Իրավական 

Հայաստանը շարունակում է մնալ թրաֆիքինգի ծագման երկիր

analitik.am

Հայաստանը շարունակում է մնալ թրաֆիքինգի առումով ծագման երկիր: Քաղաքացիների սեռական շահագործման առումով նպատակակետ երկիր շարունակում են մնալ Թուրքիան և Արաբական միացյալ էմիրությունները, իսկ աշխատանքային շահագործման առումով` Ռուսաստանի Դաշնությունը: Առկա են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր:



Այս մասին այսօր թրաֆիքինգի դեմ պայքարին նվիրված միջազգային կառույցների հետ համատեղ քննարկման հայտարարեց ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոբերտ Գրիգորյանը՝ նշելով, որ աշխարհի գրեթե բոլոր երկրները տուժում են կա՛մ որպես ծագման, կա՛մ տարանցման, կա՛մ որպես նպաստավոր երկիր:



«Վերջին շրջանում առկա են նաև Հայաստանը որպես նպատակակետ երկիր օգտագործելու եզակի դեպքեր»,-ասաց նա՝ որպես ամենաարտառոց դեպքերից մեկը որակելով Չինաստանի քաղաքացիներին Հայաստանում սեռական շահագործման ենթարկելու դեպքը:



Այս գործը դեռ նախաքննության փուլում է, սակայն ոստիկանության ներկայացուցիչը մանրամասնեց, որ չին կանայք Հայաստանում սեռական շահագործման են ենթարկվել մերսման սրահում աշխատելու անվան տակ:



ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2011 թ. հայտնաբերված տուժողների 53 տոկոսը ներգրավված է եղել սեռական շահագործման մեջ, 40 տոկոսը՝ հարկադիր աշխատանքում` տաժանակիր պայմաններում շահագործում` գյուղատնտեսության, այգեգործության, շինարարության, մանածագործության մեջ, հասարակական սննդի հաստատություններում և ռեստորաններում:



Վերջին շրջանում, սակայն, բացահայտվել են շահագործման այնպիսի ձևեր, ինչպիսիք են հարկադիր ամուսնությունը, օրգանների հեռացումը, երեխաների ապօրինի որդեգրումը:



ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն էլ հայտարարեց, որ թրաֆիքինգն այսօր ամենածանր հանցագործություն է և դարձել է համաշխարհային հանցագործ ձեռնարկություն, որը տարեկան ստեղծում է միլիարդավոր դոլարների հսկայական ապօրինի շահույթ:



«Եվ Հայաստանի կառավարությունը միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մեծ գործ է կատարել՝ պայքարելով թրաֆիքինգի դեմ և՛ դեպի Հայաստան, և՛ Հայաստանից դուրս»,- Բրեդլի Բուզետոյի կարծիքով՝ «սա Հայաստանի հաջողության պատմությունն է»:



Հավելվեց, որ ողջ աշխարհով մեկ անխնա այսօր շահագործվում են  միլիոնավոր խոցելի կանայք, երեխաներ և տղամարդիկ:

 

ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման` թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը շնորհակալություն հայտնեց Երևանում ՄԱԿ-ի գրասենյակին՝ օգնության և օժանդակության համար:



Նա հավելեց, որ Դոհայում ապրիլի 12-19-ը կայանալիք Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության  ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացված է լինելու ԱԳՆ և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներով:



Ներկայացվեց ուշագրավ վիճակագրություն ՄԱԿ-ից. հայտնաբերված տուժածների շրջանում աճում է երեխաների քանակը, ամեն 3-ից 1-ը երեխա է, նրանց մեծ մասն` աղջիկ: Ամբողջ աշխարհում կանայք և աղջիկները կազմում են թրաֆիքինգից տուժածների 70 տոկոսը: 2014 թ. ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հրապարակած Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ համաշխարհային զեկույցի համաձայն` տուժածներ կան 152 ազգությունից, 124 երկրներում:



Թեև 146 երկիր ընդունել են թրաֆիքինգի բոլոր ասպեկտները քրեականացնող օրենսդրություն, 18 երկիր էլ՝ մասնավոր օրենսդրություն, այս ոլորտում անպատժելիությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ . 2010-2012 թթ. տարեկան կտրվածքով ամեն 10 երկրից միայն 4-ում է գրանցվել 10 կամ ավելի դատապարտում, իսկ երկրների 15 տոկոսի մոտ որևէ դատապարտում չի գրանցվել:



Մասնագետները հավելում են, որ մարդկային արարածների թրաֆիքինգը գոյություն է ունեցել դարեր շարունակ, սակայն այսօր դարձել է համաշխարհային հանցագործ ձեռնարկություն, որը տարեկան ստեղծում է միլիարդավոր դոլարների հսկայական ապօրինի շահույթ: Ամբողջ աշխարհով մեկ անխնա այսօր շահագործում են  միլիոնավոր խոցելի կանայք, երեխաներ և տղամարդիկ: Նույնիսկ այսօր շատ դժվար է գնահատել խնդրի ծավալները՝ դրա ծածուկ բնույթի պատճառով:

Նույն շարքից