Բարի օր Մշակույթ 

Մեր գրական վարք ու բարքից․ Հովհաննես Թումանյան

analitik.am

Մեր լրագիրները փեշակ են շինել հալածել ու հայհոյել գրականությունն ու գրողներին, իհարկե, միշտ քննադատության անունով, գրականության վրա սրտացավ հսկողի հավակնությամբ, միշտ անաչառություն աղաղակելով։ Շատ հետաքրքրական բան դուրս կգար, եթե մի ձեռնհաս մարդ քններ այս տխուր երևույթը, ցույց տար, թե ինչ շարժառիթներից է առաջ եկել, ինչպես է արտահայտվել կամ ինչ միտք է ունեցել այս թշնամական վերաբերմունքը, որ միշտ անցել է հասարակ մարդավարության և տանելի դատողության սահմաններից։Այդ կողմից միշտ է աչքի ընկել Մշակ լրագիրը, բայց վերջերս Նոր-Դարը ճգնում է անպատճառ նրանից էլ խիստ ու խելոք երևալ։ Գրականության մասին խորհրդածություններ է անում, հարցեր է տալի ու իրան իրան պատասխանում։ Իհարկե, շատ անմխիթար պատասխաններ, հուսահատական եզրակացություններ, նախատինքներ ու խրատներ, մեկը մյուսից ավելի անհեթեթ ու անճոռնի։ Վերցնենք հենց վերջին առաջնորդողները, որոնց մեջ լրագիրը խոսում է գրողների ու գրականության մասին։

N 39–ի առաջնորդողում, որ կրում է Կանոնավոր կրթությունն է պակասումվերնագիրը, լրագիրն ասում է. «Մեր մեծ համարված, բայց իսկապես շատ փոքրիկ տաղանդի տեր բանաստեղծները, դրամատուրգները (դրամատուրգնե՛րը), վիպասանները իրենց փառքը որոնել են հայի մեջ միմիայն պակասություններ տեսնելով, նրա հոռի ու տգեղ կողմերը մեծացնելով ու աշխարհքի առաջ ծաղրի առարկա շինելով հային և հայի անունը»։ «Իրանց այս ընթացքով նրանք վնասել են ժողովրդի զարգացման գործին և հուսահատեցրել են»։ «Եվ ի՞նչու»… հարց է տալիս լրագիրն ու պատասխանում. «Որովհետև զուրկ են եղել կանոնավոր և հիմնավոր կրթությունից, որովհետև բոլորն էլ մեծ տիրացուներ են եղել, սկսած հենց Ստեփաննոս Նազարյանցից, որոնց հորդորել են, նոր ժամանակի պահանջին համեմատ, միջազգային տիրացուները»։

Խոստովանք լինի, այս վերջին տողերը ես լավ չեմ հասկանում։ Մենք գիտենք, որ Նոր-Դարը միջազգային տիրացուներ հակառակ կուսակցության մարդկանց է անվանում, բայց այստեղ ի՞նչ բան անի Ստեփաննոս Նազարյանցը, ո՞վ է նրան հորդորել։ Այս անախրոնիզմն էլ, երևի, արել է այդ կուսակցության հիմքին զարկելու համար, և սրանից պետք է հասկանալ այն խոսքերի արժեքը, որոնցով մի ուրիշ առաջնորդողում աղաղակում է, թե ինչ որ ունեցել ենք՝ առաջ է եղել։ Այս մի շատ խավար ու տմարդի ձև է, որ ընդունակ է ամեն բան խառնաշփոթ անելու, նույնիսկ պարզ հասկացողություններն ու տրամաբանությունը և այսպիսի աբսուրդներ ասելու, թե ով որ հարձակվում է իր ազգի պակասավոր կողմերի վրա, նա տիրացու է։— Ինչո՞ւ. որ հայ գրողներին ասի տիրացուներ։ Բայց այս մարդիկ եթե երկու խոսք են ասում, մեջը երեք հանցանք կա անպատճառ։ Նույնպես և այդ նախադասությունը, բացի այն, որ մի մութ մտքով արած անախրոնիզմ և մի այլանդակ աբսուրդ է, միաժամանակ իր մեջ պարունակում է անխիղճ զրպարտություն. իբր թե գրողները հայի մեջ միմիայն պակասություններ են տեսել, հոռի ու տգեղ կողմերն են մեծացրել ու ծաղրել աշխարհքի առաջ և վնասել են ժողովրդի զարգացման գործին։ Բայց բանն ասելը չէ, բանը ապացուցանելն է. ցույց տվեք տեսնենք մեր ո՞ր բանաստեղծը միմիայն հայի հոռի կողմերը երգեց, որ արժանացավ ձեր այսօրվա նախատինքին։ Ի՞նչպես չեք պատկառում Ալիշանի Նվագներից, ի՞նչպես չեք քաշվում Գամառ Քաթիպայի ազատ երգերից, ի՞նչպես չեք ամաչում Պեշիկթաշլյանի աղու մրմունջներից, Շահազիզի ու Դուրյանի գործերից։ Գուցե նոր բանաստեղծներն են այդպիսի հրեշավոր երգեր երգել, ցույց տվեք տեսնենք ով է նա։ Մի՞թե մեր միակ դրամատուրգ Սունդուկյանցը միմիայն նրա համար է Պեպո գրել, և միմիայն Զիմզիմովի վատ տիպն է դուրս բերել, որ հային խայտառակի աշխարհքի առաջ. թե՞ Պեպոն ու մյուս լավ տիպերը հայ չեն։ Իսկ մեր վիպասաններից արդյոք Րաֆֆի՞ն է այդպես վարվել իր Խենթի, Ջալալեդդինի, Խամսայի Մելիքությունների, Սամվելի, Կայծերի, մինչև անգամ Խաչագողի հիշատակարանի մեջ. Ծերե՞նցը՝ իր Թորոս Լևոնի, Երկունքի, Թեոդորոս Ռշտունու, Պռոշյա՞նցը՝ իր Սոս ու Վարդիթերի, Կռվածաղկի, և մյուս գործերի մեջ, Աղայա՞նցը՝ իր վեպերի ու բանաստեղծությունների մեջ, կամ նորերից Շիրվանզադե՞ն, Մուրացա՞նը, Փափազյա՞նը։ Միթե սրանք հիրավի իրանց գրվածքներով վնասել են ժողովրդի զարգացման գործին ու հուսահատեցրել են։

Դուք գրողներին զրպարտելուց ու նախատելուց հետո հարցնում եք. Ո՞րտեղ, ո՞ր ժողովրդի մեջ կգտնեք, որ տգետ մարդը, իր մանկությունը զրկանքով, օրերը նեղությամբ և ծայրահեղ խնայողությամբ անցակցնելուց հետո, խնայած կարողությունը զոհե, նվիրաբերե ուսման գործին, ուրիշների զավակների կրթության գործին։ Գտնում եք, որ այդ «գեղեցիկ և բարձր հատկություն է», որ «կարելի է որոնել և գտնել միմիայն մեծ և բարձր դրության հասած ազգերի մեջ»։ Գրողներին առաջարկում եք փառաբանել այդ առաքինությունները, նախատում եք, որ նրանք անտես են անում հայի այդ բարձր կողմը, և հենց դրանով էլ ապացուցանում եք, որ ոչ մի նմանություն չկա և ոչ մի հաշտություն չի կարող լինել ձեր և գրողների մեջ, որոնք, հիրավի, մեծ մասամբ զուրկ են դիպլոմներից, բայց ի ծնե կոչված են գործերի ներքին իմաստը թափանցելու, սրտերի գաղտնիքը կարդալու և այնտեղից խոսելու ժողովրդի հետ։

Գրողի բողոքը

(Նամակ խմբագրության)

Պարոն Գ. Մելիք-Կարագյոզյանն իր «Իմ պատասխանը Մշակի խմբագրությանը» վերնագրով հոդվածում (Տարազ, №8) ի միջի այլոց «Մշակի» խմբագրությանն ասում է․ «Դուք չե՞ք, որ խեղդել եք ամեն մի նոր (և թե հին) գրական ուժ, եթե այդ ուժը հանդգնում Է չհավատալ, որ «Մշակն» է որ կա. դուք չե՞ք, որ տիրելով մամուլին, ոչնչացրել եք քննադատություն, նոր միտք և գրագետների մի ամբողջ սերունդ։

Եթե ձեզ թվում են մեր գանգատները անտեղի, ցույց տվեք գրական ուժեր, որ երևան է հանել «Մշակը» (Ահարոնյանը գուցե միակ)…»։

Ես բողոքում եմ պ. Մելիք-Կարագյոզյանի այս խոսքերի դեմ։ «Գազեթը» երբեք չի կարող գրողների սերունդ ոչնչացնել, ինչպես և չի կարող առաջացնել։ Գրողն ու գրականությունն այնպիսի չնչին երևույթներ չեն, որոնց վրա լրագիրն ունենա ճակատագրական ազդեցություն։

Մի ժամանակ մեր մեջ այդպես էին կարծում։ Մեր խմբագիրներն էլ հրապարակավ պնդում էին, թե իրանք են ստեղծել այս կամ այն գրողին, ինչո՞ւ—որովհետև աշխատակցել է իրանց։ Գրողներին նրանք համարում էին իրանց զինվորներ—իրանց պստլիկ դրոշակի տակ, և եթե մի գրող հեռանար նրանց թերթից, համարվում էր րենեգատ, դավաճան, փախստական, ենթարկվում էր անվերջ հալածանքի ու հայհոյանքի։

Անվերադառնալի անցան այդ ժամանակները։ Գրողին առաջ բերող ու խեղդող հանգամանքների մեջ «գազեթը» մի շատ ողորմելի բան է։ Իսկական գրողն արհամարհանքով կանցնի դրանք մոտից, և ի՞նչ ունի դրանց հետ։

Սխալ է, զուր պատիվ է, որ անում է պ․ Մելիք-Կարագյոզյանը «Մշակին» հավատացնելով, որ նա խեղդել է կամ առաջ է բերել գրողներ։ Եթե նա խեղդելու ուժ ունենար, մեզանում գրողներ չէին լինիլ, իսկ եթե առաջ բերելու կարողություն ունենար—մեր գրողները բոլորովին ուրիշ մարդիկ կլինեին, մարդիկ, որոնց անունները իրանք էլ են մոռացել։

Ինչ վերաբերում է պ. Ահարոնյանին, ես չգիտեմ նրա գրական ծննդաբանությունը, բայց դարձյալ նույն օրենքով ես նրան էլ չեմ համարում «Մշակի» ծնունդ։

Նույն շարքից