Քալիֆորնիայի սենատը օգոստոսի 26-ին միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության թեման նահանգի անվճար դպրոցներում ուսուցանվող նյութերի ցանկում ընդգրկելու մասին օրինագծի օգտին: Այս մասին հաղորդում է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի արևմտյան մասնաճյուղը:
Օրինագիծը, որը ներկայացրել է Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանը, ենթադրում է Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը դպրոցների 7-12-րդ դասարանների դասընթացներում:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել և ողջունել օրենքի ընդունումը:
«Մարդու իրավունքների, ավելի կոնկրետ Հայոց ցեղասպանության ուսուցումը կարևոր է, որպեսզի քալիֆորնիացիների ապագա սերունդները իմանան մեր անցյալի մասին, հույս ունենալով, որ հետագայում կկանխվեն նման գործողությունները»,-հայտարարել է Նազարյանը: