Իրավական 

Թուրքիայում անօրինական շինարարության մեղադրանքներով Սևան Նշանյանն ազատազրկվել է

analitik.am

Հայազգի գրող, Թուրքիայի առաջատար լեզվաբան Սևան Նշանյանը ազատազրկվել է, ըստ «Ամերիկայի Ձայն»- ի, Թուրքիայում՝ այդ երկրի վերաքննիչ դատարանի կողմից հավանության արժանացրած դատավճռով, որն ընդունվել է՝ Իզմիրի Շիրինչե քաղաքում անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքներով:

«Հուրիեթ» պարբերականի համաձայն, դատախազությունը ավելի վաղ որոշում էր կայացրել, որ Թուրքիայում հրապարակվող հայալեզու «Ակոս» և ազատական «Թարաֆ» պարբերականների սյունակագիր Նշանյանը կարող է ազատության մեջ մնալ մինչև այս տարվա հունվարի 2-ը:

Նշանյանը, ըստ պարբերականի, Շիրինչե քաղաքում տուն է կառուցել՝ չնայած դատարանի կարգադրության, որի համաձայն ինքը չպետք է մուտք գործեր այս տարած, որը «բնական համալիր» է համարվում:

Սևան Նշանյանի ազատազրկման կապակցությամբ ԱՄՆ-ում լույս տեսնող «Արմենիան Ուիքլի» պարբերականի փոխխմբագիր Նանոր Բարսումյան իր «Ինչպե՞ս լռեցնել հայ ազատախոսին Թուրքիայում» խորագրով հոդվածում նշել է, որ նույնիսկ կանգնած բանտի դարպասների մոտ՝ Նշանյանը եղել է «անհնազանդ, վիճահարույց և հույսով լի»:

«Ցավոք՝ Թուրքան կառավարում են մարդիկ, ովքեր չունեն հորիզոններ, տեսլական կամ մարդկային որակներ, այն կառավարվում է գաճաճների կողմից», – «Արմենիան Ուիքլի»-ի փոխանցմամբ՝ ասել է Նշանյանը՝ բանտի դարպասների մոտ հավաքված լրագրողներին: – «Դա ցավ է այս երկրի համար: Դուք, մենք բոլորս ավելի լավին եք արժանի: Հուսով ենք՝ կգա այն օրը, երբ տեսլական ունեցող մարդիկ, մարդիկ, ովքեր ունակ են տարբերել լավը վատից, նույնպես կկարողանան մասնակցել կառավարմանը»:

«Ինչ վերաբերվում է Շիրինչիում հյուրանոցների վերածված իր տներին, Նշանյանը 2011 թվականին նվիրաբերել է դրանք «Նեսին հիմնադրամ»-ին, որը կրթական հնարավորություններ է տրամադրում ֆինանսական միջոցներ չունեցող ընտանիքների երեխաներին», – գրում է Նանո Բարսումյանը՝ հավելելով, որ չնայած իր դեմ հարուցված դատական բազմաթիվ գործերի՝ Նշանյանը կարողացել է հրապարակել Թուրքիայի հին և նոր տեղանունների շուրջ հետազոտությունը, ինչպես նաև Թուրքիայում փոքր հյուրանոցների մասին «բեսթսելեր» դարձած իր գիրքը:

Հեղինակը հիշեցնում է, որ ընդամենը մոտ մեկ տարի առաջ Յեյլի և Կոլումբիայի համալսարանների շրջանավարտ Նշանյանը Ստամբուլի դատարանի կողմից ավելի քան մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել՝ «բնակչության որոշ մասի կրոնական արժեքներին վիրավորանք հասցնելու համար» այն բանից հետո, երբ բլոգերից մեկում հրապարակել էր իր արձագանքը Թուրքիայում «ատելության հանցագործությունների մասին» առաջադրված օրինագծի վերաբերյալ, որը ներկայացվել էր՝ ի պատասխան «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի, որտեղ նվաստացնող եղանակով էր պատկերված մարգարե Մուհամմեդը: 

 

Նյութն ամբողջությամբ՝ «Ամերիկայի Ձայն»-ում

Նույն շարքից