Հասարակություն 

ԶԼՄ-ների նկատմամբ վստահության աստիճանը բավականին ցածր է. Բորիս Նավասարդյան

analitik.am

Հայաստանյան մեդիա շուկան ծայրահեղ հագեցած է և այն լրջորեն ու բացասաբար է ազդում լրատվական շուկայի վրա, «Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ այսօր ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

2013 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման հիմնադրամի (USAID) աջակցությամբ Երևանի մամուլի ակումբը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Ինտերնյուս Նեթուորքը կատարել են հետազոտություն՝ պարզելու Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը:

Ըստ հետազոտության, 2013 թվականին 2011թվականի համեմատ մեծ դինամիկայով աճել է գյուղական բնակչության հետաքրքրվածությունն ինտերնետի ու ինտերնետով ինֆորմացիա ստանալու ուղիների հանդեպ: Փորձագետները համոզված են, որ առաջիկա հինգ տարում Հայաստանի ողջ բնակչությունը կդառնա ինտերնետ օգտատեր:

Ծրագիրն իրականացնողներն այն համոզմանն են, որ մեր երկրում անխուսափելի է հոլդինգների ձևավորումը և մեծ լրատվամիջոցների կողմից փոքրերի կլանումը:

Ըստ հարցումների՝ լրատվամիջոցների վրա քաղաքական ազդեցությունների վերաբերյալ լավատեսական կանխատեսումներ չկան: ԶԼՄ-ների նկատմամբ վստահության աստիճանը բավականին ցածր է: Վստահության պակասի հիմնական պատճառը լրատվամիջոցների վրա քաղաքական ազդեցությունն է:

«Լրատվամիջոցների նկատմամբ վստահության աստիճանը ցածր է, սակայն շատ աղոտ են այն պատկերացումները, թե որտեղից է գալիս այդ ազդեցությունը, ում է պատկանում տվյալ լրատվամիջոցները»,- ասաց Բորիս Նավասարդյանը` նշելով, թե ավելի շատ հասարակության շրջանում «Կենտրոն» հեռուստաընկերության մասին են տեղյակ, թե այն ում է պատկանում:

Ինչ վերաբերում է տպագիր մամուլին, ապա որևէ խոստումնալից հեռանկարային պատկերացում տպագիր մամուլի նկատմամբ փորձագետների մեծ մասը չունեն: Որպես խնդրի լուծում նրանք տեսնում են այն, որ տպագիր մամուլի պատասխանատուները սկսեն արագ օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ` շուկայում պահանջարկ ապահովելու համար: 

Նույն շարքից