Գլխավոր Հարցազրույց Տնտեսություն 

Ես տեղեկություններ ունեմ, որոնք գրեթե անհնար է ապացուցել. Արամ Մանուկյանը՝ ՀԷՑ-ի գաղտնիքների մասին

analitik.am

Մամուլում  հայտնված տեղեկությունների համաձայն մայիսին ՀԷՑ-ում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու: Ի՞նչ է լինելու այդ փոփոխություններից հետո, կարելի է արդյոք հույս ունենալ, որ ոլորտում ի վերջո բարեփոխումներ կլինեն: Այս և ՀԷՑ-ի հետ կապված մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ի լրագրողը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, երբ սկսվեցին խոսակցությունները, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը գնելու է ՀԷՑ-ը, մի տեսակ հույս առաջացավ, որ ընկերությունում ի վերջո ամեն ինչ կկարգավորվի, իսկ երբ գործարքը տեղի ունեցավ, ասպասումներն էլ ավելի մեծացան: Արդեն որոշ ժամանակ անցել է, ի՞նչ եք կարծում հույսերն արդարացել են, թե՞ նույն վիճակն է, որը շատերի բնորոշմամբ «բարդակ» է հիշեցնում:

-Ոչ միայն ՀԷՑ-ում, այլ նաև Հայաստանի էներգետիկ համակարգում խութերը, ստվերը, անորոշություններն ավելի շատ են, քան որոշակիությունը: Նույնիսկ նշված գործարքի մասով ամեն ինչ այդքան պարզ չէ, քանի որ նախ խոսվում էր, որ Սամվել Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը, սակայն հետո պարզվեց, որ 25 տոկոսն է առել և որոշիչ ծրարն իր ձեռքում չէ, այս հարցում անորոշությունը մինչև հիմա կա: Ինչ վերաբերում է հույսներին, ապա մենք տեսանք, որ իշխանությունները տարբեր խոստումներ տվեցին, որոնք վերաբերում էին սուբսիդավորմանը, գները չբարձրացնելուն և այլն, սակայն խոստումները չկատարվեցին: Այդ խոստումները ոչ միայն չկատարվեցին, այլ նաև նոր վարկեր վերցվեցին արդեն ուրիշի սեփականություն համարվող ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար, ինչը հասկանալի չէ: Երբ այս հարցը տվեցի Էներգետիկայի արդեն նախկին նախարար Երվանդ Զախարյանին, նա ասաց, որ դա ՀԷՑ-ի հետ կապ չունի, ավելի ուշ ասաց, որ ՀԷՑ-ի համար է, իսկ այն բանից հետո, երբ ՀԷՑ-ը հայտարարեց, որ այդ փողն իր համար չէ, Զախարյանը նոր հայտարարություն արեց՝ արդեն հերքելով իր իսկ խոսքերը: Կարծում եմ, որ Զախարյանին հանելու պատճառներից մեկն էլ հենց սա է:

Իսկ իրականությունը հետևյալն է՝ պարտեր են վերցնում, որպեսզի փակեն այն պետական հիմնարկների պարտքերը, որոնք պարտք են ՀԷՑ-ին, բայց նշված պարտքերը չեն առաջացել վատ կառավարման, վատ մենեջմենթի պատճառով: Իմիջիայլոց, պարտք  ունեցող հիմնարկներից մեկն էլ ատոմակայանն է, մյուսը Որոտանը և այլն, որոնք երբեք չեն կարող մինուսով աշխատել, ոչ մի ՀԷԿ չի կարող վնասով աշխատել, քանի որ ջուրը պտտվում է, ապրանքի համար գնորդ կա և շահույթ է առաջանում: Տեսեք, թե ինչպես են առաջանում պարտքերը՝ կառավարությունը դիմում է այն կառույցներին, որոնք պլյուսով են աշխատում՝ առաջարկելով փողեր փոխանցել տարբեր հիմնադրամների, Նաիրիտի աշխատողների պարտքերը մարելուն, Վանաձորի քիմպրոմի աշխատողների աշխատավարձերը տալուն, որպեսզի քաղաքական, սոցիալական բունտեր, գործադուլներ չլինեն: Ստացվում է, որ պլյուսով աշխատող հիմնարկներն  իրենց շահույթի հաշվին գումար են փոխանցում այլոց, իսկ իշխանությունները խոստանում են, որ վարկեր կբերեն Հայաստան ու կփոխհատուցեն, այսպես ասած, կորուստը: Սա միշտ է եղել, եղել է նաև գազի համակարգում, որտեղ վերջին 300 միլիոն դոլարի պարտքը նույն պատմությունն ունի: Նույն ՀԷՑ-ին միշտ հրահանգներ է տրվել ֆինանսավորել օպերաներ, գործուղումներ, եկեղեցիների կառուցում և այլն, դա արվում է նաև հիմա: Այստեղ խնդիրը տնտեսական չէ, ուղղակի կառավարությունը քիթը խոթում է սխալ տեղ և հիմնարկները հայտնվում են այս վիճակում: Բացառվում է, որ նույնիսկ գրանցվող կորուստների և այլնի պատռճառով այս հիմնարկները այս աստիճանի մինուսով աշխատեն: Ի՞նչ եք կարծում, ինչու Բիբինին ոչ ոք չհամարձակվեց բան ասել, քանի որ այն, ինչ նա արել էր, արել էր հրահանգով:

