Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ

analitik.am

ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:

Վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված՝ ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանը հանդիսանում է Չինաստանի ավանդական և բարեկամ գործընկերը, հայ-չինական հարաբերությունները սկիզբ են առնում դարերի խորքից:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ, անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը,հետևողական կերպով առաջ է ընթանում պրակտիկ համագործակցությունը առևտրատնտեսական, հումանիտար, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում:

Չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում հասնի նոր առաջադիմության, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության համատեղ իրականացումը առավել շատ դրական արդյունքներ ապահովի՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ նոր պատասխանատու պետական պաշտոնում»:

 

ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնահերթ ուշադրություն հատկացնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի և նախաձեռնությունների առաջմղմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին»:

Վարչապետին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:

Նույն շարքից