Հասարակություն 

Ահազանգ. Հայտնի գործարարի զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում /լուսանկար/

analitik.am

Երևանի զվարճանքի կենտրոններից մեկում անազատության մեջ պահվող կենդանու մասին հերթական ահազանգն է հնչել: «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի լուսանկարներ է հրապարակել: Կենդանին պահվում է «10-ից 10» զվարճանքի համալիրում:

Այս մասին զրուցեցինք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանի հետ, ով նաև համակարգում է արջերի փրկության ծրագիրը: «Լուսանկարում էգ բեզոարյան այծ է, տարիքը՝ մեկ տարեկանից ավել: Չեմ կարող միանշանակ ասել, թե կենդանին որտեղից է եկել, բայց հիմնականում գիտեմ՝ ինչպես են այդ այծերը հասնում Երևան: Սովորաբար, կանաչ սեզոնին, երբ մարդիկ սարերում կանաչեղեն են հավաքում, կենդանին հանդիպում է, բռնում և վաճառում են: Երբեմն էլ Մեղրու, Կապանի շրջանում հայտնվում են հատուկ ձագ բռնողներ: Բերում են Երևանում 100-200 դոլարով վաճառում են»,- ասաց նա:

Ինչպես նշեց Մանուկ Մանուկյանը, նման վայրերում կարմիրգրքյան վայրի կենդանիներ պահելը սխալ է, քանի որ կենդանուն սխալ են խնամում: «Մինչ այժմ ոչ ոք ճիշտ չի խնամել այդ կենդանիներին՝ սկսած իրենց տարածքից, տեղից, կերից, կերակրման ձևից և այլն: Ոչ մի բանը ճիշտ չի իրականացվում»,- ասաց նա:

Նշենք, որ «10-ից 10» զվարճանքի համալիրը «ՎԱԼԵՆՍԻԱ» համատեղ ձեռնարկություն ՍՊԸ կազմի մեջ է, որն էլ հայտնի «Իքս Գրուպ» ընկերության մաս է: Վերոնշյալ «10-ից 10» զվարճանքի համալիրում հրաձգությունը ևս համարվում է զվարճանքի ձև և պարբերաբար իրականացվում է հրաձգության հրավեր: Գործարար Խաչիկ Խաչիկյանին պատկանող «Իքս Գրուպ» ընկերության մաս են կազմում մի շարք հայտնի ընկերություններ, որոնցից են՝ «Ջրաշխարհ» զվարճանքի կենտրոնը, «Արաքս թռչնաֆաբրիկան», «Կլայկ» առևտրի կենտրոնը և այլն: Նշենք, որ Խաչիկ Խաչիկյանը բավական հայտնի գործարար է և մի քանի անգամ հայտնվել է «աղմկահարույց» պատմությունների կիզակետում:

Մեր հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց նաև, որ 2017թ.-ին նշված տարածքում պահվել են նաև վարազներ (վայրի խոզ): Վերջին տարիներին այս տեսակի թվաքանակի անկում է գրանցվել, սակայն վարազը դեռ գրանցված չէ ՀՀ Կարմիր գրքում:

Մանրամասն՝  Econews.am

Նույն շարքից