Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ․ Սլավիկ Չալոյան

analitik.am

Տղան ընդամենը ութ տարեկան էր,
տղան ընդամենը մի բլուզ ուներ ու մի շալվար
և երկու խոշոր, վախվորած աչքեր.
իսկ այդ աչքերով
(որոնք սիրել էին իր ուսուցչուհին)
ուսուցչուհուն էին տեսել միայն,
որը պինդ կին էր,
առողջ թոքեորվ ու լիքը կրծքով:
Այդ ութ տարեկանը,
որն հաց էր կերել քսաներկու տարի,
վիճաբանության ժամանակ սիրո
ասաց, որ ինքը սիրել է միայն
իր ուսուցչուհուն
և միայն նրան:
Ու ելավ գնաց,
դժվար չէր` գտավ.
փաթաթվեց նրան:
Ու էլ ոչ մի խոսք:
-Այդպես էլ գիտեի - մեղավորի պես քրթմնջաց կինը, -
որ դու պիտի գայիր:
Ու տղան, որ եղել էր ութ տարեկան
և ընդամենն ունեցել էր մի բլուզ, մի շալվար
և երկու խոշոր, վախվորած աչքեր,
ներս մտավ դանդաղ ավերակը այդ...

ՓՈՂՈՑԻ ՇՆԵՐԸ ՄԻՇՏ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ 

Այնպես խաղաղ էր դրսում,
այնքան ցուրտ,
որ ոռնում էր մի շուն:
Մոտեցա նրան ու հարցրի.
շուն,
ի՞նչ կա աշխարհում.
ոչինչ, ասաց նա,
տաք տեղ եմ փնտրում: 



ԳՆԱՑՔԸ

Ժամում հազար կիլոմետր արագությամբ
դուրս եկավ ռելսերից
և շարունակեց ճանապարհը
կաղամբի ու շաղգամի մարգերով:
Վագոնի պատուհանը ջարդեց մի ճանճ,
նստեց իմ դիմաց
ու կես լիտր օղի խմեց...
Չե՞ք հավատում.
գնացքը դրեք ռելսերի վրա,
վագոնի պատուհանը համարեք չկոտրված,
իսկ ճա՞նճը...
Թռավ-գնաց:

 

Ժասմենին

Մի փոքր
մի փոքր էլ սպասեք
ձեր սիրտը անչափ
արագ է խփում
ձեր սիրտը
նորմալից դուրս է
ձեր սիրտը
ինձ դուր է գալիս
մի փոքր էլ սպասեք
և այդպես
հիվանդի
ճակատին
դիզվեց
բժշկի խոսակցություն
թաց ու խոնավ
շնչառությունը
ու կաթիլ-կաթիլ
քրտինք դարձած
սառը գլորվեց
նրա երեսից:

ՎԱԼՍ

Пора, пора, душевных мук

Не стоит мир, оставим заблужденье.

Александр Пушкин


Օխ, հեռավոր աղջիկ Ժասմեն,
գնացքի պատուհաններից պես ես քեզ տեսա,
ծովի փրփուրների պարի պես.
կանաչ դաշտերի վրա կախված օդի
ու իմ աչքերի պես քեզ նկարեցի
և այդ նկարդ
ես սպիտակ-սպիտակ շորով
ծոցիցս հանեցի
ու այս աշխարհում քեզ հետ
բոլորի աչքի առաջ
ես էլ այդպես ապրեցի,
բոլորի աչքը
երկրագունդ դարձրի
ու նրա վրա
քեզ թույլ գրկած
մունջ պտտվեցի...

Նույն շարքից