Բիզնես Գլխավոր Հարցազրույց Տնտեսություն 

Կա միայն մեկ մատակարարող` սրանով է պայմանավորված բենզինի բարձր գինը. տնտեսագետ

analitik.am

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունում նախորդ տարվա համեմատ՝ բենզինի գինն էժանացել է մոտ 13 տոկոսով՝ 470 դրամից հասնելով  410-ի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  հայտնել է  նաև ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Բայց եթե հաշվի առնենք  այն հանգամանքը, որ նավթի գինը գնալով նվազում է համաշխարհային շուկայում, ապա  մեր երկրում բենզինի գինը, այնուամենայնիվ, թանկ է: Այս երևույթը  Արտակ Շաբոյանը հիմնավորել է այսպես.  մեր երկրում վաճառվող բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 7 տոկոս, ուստի, ըստ նրա,  զարմանալի չէ, որ բենզինի գինն այսքան է:

Իսկ որքանո՞վ են հիմնավորված Արտակ Շաբոյանի վերոնշյալ պնդումները: Այս հարցի պատասխանն ստանալու համար Analitik.am-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Արտակ Շաբոյանի բացատրությունը  բենզինի գնի վերաբերյալ:

-Ես էլ էի փորձում գտնել այդ 7 տոկոսը՝ հիմնավորումներով. չկա: Ես հիմա զբաղված եմ այդ հաշվարկներով: Ավարտելուց հետո անպայման կներկայացնեմ արդյունքները: Համեմատության համար ասեմ, որ Վրաստանում, որտեղ մեր քաղաքացիները հաճախ են լինում, բենզինի գինը դրամով արտահայտված՝ դարձել է 200-220 դրամ: Նախկինում 320 դրամ էր, այսինքն՝ այնտեղ 100 դրամով բենզինի գինը նվազել է: Ես չեմ կարծում, որ այնտեղ ու այստեղ գնային տարբերությունը պիտի այսքան մեծ լիներ: Մենք այդ առումով այնքան էլ չենք տարբերվում Վրաստանից. հարկային բեռն էլ բենզինի վրա գրեթե հավասարաչափ է կամ հավասար: Մեզ մոտ խնդիրը կայանում է նրանում, որ Շաբոյանը չի ուզում ասել, որ այստեղ բենզին ներկրող մի կազմակերպություն կա, և մրցակցություն չկա:

-Այսինքն՝ մոնոպոլիայի առկայության պատճառո՞վ է բենզինի գինն այսքան թանկ:

-Այո՛, միանշանակ: Հակառակ դեպքում, չեմ կարծում, որ Վրաստանից Հայաստան բենզին ներկրելը դժվար գործ կլիներ: Նույնիսկ մարդիկ կարող էին իրենց ունեցած հնարավորություններով, հատկապես Վրաստանին սահմանամերձ գոտում ապրողները, իրենց  նախաձեռնությամբ  բենզին ներկրել այստեղ ու բիզնես անել: Այս երևույթը կար 90-ականներին: Այս ոլորտում կա միայն մեկ մատակարարող: Սրանով է պայմանավորված բենզինի բարձր գինը: Այլ բացատրությունները, առավել ևս եթե այդ բացատրությունները չեն հիմնավորվում հաշվարկներով ու չեն ներկայացվում հանրությանը, այդ թվում՝ լրագրողներին, որևէ արժեք չունեն: Պարոն Շաբոյանը և հանձնաժողովը երևի պարտավոր էին հարցում անել ու ներկայացնել, որ իսկապես    բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը 7 տոկոս է կազմում: Թող տան բենզինի գնի ձևավորման բացատրությունը, թե ինչպես է ձևավորվում բենզինի գինը մեր մանրածախ շուկայում ՝ մեծածախը ինչքան է, տրանսպորտային ծախսերն ինչքան են, հարկերն ինչքան են: Դրանից հետո այսպիսի խոսակցություններ չէին լինի. կհասկանայինք իրավիճակը:

-Արտակ Շաբոյանը իր հայտարարության ընթացքում նշել է, որ բենզինը, մեր երկիր ներմուծվելով,  բավականին մեծ չափով է հարկվում: Սա կարո՞ղ է կապ ունենալ բենզինի բարձր գների հետ:

-Ո՛չ: Դա իրականությանը չի համապատասխանում: Հայաստանի Հանրապետությունում հարկային բեռը նավթամթերքի վրա այնպիսի էական ազդեցություն պետք է չունենա, որ նավթի գինը 3 անգամ նվազի, բայց բենզինի գինը 10 կամ 15 տոկոսով պակասի:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից