Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Մոհսեն Ֆարաջի

analitik.am

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

Աղջիկը հանեց կանաչ հողաթափերը, որպեսզի վեր բարձրանա գորգապատ սանդուղքներով: Տղամարդը նայեց աղջկա սև, ճաքճքած կրունկներին:
Երբ սենյակ մտան, աղջիկը ծանր ու փափլիկ մարմինը գցեց կարպետի վրա: Տղամարդը փականով կողպեց դուռը: Մոտեցավ լուսամուտին և դուրս չնայելով արագորեն քաշեց վարագույրները: Շրջվեց դեպի աղջիկը և հարցրեց.
– Ի՞նչ կխմես:
Աղջիկը չադրայի եզրով հովհարում էր իրեն.
– Ջուր, – պատասխանեց:
– Ինչի՞ ջուր,- հարցրեց տղամարդը:
Աղջիկը խոժոռվեց.
– Սառնարանի ջուր:
Տղամարդը միացրեց օդափոխիչը ու գնաց խոհանոց:
Օդափոխիչի աջ ու ձախ պտտվող թևերի ձայնը տարածվեց սենյակում:
– Դե, պատմիր, – ասաց տղամարդը:
Ձայնը դողաց:
Դատարկ բաժակը աղջկա կողքին էր: Փարչը ցողապատվել էր: Աղջիկը ոչինչ չասաց: Նայեց տղամարդուն:
Տղամարդը մոտեցավ ու նստեց աղջկա կողքին: Չադրան սահել էր աղջկա ուսերին: Տղամարդը դանդաղորեն ձեռքը երկարեց ու բռնեց աղջկա ձեռքը: Աղջիկը տեղից վեր ցատկեց ու կանգնեց սենյակի անկյունում: Չադրան ամուր փաթաթեց շուրջը, գոռաց.
– Ուզում ես անամոթ բան անե՞լ:
Տղամարդը ցուցամատը դրեց քթին, աչքերը կլորացրեց ու ասաց.
– Սուս:
Աղջիկը սևեռվեց տղամարդու վրա.
– Դու մի՞թե տիկին վերակացուի ամուսինը չես:
– Ես քո ընկերն եմ,- ժպտալով ասաց տղամարդը:
– Սու՞տ: Եթե տիկին վերակացուի ամուսինը չես,-լացը խեղդելով պատասխանեց աղջիկը,- ինչու՞ ասացիր` մեքենա նստիր:
– Ես քո ընկերն եմ, ասացի:
– Իմ ընկերը մեռավ,- ասաց աղջիկը,- երեքն էլ մեռան: Ռահելեն, Ասալը և Զոհրան: Տիկին վերակացուն էլ մեռավ: Չե՞ս հիշում:
– Ե՞րբ,- հարցրեց տղամարդը:
– Դե, էն ժամանակ էլի, երբ ռումբ էին գցում,- անտրամադիր պատասխանեց աղջիկը,- մենք դասարանում էինք, բոլոր երեխաներն էլ կային: Տիկին վերակացուն էլ ուսուցչանոցում էր: Ռումբ գցեցին: Հետո Ռահելեն և Ասալը և Զոհրեն մեռան: Տիկին վերակացուն էլ մեռավ: Իմ գլխի մեջ էլ շատ աղմուկ կար, բայց հո չէի մեռել: Հետո դու եկար դպրոցի դռան մոտ: Հիշեցի՞ր:
– Չէ,- տղամարդու ներքևի շուրթը դողաց:
– Հետո դու եկար դպրոցի դռան մոտ,- կրկնեց աղջիկը,- դպրոցը լրիվ ավերվել էր: Բոլորը լացում էին: Դու լացեցիր: Խփեցիր գլխիդ, ասացիր` կինս մեռավ: Առաջ ամեն օր գալիս էիր դպրոցի մոտ: Հենց այս մանուշակագույն Փեյքանով: Հետո տիկին վերակացուի հետ գնում էիր: Հիշեցի՞ր:
Տղամարդը գլուխը աջ ու ձախ շարժեց: Նայեց չադրայի տակից դուրս ընկած աղջկա սպիտակ թևերին:
Օդփոխիչի պտտվող թևերի և ժանգոտված ծխնիի ղժղժոցը տարածվեց սենյակում:
Աղջիկը գլուխը ներքև էր կախել և փափկորեն շարժելով մարմինը` խաղում էր ոտքերի մատների հետ:
Աղջկա կրծքի ուռուցիկությունները չադրայի արանքից կորում ու երևում էին:
Տղամարդը կուլ տվեց բերանի ջուրը: Վեր կացավ տեղից:
Աղջիկը ինքն իրենով էր և չնայեց նրան ու նրա գնալուն:
Տղամարդը դուրս եկավ սենյակից ու բացեց բաղնիքի դուռը:
Երբ վերադարձավ, աղջկա գլուխը դեռևս կախ էր ու դանդաղ շարժվում էր: Այս անգամ նկատեց կողքին կանգնած տղամարդուն:
Գլուխը վեր բարձրացրեց: Նայեց տղամարդու հոգնած ու քրտնած դեմքին և փոս ընկած աչքերին:
– Դու գնա,- ասաց տղամարդը:
– Ու՞ր,- հարցրեց աղջիկը:
– Ձեր տուն: Գիտես չէ՞,- ասաց տղամարդը:
– Այո: Լավ,- ասաց աղջիկը:
Չադրան քաշեց գլխին: Վեր կացավ:
Տղամարդը գրպանից հանեց բանալին. բացեց սենյակի դուռը:
– Ցտեսություն,- ասաց աղջիկը:
– Գնա, գնա,- ասաց տղամարդը,- դուռը կամաց փակիր:
– Լավ,- ասաց աղջիկը,- ցտեսություն:
Սանդուղքներից ցած իջավ:
Տղամարդը, նախքան վարագույրները ետ կքաշեր, լսեց սենյակի դռանը դիպչող մատների հարվածի ձայնը:
Դուռը բացեց: Աղջիկն էր:
– Բարև,- ասաց աղջիկը,- ասում եմ` վնաս չունի, արի էն ամոթ բանը անենք:

Սկզբնաղբյուր` lit-bridge.com

Նույն շարքից