Իրավական 

Հայաստանն այսօր չունի պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ. իրավապաշտպաններ

analitik.am

Հայաստանն  այսօր չունի պայմանական վաղաժամկետ  ազատման համակարգ, քանի որ այդ համակարգով  այսօր դատապարտյալների 5%-ից քիչ մասն է  ազատվում:



Այս մասին  «Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտարարեցին իրավապաշտպանները:  Նրանց  թվում էին  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»  հասարակական կազմակերպության  տնօրեն Արման Դանիելյանը, ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը, Արդարադատության նախարարության ՔԿՀ ծառայության վարչության իրավաբանական վարչության պետ Միքայել Զախարյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։



Արման Դանիելյանը  հավելեց նաև, որ համակարգը պայմանական չէ, քանի որ. «Այդ  5%-ին  էլ, որ ազատում են, որևէ պայման էլ չի դրվում, որ այս պայմանով ենք ազատում»:



Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը սրա պատճառ է համարում այն, որ  պայմանական վաղաժամկետ ազատման  վերաբերյալ որոշումներ  կայացնող անկախ հանձնաժողովներում  հիմնականում  ուժային կառույցների, գործադիր իշխանության ներկայացուցիչներ են:



«Արդյունքում մենք ունենք մի շատ վատ վիճակ, որ այդ հանձնաժողովն ընդհանրապես չի աշխատում: Ի՞նչ չափորոշիչներով պետք է աշխատեր այդ հանձնաժողովը, եթե այժմ չկան հստակ չափորոշիչներ՝ հոգեբանի աշխատանք, ռեաբիլիտացիոն աշխատանք, ինչպես Արևմուտքում են բանտարկյալի հետ հստակ աշխատանքներ կատարվում»,- ասաց Ավետիք Իշխանյանը:



Նա հենց դրանով է պայմանավորում այն, որ Հայաստանում հաճախ համաներումներ են հայտարարվում, ի տարբերություն արևմտյան երկրների, որտեղ դա իրականացվում է 20-30 տարին մեկ: Այսինքն` ըստ նրա, իշխանություններն էլ գիտակցում են, որ պայմանական վաղաժամկետ համակարգը չի գործում:

Նույն շարքից