Հոգեբանի անկյուն 

Երիտասարդ տարիքի հոգեբանական առանձնահատկությունները

analitik.am

Մարդու կյանքի և զարգացման մեջ յուրաքանչյուր տարիք իր ուրույն տեղն է զբաղեցնում իրեն բնորոշ առանձնահատկություններով, ձեռքբերումներով ու դժվարություններով հանդերձ։

Երիտասարդության տարիքը ևս առանձնանում է, քանի որ այն համարվում է հասուն կյանքի սկիզբ։ Որոշ գիտնականներ հասունության սկիզբը անվանում են նաև պատանեկություն , որոշներն էլ վաղ հասունություն։ Հասուն կյանքի սկիզբը կամ ստորին սահմանը տարբեր գիտնականներ տարբեր տարիքներ են նշում։ Ըստ Դ. Բ. Բորմոլեյի 21 տարեկանն է։  Մենք, հիմնվելով Է. Էրիկսոնի առանձնացրած նույնականության զարգացման փուլերի վրա, երիտասարդության տարիքի սահմանները ընդունում ենք  20-25 տարեկանը։ 

Վաղ հասունության կամ երիտասարդության տարիքը բնութագրվում է ընտրական իրավունքի, իրավական և տնտեսական ամբողջական պատասխանատվության ստացմամբ, երիտասարդին հնարավորություն է ընձեռվում ներգրավվել սոցիալական ակտիվության բոլոր ձևերում։ Այս փուլում կայացվում են կարևոր որոշումներ, մշակվում է կյանքի ոճ, շարունակվում  կամ ավարտվում է մասնագիտական կրթության ստացումը, յուրացվում են մասնագիտական դերեր և ձևավորվում է համապատասխան շփման միջավայր։ Շատերը ստեղծում են իրենց սեփական ընտանիքները, ունենում երեխաներ։ Ձևավորվում և յուրացվում են ամուսնական և ծնողական դերերը։ Սոցիալական պայմանների այսպիսի փոփոխությունը առաջ է բերում համապատասխան փոփոխություններ մեր  մեջ. մենք իրերին սկսում ենք այլ կերպ նայել, մեզ այլ կերպ ենք պահում, փոխվում են մեր համոզմունքները դիրքորոշումներն ու արժեքները։ Ձևավորվում է կայուն աշխարհայացք, որը ենթադրում է հասարակության մեջ և կյանքում սեփական տեղի, սեփական հնարավորությունների, ընդունակությունների , հետաքրքրությnւնների իմաստավորում։


Շատ հետազոտողներ հասունության տարիքում առանձնացնում են մի քանի ճգնաժամեր։ Ըստ Գ. Շիհիի, հասունության առաջին ճգնաժամը լինում է 18-22 տարեկանում, երբ դեռահասը անցում է կատարում վաղ հասունություն։ Այդ ճգնաժամը կոչվում է «անջատում ծնողական արմատներից»։  Երիտասարդության տարիքի հիմնական խնդիրներն ու առաջադրանքները հետևյալ են` կենսական ծրագրերի հստակեցում և դրանց իրականացման սկիզբ, սեփական Ես-ի որոնում, անհատականության կերտում, սեփական անձի գիտակցումը որպես հասուն մարդ`՝ իր իրավունքներով ու պարտականություններով, ամուսնու ընտրություն, ընտանիքի կազմում, մասնագիտական գործունեության յուրացում և մասնագիտացում այդ գործունեության մեջ ։ 


 Վաղ հասունության տարիքում մարդկանց մոտ նկատվում է էներգիայի և ուժի  աճ։ Այս տարիքում ճանաչողական գործառույթները, օրգանների գործառնությունը, ռեակցիաների  արագությունը, շարժողական հմտությունները  հասնում են առավելագույնի։ Վաղ հասունությունը կյանքի առողջ շրջան է։ Այս տարիքում սերունդ թողնելու ընդունակությունն ավելի մեծ է։ 


Ըստ Է. Էրիկսոնի երիտասարդների կյանքում հատուկ նշանակություն ունի մտերիմ հարաբերությունների կառուցումը։   Ակտուալ է դառնում ամուսնության դրդապատճառը, որը ներառում է 5 հիմնական դրդապատճառներ՝ սեր, հոգևոր մտերմություն, նյութական հաշվարկ, հոգեբանական համապատասխանություն, բարոյական պատկերացումներ։ Կարևոր դրդապատճառ է նաև ընտրված մասնագիտական ոլորտում որոշակի տեղ զբաղեցնելը։


Այս տարիքում տեղի է ունենում հիմնական կենսաոճի ընտրություն։ Տղամարդկանց և կանանց մոտ դա տարբեր է` տղամարդիկ ընտրություն կատարելիս հիմնվում են պահանջմունքի վրա, կանայք ՝ անհրաժեշտության։


Այսպիսով, երիտասարդության տարիքը համարվում է հասուն  կյանքի սկիզբ, երբ մարդը  անջատվում է ծնողական արմատներից և ձեռք է բերում ինքնուրույնություն։ Այս տարիքը մասնագիտական կրթություն ստանալու տարիքն է համարվում, ինչպես նաև այն ընտանիք կազմելու ամենաինտենսիվ շրջանն է։ Նոր սոցիալական դերերի ձեռքբերումը հանգեցնում է կայուն աշխարհայացքի, դիրքորոշումների ձևավորմանը։ Այս տարիքում մարդն ընտրում է իր հիմնական կենսաոճը։

 

Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից