Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Չարլզ Բուկովսկի

analitik.am

սխտորով լոբի

անչափ կարևոր բան է
կուլ տալ զգացմունքները,
ավելի լավ՝ քան սափրվելը
կամ սխտորով լոբի պատրաստելը:
սա այն փոքրիկ բանն է որ կարող ենք անել
գիտելիքի այս փոքրիկ քաջությունը
իհարկե նաև
խենթություն ու սարսուռ կա
այս գիտակցման մեջ
որ քո մի մասը
որը լարվել է ժամացույցի պես
այլևս երբեք չի լարվի
հենց որ դադարի աշխատել:
բայց հիմա
շապիկիդ տակից շխկշխկոց է լսվում
ու դու գդալով խառնում ես լոբին,
մի սերը մեռավ, մյուսը հեռացավ,
մեկ ուրիշը...
է՛հ, ինչքան լոբի՝ էնքան սեր
հաշվիր ու հաշվիր
տխուր, տխուր
զգացմունքներդ եռում են կրակի վրա,
ներս արա:

ճգնաժամ

չափազանց շատ
չափազանց քիչ
չափազանց գեր
չափազանց նիհար
կամ ոչ ոք:
ծիծաղ կամ
արցունքներ
ատողներ
սիրողներ
օտարականներ որոնց
դեմքերն ասես
սևեռագամի կեռնակ լինեն:
արյան փողոցով
վազող բանակներ
որոնք գինու շշեր են թափահարում
սվինահարում ու բռնաբարում
կույսերին:
կամ մի տարեց՝ էժան սենյակում
Մ. Մոնրոյի լուսանկարի հետ:
էնքան մեծ մենակություն կա էս աշխարհում
որ կարելի է տեսնել ժամացույցի սլաքների
դանդաղ շարժման մեջ:
մարդիկ էնքան հոգնած են
հաշմված
կամ սիրուց կամ սիրո բացակայությունից:
պարզապես մարդիկ բարի չեն միմիանց նկատմամբ:
մեկը մեկին:
հարուստները բարի չեն հարուստների հանդեպ
աղքատները բարի չեն աղքատների հանդեպ:
վախենում ենք:
մեր կրթական համակարգն ասում է մեզ,
որ բոլորս կարող ենք
հաստաքամակ հաղթողներ լինել:
նա մեզ չի զգուշացրել
ողորմելի կյանքի
կամ ինքնասպանությունների մասին:
կամ մի անձին պատող սարսափը
մի վայրում տառապելիս
մեն-մենակ
ոչ հպում
ոչ բառ
միայն՝ ջրել բույսը:
մարդիկ բարի չեն միմիանց հանդեպ:
մարդիկ բարի չեն միմիանց հանդեպ:
մարդիկ բարի չեն միմիանց հանդեպ:
երևի երբեք էլ չեն լինի:
չեմ էլ խնդրում որ լինեն:
բայց մեկ-մեկ մտածում եմ էդ
մասին:
կլինի այն ինչ կլինի
ամպերը կկուտակվեն
մարդասպանը կգլխատի մանկանը
պաղպաղակի կոնը կծելու պես:
չափազանց շատ
չափազանց քիչ
չափազանց գեր
չափազանց նիհար
կամ ոչ ոք:
ավելի շատ ատողներ քան սիրողներ:
մարդիկ բարի չեն միմիանց հանդեպ:
եթե լինեին գուցե
մեր մահերը չլինեին էդքան տխուր:
ես նայում եմ աղջնակներին
ցողուններին
պատահական ծաղիկներին.
ինչ-որ ելք է պետք:
հաստատ մի ելք է պետք
որը մեր մտքով
դեռ չի անցել:
ո՞վ գլխիս մեջ դրեց էս ուղեղը:
այն գոռում է
պահանջում է
այն ասում է՝ դեռ կա փրկություն:
այն չի ուզում ասել
<<ոչ>>:

պոեզիա

էս
ինչքան
շատ
հուսահատություն
դժգոհություն
ու
հիասթափություն
է
պետք
մի
քանի
լավ բանաստեղծություն
գրելու համար:
ամեն
մարդու
համար
չէ
գրելը
կամ
նույնիսկ
գրածը
կարդալը:

ավերակ

Վիլայմ Սարոյանն ասաց. <<Կործանեցի
կյանքս՝ նույն կնկա հետ երկու անգամ
ամուսնանալով>>:
միշտ էլ մի բան կլինի որ
կկործանի մեր կյանքերը,
Վիլյամ,
ամեն ինչ կախված է նրանից
թե ինչը կամ որը մեզ
առաջինը
կգտնի,
մենք միշտ
հասուն ու
պատրաստ ենք
տրվելու:
կործանված կյանքերը
նորմալ են ինչպես
իմաստունների այնպես էլ
մնացածների համար:
միայն երբ
էդ կործանված
կյանքը
մերն է դառնում՝
սկսում ենք
հասկանալ
որ ինքնասպանները
հարբեցողները, գժերը
բանտարկյալները, թմրամոլները
և այլք և այլք
նույնքան հասարակ
մասնիկն են գոյության
որքան թրաշուշանները,
ծիածանը
մրրիկն
ու
լրիվ
դատարկ է
խոհանոցիս
դարակը:
թարգամանությունը՝ Սամվել Մկրտչյանի

Նույն շարքից