Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ․ Անգլիական և ամերիկյան պոեզիա

analitik.am

Դ. Հ. ԼՈՐԸՆՍ
(1885-1930)

ՄՈԾԱԿԸ

Ե՞րբ սկսեցիր
Հնարքներ բանեցնել,

Պարոն:
Ինչի՞դ ե ն պետք այդ երկար ոտքերը
Ու բզկտված սրունքները,
Ձերդ մեծություն:
Ճի՞շտ է, որ կարող ես բարձրացնել քո ծանրության
կենտրոնը
Եվ անկշիռ դառնալ հարձակվելիս: Ուրվական:
Ինձ վրա էլ կանգնիր անկշիռ:
Մի անգամ վենետիկյան ձանձրույթի մեջ
Քեզ «Թևավոր Հաղթանակ» կոչեց մի կին:
Նայում ես պոչիդ ու անվերջ ժպտում:
Ինչպե՞ս ես այդքան չարություն դնում
Կիսաթափանց ու փխրուն
Մարմ նիկիդ մեջ:
Տարօրինակ է՝
Բարակ թևերով ու ոտքերով ինչպե՞ս ես շարժվում
Ձկնկուլի պես, դարձած մի չնչին կծիկ օդում, ոչնչություն:
Ի՞նչ քամի կա քո մեջ,
Չարամիտ քամի, որը գաղտագողի մոտենալով,
Բթացնում է միտքը:
Ահա քո հնարքն ու զզվելի կախարդանքը՝
Լինել աներևույթ անզգայացուցիչ զորությամբ,
Որն սպանում է ուշքը քո հանդեպ:
Հասկացա քո խաղը,
Խորամանկ կախարդ:
Տարօրինակ է՝
Ինչպե՞ս ես գաղտուկ շարժվում օդում,
Օղակներով ու թեքումներով շրջապատում ինձ,
Հոգեգեշ թևավոր,
Թևավոր Հաղթանակ:
Կանգնիր բարակ սրունքներիդ վրա,
Նայիր, հասկանալով, որ տեսել եմ քեզ,
Աննշան խայթ:
Ատում եմ քեզ, երբ շրջվում ես ու օդ բարձրանում
Մտքերս կարդալուց հետո:
Եկ ձևացնենք, թե իրար չենք տեսնում.
Այս խորամանկ խաղում ո՞վ կհաղթի,
Մարդը, թե՞ մոծակը:
Քեզ չեմ ճանաչում, ինձ չես ճանաչում,
Սկսեցինք:
Քոնն է հաղթաթուղթը,
Այո, քոնն է հաղթաթուղթը,
Բծավոր ճիվաղ,
Որ դաղում ես արյունս ատելությունից.
Քո զզվելի շեփորն է ականջներս մեջ:
Ինչո՞ւ, չէ որ անպարկեշտություն է:
Ասում են՝ այլ կերպ չես կարող:
Եթե այդպես է, հավատում եմ անմեղներին
Պաշտպանելու նախախնամությանը:
Բայց շեփորդ հնչում է նշանաբանի պես:
Ցնծության ճիչ՝ գանգամաշկս վնասելիս:
Արյուն, կարմիր արյուն,
Գերմոգական արգելված
Հեղուկ:
Նայում եմ՝ ինչպես ես մի պահ
Ջղաձգվում ինքնամոռաց,
Ծծում ես անպարկեշտ զմայլանքով
Կենդանի արյունը-
Իմ արյունը:
Ինչպիսի՜ անդորր, զգացմունքի ինչպիսի՜ պոռթկում,
Ի՜նչ ագահություն
Եվ ի՜նչ հոռի չարաշահում:
Հիմա գայթում ես
Ու ճոճվում մի պահ:
Միայն քո անիծյալ փխրունությունն է,
Միայն քո անմատչելի անկշռությունն է
Քեզ փրկում իմ մոլեգին գրոհից:
Ծաղրուծանակի թշվառ պեան,
Կորչե՛ս դու, արյան թևավոր կաթիլ:
Չեմ կարող հաղթել քեզ:
Մի՞թե շատ ես դու ինձ համար,
Թևավոր Հաղթանակ:
Այնքան մոծակ չեմ, որպեսզի զրկեմ քեզ
Մոծակությունից:
Ի՛նչ էլ մեծ բիծ ես թողնում քեզնից հետո:
Դու, որ ինքդ մի փոքրիկ բիծ ես:
Կարծես ինքդ էլ կորչում ես
Մի կեղտոտ բծի մեջ:

ՄԵՐԻԱՆ ՄՈՒՐ
(1887-1972)

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Հայրս ասում էր.
«Նրբակիրթ մարդիկ երբեք երկար այցելություններ չեն անում.
Բավական է նրանց ցույց տալ Լոնգֆելլոյի գերեզմանը,
կամ ապակե ծաղիկները Հարվարդում:
Ինքնավստահ, ինչպես կատուն
(որն իր զոհի հետ սիրում է առանձնանալ`
մկան փափուկ պոչը կոշկակապի պես բերանից կախված),
Նրանք գիտեն վայելել մենությունը,
և խոսքերը, որոնք երբեմն գերել են նրանց,
կարող են նրանց կողոպտել:
Ամենախոր զգացմունքը միշտ լռության մեջ է ի հայտ գալիս:
Այսինքն` ոչ թե լռության, այլ ինքնամփոփության»:
Ոչ էլ կեղծում էր նա` ասելով. «Զգացեք ձեզ
իմ տանն ինչպես հյուրանոցում»:
Ախր հյուրանոցը մշտական բնակատեղի չէ:

Ի՞ՆՉ ԵՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Ի՞նչ է մեր անմեղությունը,
Ի՞նչ է մեր մեղքը: Ամեն ինչ
մերկ է, ոչինչ` ապահով: Որտեղի՞ց քաջությունը-
անպատասխան հարց,
կասկած անսասան
(համրորեն կանչող և խուլորեն լսող),
որ դժբախտության մեջ, նույնիսկ մահվան,
հուսադրում է մարդկանց,
և ձախողվելիս, նրանց
հոգին մղում դեպի զորություն:
Նա է խորապես ուրախ, ով անվերջ
ընդունում է մահկանացություն
և ծառս է լինում այս բանտարկության մեջ
ինքն իր դեմ ինչպես
գետը խորունկ ձորում, որն ապարդյուն
մաքառում է հանուն ազատության,
և հանձնվելով
գտնում իր ճամփան:
Նա է ճիշտ, ով գիտի
խորը զգալ: Թռչունը գիշեր ու զօր
երգելով է միայն
իր մարմինը կոփում: Թեկուզ վանդակում՝
նրա երգը հզոր
ասում է՝ բավարարումը գռեհիկ է շատ,
մինչդեռ որքան մաքուր է երջանկությունը:
Սա է մահկանացությունը.
հավերժականը սա է:

ՐԱԴՅԱՐԴ ՔԻՓԼԻՆԳ
(1865-1936)

ԹԵ…

Թե կարող ես դու դիմանալ, երբ քո շուրջը մշտապես
Մարդիկ իրենց մեղքի համար քեզ մեղավոր են ընտրում.
Թե կարող ես քեզ վստահել, կասկածում են երբ որ քեզ,
Կասկածելու համար անգամ թույլտվություն են խնդրում.
Թե կարող ես դու սպասել ու չհոգնել դրանից,
Հազար ու մի սուտ լսելով՝ մնալ ազնիվ ու շիտակ,
Թե կարող ես հեռու մնալ ատելության խարանից,
Ոչ չափազանց համեստ լինել, ոչ պարծենկոտ մի գիտակ.
Թե կարող ես դու երազել, բայց չգերվել երազին,
Թե կարող ես դու մտածել, բայց մտքերով չհարբել.
Թե կարող ես դիմակայել խինդն ու վիշտը միասին
Եվ այդ երկու խարդախների հանդեպ լինել անտարբեր.
Թե կարող ես դու համբերել, երբ քո խոսքերը արդար
Խարդախ մարդիկ շուռ են տալիս, որ թակարդը գցեն քեզ,
Ու տեսնելով, որ փլվում է քո շինածը անդադար,
Կարողանաս հին գործիքով նորը կերտել մշտապես.
Թե կարող ես քո շահածը դարձնել փողի չնչին կույտ,
Ունեցածդ գրավ դնել ու տանուլ տալ հավիտյան.
Թե կարող ես դու տանուլ տալ, հետն էլ ասել, թե՝ ի՛նչ փույթ,
Եվ ոչ մեկին չտրտնջալ, թե կորցրել ես ինչ-որ բան.
Թե կարող ես այնպես անել, որ քո սիրտն ու մկանը
Շարունակեն քեզ ծառայել, երբ ապրելն է անհնար,
Եվ դիմանա՛լ, երբ թվում է, թե հասել է քո ժամը,
Եվ գերազոր կամքն է միայն հրամայում ողջ մնալ.
Թե կարող ես ամբոխի հետ լինել ազնիվ ու բարի,
Արքաների հետ ոտք մեկնել ու միշտ մնալ հասարակ,
Թե քեզ երբեք չվնասեն բարեկամ ու թշնամի,
Այլ միշտ քեզ հետ հաշվի նստեն (բայց ո՛չ ամեն ստահակ).
Թե կարող ես անագորույն րոպեն դարձնել ամեն օր
Երկարաձիգ, իմաստալից ու վեց տասնյակ ակնթարթ,
Քո՛նն է այդժամ ողջ աշխարհը և բարիքները բոլոր,
Եվ ամենից կարևորը՝ դու կլինես, որդիս, Մա՛րդ:

