Գլխավոր Ռազմական Վերլուծական 

Ֆրանսիական բանակը կհաղթահարի՞ «Իսլամական պետության» դիմադրությունը

analitik.am

Ֆրանսիան լրջորեն ձեռնամուխ է եղել «Իսլամական պետության» դեմ պայքարին ու պատերազմ հայտարարել ջիհադականներին: Սակայն, հարց է առաջանում, արդյո՞ք Ֆրանսիական բանակը ի վիճակի կլինի հաղթանակել այս պատերազմում: Փարիզի ահաբեկչություններից հետո նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ երկիրը ԻՊ խմբավորման դեմ պատերազմական իրավիճակում է գտնվում, իսկ վարչապետ Մանուել Վալսը խոստացավ ոչնչացնել հանրապետության բոլոր թշնամիներին:

Վերջին շրջանում ֆրանսիական ինքնաթիռները Սիրիայում ակտիվացրել են ավիահարվածները: Փարիզում չեն բացառում նաեւ ցամաքային գործողություններ ծավալելու տարբերակը: Ֆրանսիան ներկայումս ունի աշխարհի ամենահզոր ու տեխնիկապես հագեցված բանակներից մեկը: Սակայն գոյություն ունեն որոշակի կասկածներ, որ Ֆրանսիական բանակը կարող է միայնակ հաղթահարել ԻՊ խմբավորման դիմադրությունը:

Հինգերորդ հանրապետության զինված ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում է 215 հազար մարդ, որոնց կեսը ծառայում է ռեգուլյար բանակում: Ֆրանսիական բանակի պարծանքն արտասահմանյան լեգեոնն է, որի կազմում ծառայում են ավելի քան 150 երկրների ներկայացուցիչներ: Լեգեոնը համարվում է երկրի ամենամարտունակ զորամիավորումն ու աչքի է ընկնում մարտական բարձր ոգով:

Ֆրանսիայի ռազմածովային ուժերում ծառայում է 42 հազար մարդ: Ֆրանսիական նավատորմը հագեցած է տարբեր նշանակության 103 նավով ու 10 սուզանավով: «Շարլ դը Գոլ» ավիակիրը, որ շուտով կհասնի սիրիական ափ ու կմասնակցի ԻՊ դեմ պայքարին հագեցված է միջուկային հրթիռներով: Ֆրանսիայի ռազմաօդային ուժերում ծառայում է 57 հազար օդաչու, նրանում հաշվվում է 600 ինքնաթիռ ու ուղղաթիռ: Ֆրանսիայի միջուկային զինապահոցը հագեցած է 300 միջուկային հրթիռով:

Ֆրանսիական բանակը կուտակել է նաեւ ռազմական բավականին կայուն փորձ: Վերջին անգամ այն մարտնչել է 2013թ.-ին Մալիում, որտեղ կառավարական ուժերին օգնել է ջիհադականներից ազատագրել երկրի հյուսիսային շրջանները: Ֆրանսիան 2011թ.-ին ակտիվորեն մասնակցել է Լիբիայի ռմբակոծություններին, իսկ 2014թ.-ի սեպտեմբերից շուրջ 1300 մարտական թռիչք է իրականացրել ԻՊ հենակետերի ուղղությամբ: Խոսելով ԻՊ դեմ պատերազմի մասին՝ չպետք է մոռանալ նաեւ Ֆրանսիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցման փաստը:

ՆԱՏՕ-ի կաոնադրության 5-րդ հոդվածի համաձայն, հարձակման ենթարկվելու դեպքում Ֆրանսիան կարող է ռազմական օգնություն ակնկալել դաշնակիցներից: Եթե Փարիզի ահաբեկչությունները հարձակում ճանաչվեն, ապա ռազմական գործողություններին կմասնակցեն նաեւ ՆԱՏՕ-ի զորամիավորումները, ինչպես դա տեղի ունեցավ 2001 թ-ի սեպտեմբերի 11 –ի նյույորքյան հարձակումներից հետո: Պետք է խոստովանել, որ միայն ավիահարվածներով հնարավոր չէ հաղթել ԻՊ խմբավորմանը: Ջիհադականների վերջնական ջախջախման համար անհրաժեշտ է ակտիվ գործողություններ ծավալել ցամաքում: Վաշինգտոնն իր զինվորներին Սիրիա ուղարկելու ցանկություն ներկայումս չունի: Առկա են նաեւ լուրջ կասկածներ, որ սիրիական զորքերը միայնակ կարող են հաղթահարել իսլամականներին:

Հաշվի առնելով այս ամենը, Փարիզը Սիրայում կարող է կենտրոնացնել 40 հազարանոց բանակ: ՌԴ ակտիվ ավիահարվածների շնորհիվ ջիհադականների ուժերը գնալով ջլատվում են, ուստի ֆրանսիական զորքերի գործողությունները կարող են էապես փոփոխել իրավիճակը սիրիական ռազմաճակատում: Վերոհիշյալ պնդումները միանգամայն արդարացված կլինեին, եթե անտեսենք սիրիական պատերազմի առանձնահատկությունները, որը կրում է պարտիզանական բնույթ: Այստեղ բառացիորեն չեն գործում ռազմական ստրատեգիայի սովորական օրենքներն ու կանոնները:

Հիշենք, որ Ֆրանսիան մեկ անգամ արդեն տանուլ է տվել նմանատիպ պատերազմ Ալժիրում: Որոշ հաշվարկների համաձայն, նույնիսկ իրադարձությունների բարենպաստ զարգացման պարագայում, ֆրանսիական 40 հազարանոց բանակը ի վիճակի չէ հնազանդության մեջ պահել 16 միլիոն սիրացու: Իսկ վատթարագույն սցենարի պարագայում, երբ առկա է սիրիացիների ապստամբելու հավանականությունը, կպահանջվի առնվազն 750 հազարանոց բանակ, իսկ դա ավելին է, քան ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բանակները միասին վերցված:

Այստեղից հետեւություն, որ իսլամականների վերջնական ջախջախման համար առաջնային է դարձել բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածության ու ահաբեկիչներին տարբերակելու երկակի ստանդարտերից հրաժարվելու անհրաժեշտությունը:

Հովիկ Պետրոսյան

Նույն շարքից