին գործել: Իհարկե, այսօր էլ Էրդողանն օրենսդրական և ֆորմալ առումով մեծ լիազորություններ և ազդեցություն ունի, սակայն այլ բան է, որ իրավական, սահմանադրական ամրագրմամբ դրանք կավելալան: Նոր համակարգի անցումը նոր ներքին պայմաններ կստեղծի, որը պետք է օր առաջ Էրդողանին:

Որքան էլ ԱԶԿ-ն վստահ լինի իր ուժերին, 1.5 տարին քիչ ժամանակ չէ՝ իր ռիսկերով, անորոշություններով ու ներքին խմորումներով հանդերձ: Մինչև 2019 թ. նոյեմբերին նախանշված ընտրությունները կարող էր շատ բան փոխվել երկրում, ինչը չէր բխի իշխանությունների շահերից՝ ներքաղաքական գործընթացներից մինչև տնտեսություն: Ուստի, ԱԶԿ-ի համար նպատակահարմար է արտահերթ ընտրությունների միջոցով որքան հնարավոր է շուտ առարկայացնել իր հնարավորությունները՝ խնդիրներ ստեղծելով ընդդիմադիր դաշտի մոբիլիզացիայի համար: Ընտրություններն անց են կացվելու կրկին երկարաձգված արտակարգ դրության պայմաններում,  ինչն  իշխանությունների համար լրացուցիչ հնարավորություններ է ապահովում:

Մյուս կողմից՝ արտահերթ ընտրություններով շահագրգռված է, կարծես, առավելապես ԱԶԿ-ի դաշնակից Ազգայնական շարժում կուսակցությունը, որի նպատակներից է իրեն այլընտրանք հանդիսացող և իրենից անջատված ու  նոր ձևավորված «Լավ» կուսակցության մեկուսացումը: Իսկ հիմա ԱՇԿ առաջնորդ Բահչելին կարող է որոշակի պայմաններ թելադրել Էրդողանին՝ չնայած այդ երկուսի դաշինքում ավելի շատ «կրտսեր գործընկերոջ» կարգավիճակ ունենալուն:

ԱԶԿ-ի և հատկապես Էրդողանի համար հիմա մի քանի, այսպես կոչված, ձեռքբերումներ առարկայացնելու լավ շրջան է. Սիրիայում ռազմական գործողություններ, բավական ամբիցիոզ արտաքին քաղաքականություն, երկրի ներսում ազգայնական միտումների աճ և այլն: Օրինակ՝ Սիրիայում «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը Թուրքիայում մատուցվեց որպես նախագահ Էրդողանի ջանքերի արդյունք, այնպիսին, որը Թուրքիան Կիպրոսից հետո նման ռազմական հաջողություն չէր ունեցել: Այն, որ թուրքական բանակը հասել է ինքնաբավության աննախադեպ մակարդակի և այլն: Եվ այդ ամենն, այսպես ասած, «Էրդողանի կերտած Թուրքիայի շնորհքն է»: Քարոզչական դաշտում այսօր սրանք կարևոր ուղերձներ են:

Սրանք պետք է դիտարկել Թուրքիայում նոր ազգայնամոլական դիսկուրսի ու միտումների համատեքստում, որտեղ դրսևորվում է թուրքական ազգայնամոլութունն ու իսլամականությունը, ավելի շուտ սրանց միախառնումը, իսկ քաղաքական դաշտում դրսևորվում Արդարություն և զարգացում-Ազգայնական շարժում-Մեծ Թուրքիա կուսակցությունների դաշինքով: Սրանք ուշագրավ իրողություններ են, որոնք ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական ազդեցություն են ունենում:

 Իսկ մենք կարող ենք արդյո՞ք ենթադրել, որ այստեղ էլ Ադրբեջանի օրինակով մրցակցություն չի լինելու:

