Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Իրանական գրականություն

analitik.am

Աբբաս Քիառոսթամի

***
Ո՞վ գիտի
կոկոնի ցավի մասին —
ծաղկելիս…


***
Խմիչքի շիշ՝ կոտրված,
գարնանային անձրևով
լեփ-լեցուն…

***
Գոլորշեպատ ապակու վրա
ջրի կաթիլ է ձևավորվում՝
նազանքով:

***
Ատում եմ լեզուն
դառը լեզուն
սուր լեզուն
լեզուն՝ հրահանգող
լեզուն՝ ակնարկող

ինձ հետ
ժեստերի լեզվով
խոսիր:

***
Փողոցային շունը
պոչ էր շարժում
կույր անցորդի համար:

***
Անավարտ է մնում միշտ
զրույցս
ինձ հետ:

***
Ո՞ւր է հիմա,
ի՞նչ է անում
նա, ում մոռացել եմ:

***
Խնձորը
վար ընկավ ծառից
ու ես
գրավչությանդ մասին մտածեցի:

***
Երկու կարմրախայտ
կողք-կողքի ննջած
ափսեի ճերմակ հատակին:

***
Դռան անցքից
և՛ ցուրտն է մտնում
և՛ լուսնի լույսը:

***
Նորածիլ խոտերը
չեն հիշում
ծառերին ծերունի:

***
Չվերադարձան
գետերը, որ դեպի ծով գնացին
զինվորները, որ ճակատ
ընկերները, որ պանդխտության…

***
Շատերը՝ սիրահար
շատերը՝ սիրեկան
սիրող զույգերը՝
սակավ:

***
Գիշերը ժամանակին եկավ
լույսը ժամանակին ձագեց
աքլորը ժամանակին կանչեց
ես անժամանակ
քնեցի:

***
Առաջադրելով թռիչքը
փորձարկեցի անկումը…

***
Ընկերներս
վշտեցնում են շարունակ,
թշնամիներիցս
բան չեմ հիշում:

***
Երբ եկավ՝
եկավ…
Երբ կար՝
կար…
Երբ գնաց՝
կար…

***
Տասնյակ բանալի՝
հեռու օրերից մնացած,
թափելու քաջություն չկա
թեև կողպեքներ չկան:

***
Երբ խորը մտածում եմ.
չեմ ընկալում
ձյան այսքան ճերմակություն պատճառը:

***
Մարդ՝
կախաղանից կախված,
ցայգալույսի
զեփյուռի ներքո…

***
Երեկոյան
ձկնորսների ցանցից տեղ մնացած
փոքրիկ ձուկը՝
ափին:

***
Ինչքան դժվար է
դիտել լիալուսինը —
մենակ:

թարգմ`. Էդիկ Պօղոսեան

Աղբյուրը՝ Իրանական ժամանակակից գրականություն

Նույն շարքից