Եթե քաղաքական կամք լինի, հոսանքը, ինչպես նաև գազը, հնարավոր է մոտ 30 տոկոսով էժանացնել: Տեսեք՝ հոսանքի մեջ մոտ 40 տոկոսն արտադրվում է գազից, իսկ գազն էժանացել է: Այսպես ասեմ, հոսանքի գինը հանգիստ կարող են 5 դրամով էժանացնել, իսկ գազինը՝ ավելի շատ: Բայց դա տեղիչի ունենում, դեռ մի բան էլ նոր վարկեր են վերցնում: 400 միլիոն դոլար վարկ են վերցրել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքի գիծ կառուցելու համար այն դեպքում, երբ Ալավերդին ունի նման գիծ և երբեք չի աշխատել ամբողջ ծանրաբեռնվածությամբ, ինչո՞ւ են նորը կառուցում, եթե դրա կարիքը չկա: Բայց նրանք նոր վարկ են բերում, որտեղիղ անպայման օգտվելու են: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ միայն այս գործարքը 3,5 դրամով թանկացնելու է հոսանք: Իսկ Հովիկ Աբրահամյանը պարծենում է, թե Հայաստանը Վրաստանի հետ կառուցում է մի գիծ, որը հնարավորություն կտա մեր համակարգը դարձնել ավելի անվտանգ և միջազգային համակարգի մաս: Էս ինչ գյուտ է անում, մենք արդեն այդ համակարգի մեջ ենք:

-Տեսեք, մեզ խոստացան, որ հոսանքի թանկացված մասը սուբսիդավորվելու է, եթե սպառվող հոսանքը չի գերազանցում 250 կվ/ժ-ը: Բայց բոլորին էլ պարզ է, որ հատկապես ձմռան ամիսներին այս շեմը  ավելի շատ  կհաղթահարվեր: Ի՞նչ եք կարծում, նրանք հատուկ հաշվարկ էին կատարել և միտումնավո՞ր էին նման շեմ հաստատել: Ի դեպ, ունեք արդյոք վիճակագրություն, թե սպառողների քանի տոկոսն է օգտվել սրանից:

-Ցավոք, վիճակագրություն չունեմ, սակայն վստահ եմ, որ օգտվողները շատ քիչ են եղել, քանի որ ձմռան ցուրտ ամիսներին նշված շեմը չհաղթահարելը բարդ է: Բացի դրանից, հայտնի չէ, թե ինչ է լինելու օգոստոսի 1-ից հետո: Տեսեք, Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի հոսանքի 1/3 մասը ստանում էինք ատոմակայանից, 1/3-ը՝ ՀԷԿ-երից, 1/3-ը՝ ՋԷԿ-երից: Սա իդեալական համակարգ էր, որը թույլ էր տալիս ապահովել բալանսավորումը: Այսինքն, եթե օղակներից մեկը չի կարողանում ամբողջ ուժով գործել, մյուս օղակներից մեկն օգնության էր հասնում: Նշված օղակներից ամենաթանկ հոսանքն արտադրում են ՋԷԿ-երը՝ մոտ 60 դրամ, իսկ այժմ մեր հոսանքի 42-43 տոկոսը հենց ՋԷԿ-երից ենք ստանում և դա այն դեպքում, որ մեր անկախության շրջանում 10  փոքր ՀԷԿ է ավելացել: Նրանք կարող էին ավելացված ՀԷԿ-երի հաշվին պակասեցնել ՋԷԿ-երից և ատոմակայանից ստացվող հոսանքի ծավալները, սակայն ոչ միայն դա չարվեց, այլ տեղի ունեցավ հակառակը: Անհասկանալի է, թե ինչու են էժան հոսանքն ավելի քիչ արտադրում: Սա իրականում ռազմավարության խնդիր է:

