Առողջապահություն 

ՀՀ-ում գրանցված թմրամոլների թիվը տարեցտարի աճում է. նարկոլոգ

analitik.am

Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյան ներկայացրեց Հայաստանում թմրամոլների վիճակագրությունը՝ նշելով, որ ՀՀ-ում գրանցված թմրամոլների թիվը տարեցտարի աճում է՝ գրանցված է 5357 թմրամոլ։

Մասնագետը նշեց, թե ՀՀ-ն միացել է ՄԱԿ-ի կողմից ընդունված պայքարի կոնվենցիաներին և ընդունվել է հատուկ ռազմավարություն, որն ընդգրկում է գրեթե բոլոր գերատեսչությունները: Չնայած դրան, Պետրոս Սեմերջյանը նշեց, թե ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում թմրամոլների թիվն աճում է: Ըստ նրա, աշխարհում 185 մլն մարդ թմրամոլ է, որը կազմում է բնակչության  3%-ին:

Միաժամանակ նա բացատրեց, թե այդ թվի ավելացման հարցում դեր է ունեցել նաև այն, որ նման խնդիրներով բուժհաստատություններ ներկայացողներն արդեն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Պետրոս Սեմերջյանը նշեց, թե Հայաստանի մարզերից ամենից շատ գրանցված թմրամոլների թիվը Երևանում է, կանեփ տեսակի թմրամիջոցների առումով Երևանից հետո Արմավիրի մարզն է, իսկ ափիոն տեսակի թմրամիջոցի օգատգործման առումով Երևանից հետո Շիրակն է:

Մասնագետը նշեց, որ բուժել միշտ հնարավոր է, ուղղակի փուլ կա, որ բուժումն արդեն անարդյունավետ է դառնում: «Բազմաթիվ բուժումներ կան, որ չեն ազդում»,-ասաց նա և նշեց, որ ներդրվել է այլ միջոց՝ պետությունն անվճար տրամադրում է մետադոն թմրամիջոց, փողոցային միջոցները փոխարինելու և վիճակը վերահսկելու համար։ Դրանով, ըստ մասնագետի, պետությունը ոչ միայն վերահսկում է ապօրինի շրջանառությունը, այլ նաև կարգավորում և վերահսկում է առողջապահական վիճակները, ինչը հանգեցնում է առաջարկի կրճատման, պահանջարկի կրճատման և վնասի նվազեցման։

Նույն շարքից