ԹՈՄԻ

Ես գինետուն մտա մի օր, որ գարեջուր խմեմ,
Մեկ էլ էն միկիտանը, թե՝ ես քեզ ծառա հո չե՞մ:
Իսկ աղջկերքն հո չե՜ն փռթկում, մեռնում են ծիծաղից,
Պոչս քաշի ու շիլ ընկած՝ ասում եմ ինքս ինձ.
Այ քեզ, Թոմի, վա՜յ քեզ, Թոմի, միշտ՝ «Ռադ եղի քո բույնը»,
Բայց՝ «Դո՞ւք եք, միսթր Օթքինս», երբ լուրջ է դրությունը:
Երբ լուրջ է դրությունն, ախպերս, երբ լուրջ է դրությունը,
Ասում են՝ «Միսթր Օթքինս», երբ լուրջ է դրությունը:
Մի օր թատրոն գնացի ես, սթափ ու գեղեցիկ,
Կատարը տաք քաղաքացուն պարտեր տվին, ինձ՝ չիք:
Բալկոն տվեցին ինձ, ախպերս, էն էլ հո զոռով,
Բայց հենց որ բանն հասնի կռվին՝ պարտե՛ր ու թիկնաթո՛ռ:
Ա՜յ քեզ Թոմի, վա՜յ քեզ, Թոմի, անցավ քո ժամանակը,
Բայց՝ «Օթքինսին՝ հատուկ գնա՛ցք», երբ նեղն ընկնի բանակը:
Երբ նեղն ընկնի բանակն, ախպերս, երբ նեղն ընկնի բանակը,
«Օթքինսին՝ հատուկ գնա՛ցք», երբ նեղն ընկնի բանակը:
Հա ձե՜ռ առեք խեղճ զինվորին, որ ձեր պահակն է միշտ,
Էդ հեշտ է, քան ծաղրել նրան, ով սով կտա ու վիշտ,
Ու քեֆը լավ թրև եկող զինվորը լավ է, քան
Կռվից առաջ զինավորված շքերթը ռազմական:
Ա՜յ քեզ Թոմի, վա՜յ քեզ Թոմի, միշտ՝ «Թրջվե՜լ է մուկը»,
Բայց՝ «Մեր զո՛րքն հերոսական», երբ որ զարկեն թմբուկը:
Երբ որ զարկեն թմբուկն, ախպերս, երբ որ զարկեն թմբուկը,
Կասեն՝ «Մեր զո՛րքն հերոսական», երբ որ զարկեն թմբուկը:
Հերոսական բանակ մենք չենք, որ էլ ծառա ենք ձեզ,
Զինվոր ենք մենք անտիրական, մարդիկ ենք ճիշտ ձեզ պես,
Ու թե մեկ-մեկ անտաշ ենք մենք, ու ձեր ճաշակն է նուրբ,
Զորանոցում հո չե՞ք կարծում, թե մարդ դառնում է սուրբ:
Այ քեզ Թոմի, վա՜յ քեզ Թոմի, միշտ՝ «Թոմի, ե՛տ մնա»,
Բայց՝ «Սը՛ր, առաջ անցեք, խնդրեմ», երբ որ վտանգը գա:
Երբ որ վտանգը գա, ախպերս, երբ որ վտանգը գա,
Կասեն՝ «Խնդրեմ, առա՛ջ անցեք», երբ որ վտանգը գա:
Դուք լավ ճառել գիտեք մենակ՝ կրակ, սնունդ, դպրոց,
Մեր փայը ի՞նչ՝ օրապարեն, հետն էլ ստամոքսի խոց,
Մեզ մետք չէ ձեր կեղտաջուրը, դուք դեռ ապացուցեք,
Որ հանդերձանքը ձեր Այրու մեր ծաղրը չէ երբեք:
Այ քեզ Թոմի, վա՜յ քեզ Թոմի, միշտ՝ «Դո՛ւրս, կորի՛ր, զեռուն»,
Բայց՝ «Մեր փրկի՜չն հայրենիքի», կռիվն է երբ եռում:
Այ քեզ Թոմի, վա՜յ քեզ Թոմի, դե ա՛ռ քեզ, բայց այնինչ՝
Թոմին շշմած հիմար հո չէ՜, տեսնո՛ւմ է ամեն ինչ:

Անգլերենից թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի։

Սկզբնաղբյուր՝ granish.org

Նույն շարքից