-Վերջին ամիսներին, այսպես ասած, արդեն սովորական բնույթ են կրում այն բողոքները, որ մարդիկ հոսանքի համար անհամեմատ ավելի շատ են վճարում, քան անցած տարի, ի՞նչ է սա նշանակում, թալանը շարունակվո՞ւմ է:

-Ես տեղեկություններ ունեմ, որոնք գրեթե անհհնար է ապացուցել, սակայն որի մասին ցանկանում եմ խոսել: Իրենց հարկավոր էր 2-3 տոկոս խնայողություն ցույց տալ, որպեսզի ապացուցեին, որ ՀԷՑ-ի վաճառքի գործարքն արդյունավետ է, իսկ  2-3 տոկոս խնայողությունը տարեկան կազմում է 15 միլիարդ դրամ: Եթե նրանք ազնիվ են, պետք է սա ազդեցություն ունենար հոսանքի գնի վրա թեկուզ մեկ դրամով էժանանալու տեսքով, ինչը չեղավ: Ես տեղեկություններ ունեմ, որ ոչ թե խնայողությունն է ավելացել, այլ ներքին ցանցերում ավելացել է սպառողների բեռը՝ կորուստը մուծում է սպառողը: Ստացվում է, որ մուծումներն ավելացել են, կորուստները պակասել, բայց արդյունքում սպառողն ավելի շատ է վճարում:

ՀԷՑ-ը 8 հազար խախտող ունի՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով: Նրանց մեծ մասը վարչական ապարատն է՝ 10, 20, 30 հազար դոլար աշխատավարձ ստացող, պետք է այդ օղակում կրճատումներ անել, ոչ թե մեկ-երկու էլեկտրիկ կրճատել:

-Պարոն Մանուկյան, ասում են, որ մայիսին ՀԷՑ-ում փոփոխություններ են լինելու, հնարավո՞ր է, որ վիճակն ամեն դեպքում լավանա և ի՞նչ ազդեցություն կունենա այստեղ Սամվել Կարապետյանի ֆակտորը:

-Չեմ կարծում, թե ինչ-որ բան կփոխվի, իսկ Սամվել Կարապետյանը կարծես թե շատ չի միջամտում ներքին հարցերին, նա շատ ավելի հանգիստ վիճակի կողմնակից է:

-Իսկ ի՞նչ պետք է անենք մենք՝ շարքային սպառողներս, այս վիճակը շտկելու համար:

-Նախ ասեմ, որ այս թանկացումները շղթայական ռեակցիա ունեն, շատ կազմակերպություններ ուղղակի փակվում են, շատ մարդիկ կրկին սկսել են վառելափայտ օգտագործել և այլն, ոմանք էլ հոսանք են գողանում, պայմանավորվածություն են ունենում էլեկտրիկների հետ, քանի որ հակառակ դեպքում շահույթով չեն կարող աշխատել: Ամեն դեպքում սպառումը պակասում է: Ստացվում է հոսանքը թանկացնում են, սպառողները պակասում են և այսպես շարունակ: Անցած տարի ցույց տվեցին, որ հոսանքի սպառումն ավելացել է: Պետք է ասեմ, որ հոսանքի 30 տոկոս ավել սպառումը հանքարդյունաբերության շնորհիվ է, իսկ հիմնական սպառողը՝ քաղաքացին, ավելի ու ավելի քիչ է սպառում: Սա երկար է տևելու  և լինելու է էներգետիկ շոկ, այս առումով մեր հեռանկարը տխուր է:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է անի շարքային քաղաքացին վիճակը շտկելու համար, ապա կրկնում եմ՝ սա տնտեսական խնդիր չէ, խնդիրը քաղաքական է: Պետք է ազատ արձակել էներգետիկ համակարգը: Ազատ շուկան ինքնակառավարվում է, ինքնակարգավորվում է:

Նույն շարքից