Միգուցե, ձևական առումով նման են գործընթացները: Բայց չեմ կարծում, որ պետք է ուղղակի կապ գտնել: Թուրքիայի և Ադրբեջանի ներքին քաղաքական գործընթացները մի քանի տարբերակիչներ ունեն: Թուրքիայում, այդուհանդերձ, կայացած է ընտրական համակարգը, կուսակցական համակարգը՝ ի տարբերություն Ադրբեջանի: Մյուս կողմից էլ՝ որքան ԱԶԿ-ն փորձեց միակուսակցական իր իշխանության տարիներին տարբեր միջոցներով չեզոքացնել, թուլացնել ընդդիմադիր ուժերին, դրանք ներքաղաքական կյանքի կարևոր դերակատարներ են: Իսկ հանրային առումով՝ ԱԶԿ-ի նկատմամբ ընդդիմությունը բավական մեծ է, այն չափազանց լուրջ գործոն է, ինչի հետ իշխանությունը չի կարող հաշվի չնստել: Չպետք է մոռանալ 2017թ. ապրիլի սահմանադրական հանրաքվեի արդյունքները, երբ դեմ քվեները գրեթե 50 տոսկոսի էին հասնում: Սա ցույց տվեց, որ ԱԶԿ-ի համար հետագա ընտրական գործընթացները հեշտ չեն լինելու:

Իսկ եթե խոսենք Էրդողանից, բացի մյուս հնարավոր թեկնածուների մասին...Հնարավո՞ր է, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը հայտնվի թեկնածուների թվում, եթե այո, կարո՞ղ է նա լուրջ մրցակից լինել:

Սա, թերևս, Թուրքիայի կուլիսային քննարկումների ամենաինտրիգային հարցն է, ինչն առավել ակտուալ է դարձել վերջին շրջանում: Մինչ այս պահը որևէ հստակ բան չկա՝ չնայած որոշ կուլիսային տեղեկությունների, որ բանակցություններ կարող են լինել իսլամամետ «Երջանկություն» կուսակցության հետ՝ Գյուլի թեկնածության առաջադրման համար: Տեղեկություններ էին շրջանառվում Գյուլի կողմից նոր կուսակցության ստեղծման հավանականության մասին: Գյուլի թեկնածության առաջադրումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Էրդողանի համար: Ու նաև ԱԶԿ-ում նոր ներկուսակցական գործընթացների հիմք դառնալ: Այս իրավիճակում Գյուլը դրական ընկալում ունի երկրի ներսում և դրսում՝ Արևմուտքում:

Իսկ ի՞նչ դերակատարում կարող է ունենալ նախկին արտգոծնախարար Դավութօղլուն: Այն ժամանակ, երբ նրան հեռացրեցին, կարծիքներ եղան, որ Էրդողանը հանձինս վերջինիս մրցակից է տեսնում:

Շուրջ 20 ամիս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Էրդողանի կողմից հեռացված Դավութօղլուի և վերջինիս միջև լարված հարաբերություններ էին, ինչը երկար ժամանակ պահպանվում էր: Սակայն, այս տարվա սկզբներին մամուլում շրջանառվեցին ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստին Էրդողանի կողքին նստած Դավութօղլուի լուսանկարները և վերջիններիս երկարատև առանձնազրույցի մասին որոշ տեղեկություններ, ինչը վերլուծական քննարկումներում որակվեց որպես հաշտություն: Դավութօղլուն մինչ այդ երկար ժամանակ չէր մասնակցում  նույնիսկ խմբակցության նիստերին:  Չեմ կարծում, որ այս իրավիճակում, եթե էական զարգացումներ չլինեն, Դավութօղլուն ինչ-որ այլ վարքագիծ դրսևորի:

Լավ, իսկ ինչպե՞ս սրան կվերաբերեն Արևմուտքում և հենց Թուրքիայում:

Կախված կլինի ընտրական գործընթացից ու արդյունքներից, թե ինչ պայմաններում են անցնելու դրանք: Բայց արդեն արտակարգ դրության պայմաններում դրանց անցկացումն առնվազն մի շարք հարցականներ է առաջացնում, ինչը և գնահատականներում հաշվի կառնվի Արևմուտքի կողմից:

Նույն շարքից