Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանությունը ժխտողներն իրենց նույնացնում են ոճրագործության պատասխանատուների հետ. Փիթեր դե Ռուվեր

analitik.am

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ «Ֆլամանդական նոր դաշինք» (N-VA) կուսակցության անդամ, պատգամավոր Փիթեր դե Ռուվերը գտնում է, որ հայ-թուրքական հաշտեցումը հնարավոր է միայն թուրքական կառավարության կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության  ճանաչման դեպքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում բելգիացի պատգամավորի ելույթում, որի ժամանակ պատգամավորը մանրամասնել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի նպատակն ու առաքելությունը:

Փիթեր դե Ռուվերի խոսքով՝ նման ողբերգությունները կարող են կոլեկտիվ տրավմայի ազդեցություն ունենալ ժողովուրդների կամ բնակչության վրա և փոխանցվել սերնդեսերունդ, եթե քայլեր չձեռնարկվեն հաշտեցման ուղղությամբ:

«Հաշտեցումը հնարավոր է միայն թուրքական կառավարության կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության  ճանաչման դեպքում: Շատ թուրքեր արդեն ճանաչել են այն, իսկ որոշներն անգամ բանտարկվել դրա համար: Սակայն որևէ պաշտոնական ճանաչում Թուրքիայի կողմից դեռևս չի եղել»,- նշել է խորհրդարանականը: Ըստ նրա՝ բանաձևը բելգիացի օրենսդիրների կոչն է ուղղված Թուրքիային՝ վերջապես քայլեր ձեռնարկել հաշտեցմանն ուղղությամբ:

Բելգիացի քաղաքական գործիչը նաև բացատրել է, որ իրենց նպատակը չէ մեղադրել թուրք ժողովրդին կամ թուրքական հաստատություններին միայն նրանց ազգային պատկանելության համար:

«Ոչ ոք չի կարող պատասխանատու համարվել՝ միայն իր ծագման պատճառով: Մեր բանաձևում այս մասին նույնպես հստակ նշվում է: Սակայն տարընկալումից խուսափելու համար պետք է նշել, որ նրանք ովքեր դեռևս ժխտում կամ արդարացնում են Հայոց ցեղասպանությունը, իրենց նույնականացնում են ոճրագործության պատասխանատուների հետ՝ այդ կերպ իրենց վրա վերցնելով բարոյական պատասխանատվություն: Անվանի թուրք քաղաքական գործիչները և հաստատությունները, ժխտելով կամ արդարացնելով Հայոց ցեղասպանությունը, պատասխանատու են դառնում իրենց արարքների և դիրքորոշման համար»,- ասել է խորհրդականը:

«Մեր բանաձևը պետք է ընթերցվի և հասկացվի միայն այս ոգով»,- ընդգծել է նա: Փիթեր դե Ռուվերը նաև շեշտել է, որ թեև բանաձևը վերաբերում է հայերի ցեղասպանությանը, սակայն Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանական գործողությունների զոհն են դարձել նաև այլ ազգեր:

Նույն շարքից