Քաղաքականություն 

ԼՂՀ ԱԳՆ արձագանքը Ուորլիքի հայտարարությանը

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել` արձագանքելով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի` մայիսի 7-ին Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում արած հայտարարությանը: Դեսպանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը` ամփոփելով այն վեց կետով:

 

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում մասնավորապես ասված է. «Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ:

 

Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության:

 

Գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար»:

Նույն շարքից